Ընտրություններ 2026ԿարևորՀասարակություն

Ձայնից մինչև մանդատ․ ինչպես են ընտրական տոկոսները վերածվում խորհրդարանական տեղերի

Լիազորություններն ավարտող խորհրդարանը բաղկացած է 107 պատգամավորից։ 103-ը ընդգրկված է 3 խմբակցություններում, 4 պատգամավոր անկախի կարգավիճակ են ձեռք բերել խորհրդարանական աշխատանքի ընթացքում, չնայած բոլորն ընտրվել են տարբեր կուսակցությունների ցուցակներով, քանի որ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով խորհրդարանը ձևավորվում է բացառապես համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցությունների ցուցակներով։

Նախկին մեծամասնական՝ առանձին գործիչներին ընտրելու համակարգը վաղուց արդեն չի գործում։ Ի՞նչ տեսք կունենա Հայաստանի հաջորդ խորհրդարանը՝ միայն կանխատեսումների հարց չէ։ Այն օրենսդրական չափորոշիչներով բարդ հաշվարկ է, որը շատ դեպքերում անհասկանալի է մնում շարքային ընտրողի համար։

ՀՀ Ընտրական օրենսգիրքը հուշում է, որ Ազգային ժողովի մանդատների նախնական թիվը պետք է լինի 101։ Այսինքն՝ ընտրությունների արդյունքում խորհրդարանը չի կարող ունենալ այսքանից պակաս պատգամավոր, սակայն տարբեր հավասարակշռող մեխանիզմների կիրառման դեպքում այդ թիվը կարող է աճել՝ կառավարող ուժի մեծամասնության կայունության կամ ընդդիմությանը անհրաժեշտ քանակ ապահովելու սահմանադրական պահանջներից ելնելով։

Ահա այս խառը հաշվարկային մեխանիզմի պատճառով է, որ շարքային ընտրողները լավ չեն պատկերացնում թվերի տատանումները, և առաջ է գալիս ձայների «փոշիացման» խոսույթը։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը վստահեցնում է, որ ոչ մի ընտրողի ձայն չի փոշիացվում, առավել ևս՝ խորհրդարան անցնելու շեմը չհաղթահարած ուժերին տրված ձայները չեն բաշխվում շեմը հաղթահարած ուժերի միջև․

«Այս բանաձևի թյուրըմբռնման պատճառով կա այսպիսի միտք, որ կուսակցությունների ձայները, որոնք չեն հաղթահարում արգելապատնեշը, բաժանվում են արգելապատնեշը հաղթահարածների միջև։ Չկա նման բան, և այդ «փոշիացվում է» տերմինը պետք է ուղղակի դուրս հանենք մեր մտածողությունից, որպեսզի դա մեզ չդեմոտիվացնի գնալու քվեարկության։ Արգելապատնեշը չհաղթահարած կուսակցությունների ոչ մի ձայն չի տրվում մեկ ուրիշին։ Ավելին՝ կարող է լինել սցենար, երբ արգելապատնեշը չհաղթահարած կուսակցությունները կամ դաշինքները ևս ստանան մանդատներ։ Օրինակ, եթե ամենամեծ ձայն ստացած ուժը 2/3-ից ավելի մանդատ է ստանում, սակայն նա 2/3-ից պակաս ձայն էր ստացել, ապա այդ 2/3-ից ավել մանդատները մենք բաշխում ենք այն կուսակցություններին և դաշինքներին, որոնք արգելապատնեշ չեն հաղթահարել, բայց 2 տոկոսի արգելքը հաղթահարել են»։

Սովորական դեպքերում Ազգային ժողովն ունի առնվազն 101 մանդատ, որոնք բաշխվում են անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների միջև։ Բայց այդ 101 մանդատներից բացի, ՀՀ ընտրական օրենսգրքով լրացուցիչ առնվազն 4 տեղ է նախատեսված ազգային փոքրամասնությունների՝ եզդի, ռուս, ասորի և քուրդ համայնքների ներկայացուցիչների համար։ Հայաստանի Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ խորհրդարանում պետք է ձևավորվի կայուն մեծամասնություն և ընդդիմության բավարար ներկայացվածություն։ Այս մեխանիզմը կիրառելու դեպքում պատգամավորների ընդհանուր թիվը կարող է ավելանալ։ Դրա հետ է կապված մանդատների վերին շեմի տատանումը։ Ընտրական համակարգերի փորձագետ Տիգրան Մուղնեցյանը բացատրում է, թե ինչ է ենթադրում 100%-անոց համամասնական ընտրակարգը։

«Ինչքան ձայն ստանում են ուժերը, մոտավոր այդքան մանդատ էլ կստանան, տեղեր կստանան խորհրդարանում։ Այսինքն՝ այդ համամասնությամբ։ Ո՞ր դեպքերում է այդ համամասնությունը խախտվում, որովհետև տեսնում ենք՝ ուժ կա, կարող է 30% ձայն ստանա, բայց 50% մանդատ ստանա խորհրդարանում։ Հիմնական տարբերությունը, որ լինում է ձայների և տեղերի, մանդատների այդ համամասնության միջև, դա լինում է հենց անցողիկ շեմի պատճառով, ընտրական բանաձևի պատճառով, շատ վախենալու բառ կա, չէ՞, այն «Դոնթի բանաձևը»։ Ազգային փոքրամասնությունների մանդատները, թե ոնց պետք է բաշխվեն, «Դոնթի բանաձևով» է։ Ազգային ժողովում հանձնաժողովները՝ ովքեր պետք է նախագահ, փոխնախագահ ունենան, նորից «Դոնթի բանաձևով» է որոշվում։ Բայց ձայն և մանդատ, քվե և մանդատ, այդ բաշխումը պարզ համամասնությամբ է»։

Ինչպես են ստացված տոկոսները վերածվում մանդատների՝ բացատրում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը՝ հիշեցնելով, որ նախ՝ խորհրդարան անցնելու համար քաղաքական ուժերին անհրաժեշտ է հաղթահարել սահմանված հստակ շեմը։ Կուսակցությունների դեպքում դա 4 և ավելի տոկոս է, երկու կուսակցությունից բաղկացած դաշինքի համար՝ 8 և ավելի տոկոս, երեք և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների համար՝ առնվազն 10 տոկոս։

«Նախ՝ ԿԸՀ-ն արդյունքները վերջնական ամփոփելուց հետո հաշվում է, թե որ ուժը քանի տոկոս ձայն է ստացել։ Ընդ որում, տոկոսը հաշվելիս հաշվի են առնվում բոլոր «կողմ» քվեարկած քվեաթերթիկները և անճշտությունների չափը։ Անվավեր քվեաթերթիկները հաշվի չեն առնվում։ Մանդատների բաշխման համար արդեն հիմք ենք ընդունում նրանց «կողմ» ստացած ձայները, ոչ թե բոլորի ստացած «կողմ» ձայները, և նվազագույն 101մանդատը բաշխում ենք այս կուսակցությունների և դաշինքների միջև՝ հիմք ընդունելով նրանց ստացած «կողմ» ձայները որպես 100%, ինչպես որ հիմք էինք ընդունել որպես 100% բոլորի ստացած «կողմ» ձայները, երբ հաշվել էինք նրանց տոկոսները արգելապատնեշի համար։ Արգելապատնեշը հաշվարկելուց հետո մնացած «կողմ» ձայներն արդեն դնում ենք մի կողմ, ինչպես անվավեր քվեաթերթիկներն էինք դրել մի կողմ, երբ հաշվել էինք, թե ամեն կուսակցություն որքան ձայն է ստացել»։

Կա օրենսդրական ևս մի քանի կարգավորում։ Եթե որևէ ուժ, օրինակ, ստացել է մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, բայց 52%-ից պակաս, ապա այն ստանում է լրացուցիչ մանդատներ այնքան, մինչև ունենա ոչ պակաս, քան մանդատների 52%-ը։

Մեկ այլ չափորոշիչով գործում է 2/3-ի սահմանափակումը։ Եթե առաջատար ուժը քվեարկությամբ չի հավաքել ձայների 2/3-ից ավելին, սակայն մանդատների բաշխումից հետո կարող է ունենալ խորհրդարանի տեղերի ավելի քան 2/3-ը, ապա գործում է սահմանափակում։ Այդ 2/3-ը գերազանցող մանդատները տրվում են առնվազն 2% քվե ստացած ուժերին։ Բաշխումը կատարվում է հաջորդաբար՝ մեկ առ մեկ, սկսած ամենաշատ ձայներ ստացած ուժից, որպեսզի առաջատարը չունենա սահմանադրական մեծամասնությունից՝ 2/3-ից ավելին։

Շատերը չգիտեն, որ կուսակցությունները պայքարում են ոչ միայն խորհրդարանում տեղեր զբաղեցնելու համար, այլև՝ ընտրողների ձայների քանակից է կախված նաև նրանց պետական ֆինանսավորումն ու ընտրագրավի վերադարձը։ ԿԸՀ քարտուղարի բնութագրմամբ՝ կուսակցությունները նաև «կշռվում» են իրենց ձայների քանակով։

«Եթե կուսակցությունը հաղթահարում է 2%-ը, և դաշինքը՝ 4%-ը, պետությունը նրանց վերադարձնում է իրենց ընտրագրավը։ Է՛լ ավելին՝ այդ կուսակցությունները ստանում են ֆինանսավորում պետությունից առաջիկա հինգ տարիների համար՝ մինչև հաջորդ ԱԺ ընտրությունները։ Եթե, օրինակ, ԱԺ ընտրությունների ժամանակ ինչ-որ կուսակցություններ ուզում են միավորվել, նրանք առաջինը նայում են, թե նախորդ ընտրություններին ինչ ձայն է ստացել այդ կուսակցությունը, ինչ կշիռ ունի, ինչ ընտրազանգված ունի։ Է՛լ ավելի, ԿԸՀ կայքում զետեղված են բոլոր Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները՝ սկսած 2007 թվականից, և ամեն կուսակցության ստացած ձայները։ Երևում է և միշտ մնալու է ԿԸՀ կայքում, և դրանք ունեն քաղաքական ազդեցություն։ Բոլոր ձայները որոշիչ են»։

Ընտրական համակարգերի փորձագետ Տիգրան Մուղնեցյանը նախորդ՝ 2021-ի ընտրությունների օրինակով է բերում, թե ինչ պատկեր էր ստեղծվել այդ ժամանակ՝ բացատրելով, թե ինչու որոշ դեպքերում կուսակցությունները, գիտակցելով, որ չեն հաղթահարի անցողիկ շեմը, միևնույնն է, մասնակցում են ընտրություններին։

«Մենք ունենք 5 կուսակցություն ներկայում, որոնք պետությունից փող են ստանում 2021-ի արդյունքներով։ Եթե 2%-ը դիտարկենք 20 000 ձայն, դա տարեկան 20 միլիոն է։ Այսինքն՝ 5 տարվա համար 100 միլիոն գումար է անում, ինչը ահռելի գումար է։ 50 միլիոնից մինչև մոտ 250 միլիոն՝ տարվա համար։ Դա զգալի գումար է։ Օրենքի հիմնավորումը հետևյալն է, որ դա թուլացնում է կախվածությունը մասնավոր շահերից, բիզնես շահերից, և պետությունը, հանրությունը՝ սա հանրային միջոցներ են, հարկատուների միջոցներ են, հանրության աջակցությունն է կուսակցական համակարգի կայացմանը»։

Օրենսդրական կարգավորումներից է նաև այն, որ խորհրդարանը պետք է բաղկացած լինի նվազագույնը երեք քաղաքական միավորից։ Եթե անցողիկ շեմը հաղթահարել է երկու ուժ, երրորդի տոկոսները, հետևաբար, տեղերը խորհրդարանում ավելանում են անհրաժեշտ քանակով, որպեսզի հնարավոր լինի ձևավորել ԱԺ։ Այդպես է եղել լուծարվող խորհրդարանի դեպքում։

Կարդացեք նաև

Back to top button