
Հունիսի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 57 ահազանգ, հայտնում են ՆԳ նախարարությունից։
Արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 19, քվեարկության գաղտնիության խախտման՝ 15, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու՝ 2, ընտրակաշառք տալու՝ 1 և ընտրատեղամասում սառը զենք կրելու 1 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 14 անձ։
Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 198 տեղեկությունները ստուգման փուլում են։
Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 1650 անձ։
Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 916 անձ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 820 զանգ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 1250 քաղաքացու։




