ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Թիֆլիս․ մեկ շենք, երեք անկախություն

Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը սկսվում է Թիֆլիսից՝ Վորոնցովի նստավայրից, այժմ երիտասարդության ազգային պալատից։

Հայոց Ազգային խորհուրդը 108 տարի առաջ այս օրը Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունեց հենց Թիֆլիսում։

Անդրկովկասյան սեյմի շենքը, որտեղ տեղի ունեցավ այդ պատմական իրադարձությունը, առանձնահատուկ նշանակություն ունի Հարավային Կովկասի երեք երկրների համար։ 1918 թվականի այդ օրերին Թիֆլիսում մեկը մյուսի հետևից իրենց անկախությունը հռչակեցին Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը։

«Պատմությունը սկսվում է այստեղից»․ այսպես է գրված Թիֆլիսի Վորոնցովի նստավայրում՝ այժմ երիտասարդության ազգային պալատում պահվող 1918 թվականին վերագրվող փաստաթղթերից մեկում։ 

Ավելի քան երկու հարյուր տարվա պատմություն ունեցող այս պալատը գրեթե բոլոր ժամանակներում կարևորագույն գործառույթ է ունեցել։ Երիտասարդության պալատում նշում են՝ շենքը մշտապես նշանակալի հանդիպումների վայր է եղել, ավելի վաղ այն Կովկասի փոխարքա Միխայիլ Վորոնցովի պալատն էր․  

«Այստեղ էր անդրկովկասյան սեյմը, կառավարական շենքը, որտեղ Վրաստանը Հայաստանը և Ադրբեջանը հռչակեցին առաջին հանրապետության անկախությունը, այնուհետև այստեղ է  ընդունվել Վրաստանի Սահմանադրությունը։ Սա կարևորագույն շենք է ոչ միայն վրացիների համար»։

Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողատայում գտնվող այս պատմական շենքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թբիլիսի առաջին պաշտոնական այցի շրջանակներում բացվել է Առաջին հանրապետության 100-ամյակի հուշատախտակ։

«Վրաստանի հայ համայնք»-ն ամեն տարի վիրահայ դպրոցականների այց է կազմակերպում պալատ՝ տեղում ծանոթացնելու Վրաստանի և Հայաստանի անկախության պատմությանը։

Կազմակերպության ներկայացուցիչ Ջանետա Բաղդասարյան ասում է՝ Վրաստանում ապրող հայության համար շենքը երկու նշանակալի ամսաթվով է կարևորվում՝ մայիսի 26՝ Վրաստանի, մայիսի 28 Հայաստանի անկախության օր․

«Մենք՝ Վրաստանի հայերս, այս շենքի հետ կապված նշում ենք երկու կարևոր իրադարձություն․ մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ ծնունդ են առել մեր հարազատ հանրապետությունները։ Վրաստանի հայ քաղաքացիները հպարտությամբ են վերաբերվում այդ իրադարձություններին՝ դրանք հիշելով ու արժևորելով։ Կարծում ենք՝ Անկախության պահպանման գրավականը մեր միասնականությունն է և պետականության արժեքների նկատմամբ հարգանքը»։

Թբիլիսիի Իլիայի պետհամալսարանի «Վրաստանի ժամանակակից պատմությունը» ծրագրի ղեկավար Բեքա Կոբախիձեն Հանրային Ռադիոյի հետ զրույցում ասում է, որ այս շենքից մեզ հասած 1918 թվականից լուսանկարները քիչ են, վճռորոշ իրադարձությունները՝ շատ․ ծանր ժամանակներ էին, բայց նշանակալի՝ առաջին հանրապետության հիմնադրումը, ըստ էության, հիմք դրեց Երկրորդ և Երրորդ հանրապետություններին։

«Գրեթե նույն իրավիճակն է նաև այսօր՝ փոքր երկրներ, նկատի ունեմ հատկապես Հայաստանն ու Վրաստանը, մեծ խաղացողների շահեր, պատերազմ, փակ սահմաններ ու օկուպացիա»։ 

Ասում է վրացի պատմաբանը՝ նշելով, որ կովկասյան տարածաշրջանը զարգացնելու համար պետք է երկրները միասնական գաղափարական տարածքում լինեն, խաղաղության միասնական վճռականությամբ, ինչին ըստ նրա, անկեղծորեն պատրաստ են Վրաստանն ու Հայաստանը։

Կարդացեք նաև

Back to top button