ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մուտքը միայն հավելվածով․ հունիսի 30-ից ՌԴ-ում գործելիք միգրացիոն նոր խստացումներ են գործելու

2026 թ. հունիսի 30-ից ՌԴ մուտք գործող անձինք պարտադիր պետք է ունենան ruID հեռախոսային հավելվածը: Դա նախատեսված էր դեռ 2025 թ․ հունիսի 30-ից, բայց համակարգը խափանվել էր։ Սա բացատրվում էր բազմաթիվ հայտերի միաժամանակյա առկայությամբ: Հավելվածի կիրառումը ՌԴ-ն կամավոր էր դարձրել՝ պարտադիր բաղադրիչը հետաձգելով 1 տարով: Հունիսի 30-ից Ռուսաստան գնացողները երկրի տարածք մուտք գործելուց 72 ժամ առաջ պարտավոր են գրանցվելու այս հավելվածում՝ անկախ այցի նպատակից ու տևողությունից: Իսկ եթե հրատապ դեպք է, ապա կարելի է գրանցվել 4 ժամ առաջ:

ՌԴ միգրացիոն նոր խստացումներն ամփոփում էը։

Համեստ ու աշխատասեր․ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի բնակիչներին այսպես է բնութագրում գյուղի միակ բուժքույրը՝ Սոնա Ղազարյանը։ Ասում է՝ 38 տարի գյուղի բուժքույրն է, անգիր գիտի՝ ով ինչ խնդիր ու հոգս ունի։ Իր տուն մտնողին առանց հյուրասիրության չի ճանապարհում։ Հիմա էլ, սուրճի ու թարմ թխվող հացի բույրը սենյակում տարածելով, շարունակում է գյուղի պատմությունը․

«Ես էլ եմ գնում տները, իրենք էլ են գալիս։ Մենք բոլորին ճանաչում ենք, մամաս էլ շատ լավ բուժքույր է եղել։ Էն ժամանակ ձեռքը դնում էր փորին, ասում էր՝ երեխա են ունենալու, քանի ծնունդ է մամաս ազատել»։

Գյուղում բուժկետ կա, իսկ ամբուլատորիան Սևքարում է։ Գոհ է։ Ասում է՝ ունեն ամեն ինչ ու տեղյակ են, թե ինչ ծրագրեր են իրականացվում իրենց գյուղում։ Հարցին՝ արդյոք շատ են Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողները, արձագանքում է․

«Մեկնողներ կային, բայց էս 16+ ծրագիրը որ բացվեց, հոսքը դադարեց։ Երբ մարդիկ գյուղում աշխատանք ունեն․ պարզ է, որ չեն գնա։ Մեր գյուղում մոտ 51 տուն է կառուցվել, մոտ 5 տուն էլ պետք է կառուցվի»։

Սոնան իր քրոջ ընտանիքի օրինակն է բերում․ արդեն 20 տարի է, որ Ռուսաստանում են ապրում, աշխատում։ Այս օրերին հայրենի գյուղում են, բայց երբ վերադառնան, կրկին փաստաթղթերը կարգավորելու հարցի առաջ են կանգնելու․

«Չի հաջողվում՝ փաստաթղթերի հարցը լուծենք։ Առաջ ավելի հեշտ էր, հիմա ամեն ինչ դժվարացել է։ Տուգանքներն են շատ գրում, մեկ, երկու, երեք՝ ու անձնագիրդ հեչ է լինում։ Մենք էլ ունեցանք նման դեպք, ուղղակի տուգանք մուծեցինք»։

Զրուցակիցս պատմում է, թե ՌԴ գնալիս ինչ փուլերով են անցնում․ «Մենք սահմանից հանձնում ենք , անալիզ ենք հանձնում, ամեն ինչ ստուգում են։ Պայմանները այլ են։ Դրանից հետո անպայման պետք է աշխատանքային թույլտվություն ունենանք»։

2022 թ. ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո ՌԴ-ն խստացնում է միգրացիոն քաղաքականությունը։ «Հայկական Կարիտաս» ՀԿ միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասում է՝ գաղտնիք չէ, որ Հայաստանի միգրացիոն հոսքի 89, իսկ աշխատանքային միգրացիայի մոտ 95 %-ը դեպի Ռուսաստան է: Այդ պատճառով այնտեղ կատարվող յուրաքանչյուր փոփոխություն ուղիղ ազդում է Հայաստանից միգրացիոն հոսքերի վրա․

«2025 թփետրվարի 5-ից Ռուսաստանի Դաշնության ոստիկանությանը տրված է բացարձակ լիազորություն իրենց հայեցողությամբ օտարերկրացուն 48 ժամ կալանավորելու, ստուգելու` արդյոք որևէ խախտում արել է, թե ոչ։ Եթե իրենք ունեն փոքր-ինչ կասկած, ընդամենը կասկած, որ օտարերկրացին կարող է ինչ-որ խախտում է արել, այդ թվում՝ վարչական խախտում, օրինակ` ռեգիստրացիայի ժամկետը 2 օր անցել է, իրենք իրավունք ունեն 48 ժամով կալանավորելու օտարերկրացուն, ստուգելու` արդյոք ինքը այդ խախտումը արել է, թե ոչ, և պարզելու դեպքում նաև իրավունք ունեն արտաքսելու օտարերկրացուն։ Այսինքն` ոստիկանությունը իրավունք ունի առանց դատարանի որոշման, իր իսկ որոշմամբ արտաքսելու օտարերկրացուն Ռուսաստանի Դաշնությունից։ Մենք արդեն ունենք բազմաթիվ դեպքեր, երբ վարչական խախտման համար ոստիկանությունը արտաքսել է»։

2025-ից սահմանապահը կարող է ինքնուրույն որոշել թույլ տալ տվյալ անձին մուտք գործել ՌԴ տարածք, թե ոչ: Ավելացել է ևս մեկ խստացում՝ սահմանապահը կարող է պահանջել և ստուգել հեռախոսը, համակարգիչը․

«Եթե ձեր սոցցանցերում հայտնաբերի Ուկրաինային վերաբերող որևէ գրառում կամ հրապարակում, դա կարող է հիմք ծառայել, որ թույլ չտան հատել ՌԴ սահմանը: Մերժումը կարող է բացատրվել ՌԴ անվտանգության սպառնալիքով, և անժամկետ կարգելվի անձի մուտքը Ռուսաստան»:

Միգրացիոն հարցերի փորձագետն ընդգծում է՝ մետրոյի կայարաններում ևս ոստիկանությունն ունի նման լիազորություն. կարող են կանգնեցնել օտարերկրացուն, ստուգման նպատակով պահանջել հեռախոսը կամ համակարգիչը։ Տաթևիկ Բեժանյանը նշում է, մինչև 2023 թ. վերջը Ռուսաստանի ոստիկանությունը պարբերաբար հրապարակում էր, թե քանի մարդ է երկիր մտել, որն է եղել այցի նպատակը, քանիսն են աշխատանքային կամ քաղիրավական պայմանագիր կնքել, ժամանակավոր կացություն կամ քաղաքացիություն ստացել։ Բայց հիմա նման տվյալներ չեն հրապարակվում։ Առաջիկայում նոր խստացումներ նույնպես սպասվում են։ 2026 թ. հունիսի 30-ից՝ Ռուսաստան մուտք գործելուց 72 ժամ առաջ, օտարերկրացին պարտավոր է գրանցվել ruID հեռախոսային հավելվածում՝ անկախ այցի նպատակից ու տևողությունից: Իսկ եթե հրատապ դեպք է, կարող է գրանցվել 4 ժամ առաջ:

Այցը Տավուշի մարզ կազմակերպվել էր «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ «Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցություն» ծրագրով անցկացված մեդիատուրի շրջանակում։

Կարդացեք նաև

Back to top button