ԿարևորՄիջազգային

Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել

Իսպանիայի Ազգային դատարանը Շակիրայի օգտին որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով երկրի հարկային մարմնին վերադարձնել երգչուհուց գանձված 55 միլիոն եվրոն (48 միլիոն ֆունտ ստեռլինգ, 64 միլիոն դոլար)՝ հավելյալ տոկոսներով։ Դատարանը եզրակացրել է, որ գումարը հավաքագրվել է անօրինական կերպով՝ հարկային վեճի շրջանակում։

Դատարանի որոշմամբ՝ հարկային ծառայությունը չի կարողացել ապացուցել, որ կոլումբիացի երգչուհին 2011 թվականին Իսպանիայում անցկացրել է հարկային ռեզիդենտ ճանաչվելու համար անհրաժեշտ 183 օրը։ Ըստ դատարանի՝ Շակիրան երկրում գտնվել է ընդամենը 163 օր։

Երգչուհին հայտարարությամբ նշել է, որ այս որոշումը վերջ է դնում ութ տարվա պայքարին, որի ընթացքում, իր խոսքով, ենթարկվել է հանրային ճնշման և հեղինակությունը վնասելու փորձերի։ «Երբեք խարդախություն չի եղել»,- ընդգծել է նա։

Իսպանիայի հարկային գործակալությունը հայտարարել է, որ կբողոքարկի որոշումը Գերագույն դատարանում, ու մինչև վերջնական վճիռ որևէ գումար չի վերադարձվի։

Այս գործը վերաբերել է միայն 2011 թվականի հարկային տարվան և չի առնչվում Շակիրայի 2012-2014 թվականների առանձին հարկային գործին, որի շրջանակում նա 2023-ին համաձայնության էր եկել դատախազության հետ՝ վճարելով տուգանք։

Նախորդ շաբաթ հայտարարվել է, որ Շակիրան ելույթ կունենա Մադոննայի և BTS-ի հետ այս ամռանը կայանալիք ՖԻՖԱ-ի տղամարդկանց աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջման ժամանակ։

Այս ամսվա սկզբին երկու միլիոն մարդ մասնակցել էր Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում կայացած Շակիրայի անվճար համերգին։

Կարդացեք նաև

Back to top button