Ընտրություններ 2026ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ՔՊ նախապայմանը, Սփայդերմենը, «ցեխշպրտոցին» և հայկական ավանդույթները․ քարոզարշավ՝ օր 1-ին

ՀՀ–ում  մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, որը տևելու է ուղիղ 29 օր, մինչև հունիսի 5–ը ներառյալ ։ Հունիսի 6–ին լռության օրն է, իսկ  հունիսի 7–ին Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են նախ՝ խորհրդարան, ապա քաղաքացիների քվեով ձևավորված ԱԺ–ն ընտրելու է վարչապետ, որն էլ ձևավորելու է ապագա կառավարությունը։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է հաղթահարել 4 տոկոսի արգելքը։ Դաշինքների համար սահմանված է երեք տարբեր շեմ։ Երկու կուսակցությունից կազմված դաշինքի համար՝ 8 տոկոս, երեք կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 9 տոկոս, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար սահմանվել է 10 տոկոսի անցողիկ շեմ։ Ընտրապայքարի մեջ են 17 կուսակցություն և 2 դաշինք։

Աղ ու հաց, զուռնա–դհոլ, խոստումներ և անգամ «ցեխշպրտոցի»․ քաղաքական ուժերը տարբեր միջոցներ են ընտրել քաղաքացու ուշադրությունը գրավելու համար։ Քարոզարշավի մեկնարկի վայրը նույնպես փորձել են խորհրդանշական դարձնել։ Առաջինը քարոզարշավի մեկնարկը տվեց կառավարող ուժը։

«Քաղաքացիական պայմանագիր»-ն իր քարոզարշավը սկսեց հանրապետության հարավից՝ Սյունիքի մարզից։ Արձակուրդ մեկնած առանցքային նախարարներն ու վարչապետը երկու օր են լինելու այնտեղ։ Հանդիպումների համար աշխատել են ընդգրկել հնարավորինս շատ բնակավայրեր, ակտիվ «լայվ» քարոզարշավ են իրականացնում։ Կրկին ավտոբուսներով են մարզ մեկնել ։ «Քաղաքացիական պայմանագիրը» քարոզարշավի առաջին քայլերն արեց Գորայքում։ Խաղաղությունից մինչև առօրյա աշխատանք՝ այս ամենի մասին խոսելիս կառավարող ուժի առաջնորդն օգտագործեց նախկին կարգախոսի փոփոխված տարբերակը՝ «ապագան այսօր է»։

«Կյանքի հետաքրքիր փոփոխություն է․«ծափ»-ը որպես ժանր դուրս է գալիս, որովհետև մարդկանց մի ձեռքը պարտադիր զբաղված է բջջային հեռախոսով։ Բայց ես առաջարկում եմ քարոզարշավի առաջին օրը գրպանը դրեք բջջայինները և ծափերով ողջունենք իրար։ Այ սա եղավ հայերեն։ Քարոզարշավի առաջին օրն է, ի՞նչ հարցեր բարձրացվեցին։ Առաջինը՝ փողոցները, սուբվենցիոն ծրագրերը, հերթով փողոցները կարվեն։ Հաջորդը կաթի հետ կապված․կառավարությունը առաջիկայում կաթի գնի սուբսիդավորման ծրագիրը կընդունի։ Բայց ես մի պայման ունեմ դրա դիմաց, երկկողմ պայմանավորվածություն է։ Գորայք գյուղում այս պահից սկսած որևէ անձ որևէ խանութում որևէ առևտուր անելիս այդ խանութից առանց ՀԴՄ–ի դուրս չի գալիս։ ՀԴՄ–ն ձեզանից, հարցերի լուծումը՝ մեզանից»։

Երկու քաղաքական ուժ նախընտրեց քարոզարշավը սկսել նպատակակետից՝ ԱԺ–ի մոտակայքից։ Ընտրել էին տարբեր ժամեր։

Խորհրդարանի մոտ առաջինը տեղակայվել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքը։ Ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը ասուլիսում ներկայացրեց հիմնական ասելիքը և հավաստիացրեց, որ ընտրարշավին ակտիվ կմասնակցի նաև  երկքաղաքացիության արգելքի պատճառով ցուցակում չընդգրկված և քրեական գործի շրջանակում տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը։

«Պատմական ունիկալ շրջան է ու պատմական ընտրություն է նրանով, որ հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է քարոզչական պրոցեսներին մասնակցում։ Երբ որ հնարավորություն լիներ, ինքը այստեղ լիներ, դուք կկարողանայիք այդ հարցերը իրեն ուղղել։ Հանրային ելույթները հիմնականում, իհարկե, տնից և տնային կալանքից են լինելու, ցավոք։ Հիմնական հարցն ի՞նչն է արդարություն խոստացած իշխանությունը իր ընդդիմադիրին կալանավորել է։ Մարդ կա՞, որ կասկածում է, որ քաղաքական հոդվածով է կալանավորվել»։

Հակառակ սահմանադրության և օրենքների պահանջին, ընդդիմադիր այս ուժի անդամները շարունակում են պնդել, որ Սամվել Կարապետյանն է իրենց վարչապետի թեկնածուն և այդպես էլ շարունակեցին քարոզն անել Երևանի փողոցներում։

Ավելի ուշ խորհրդարանի մոտ հավաքվեցին նաև «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության անդամները։ ԱԺ-ի դիմաց հանդես գալով մամուլի ասուլիսով՝Արա Պապյանը և նախընտրական ցուցակի առաջին համար Գևորգ Կարապետյանը ներկայացրին իրենց ուղերձը։

Արա Պապյան․«Ազգային ժողովրդավարական բևեռը այն ուժն է, որը չի ստեղծվել ընտրություններից առաջ, զուտ ընտրությունների համար և նպատակ չունի պարզապես խորհրդարանում աթոռներ զբաղեցնելու։ Մենք եղել և մնում ենք գաղափարական կուսակցություն։ Ես ուզում եմ հիշել մեր ընկերներին, որ իրենց պայքարի զոհասեղերյանին դրեցին, անազատության մեջ են, մասնավորապես, վարչապետի թեկնածու Վարուժան Ավետիսյանին և նրա միջոցով բոլորին»։

Գևորգ Կարապետյան․ «Խորհրդարանական ընտրություններին մասնակցելով մենք իրականում շատ լուրջ ասելիքներ ունենք, որ որոշ քաղաքական ուժեր փորձում են դրան լղոզված ձևակերպումներ տալ։ Խոսքը պատերազմի կամ խաղաղության մասին է»։

Այս թեմաներով է առաջիկա օրերին ԱԺԲ–ի հիմնական ասելիքը լինելու «Ապագաղութացում, ինքնիշխանություն, հզորացում» կարգախոսի ներքո։

Գլոբալ, աշխարհաքաղաքական հարցերի շուրջ այլ կարծիք է ընտրողի մոտ փորձելու ձևավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ «Ապահով Հայաստան, հզոր տնտեսություն» կարգախոսքի ներքո Գագիկ Ծառուկյանը խոսում է լոկալ խնդիրներից մինչև գլոբալ հարցեր։

«Վրաստանը քանի տարի առաջ հրաժարվեց Ռուսաստանից, նորից երկու տարի է, որ ուզում է մտնի Ռուսաստան։ Իրենց «Բորժոմին», մանդարինը Եվրոպային պե՞տք էր։ Մենք հազար տարվա պատմություն ունենք Ռուսաստանի հետ, շուկային էլ ենք ծանոթ, մոտ 3 միլիոն հայ բնակվում է Ռուսաստանում, գնում են խոպան, գումարներն ուղարկում են։ Տարեկան 3 միլիարդ դոլար միայն ասենք՝ չիր, գինի, կոնյակ, որ ուղարկում ենք, գումարը գալիս է։ Այսօր մենք պետք է նայենք, որը ձեռնատու է մեր ազգին, մեր երկրին, տնտեսությանը, նա պետք է անենք։ Ես դեմ չեմ՝ Ռուսաստանը բացթողումներ ունի, բայց դա երկկողմանի է։ Պետք է նստեն կլոր սեղանի շուրջ հարցադրումը դնեն, լսեն, ասեն` ոնց կարող է լինի, ոնց պետք է լինի։ Մենք այսօր սովոր ենք, գիտենք ընկերություններ, շրջապատն էլ, շուկան էլ։ Այսօր կարող եմ ասել բարձրաձայն եթե որոշում կայացվեց՝ Ռուսաստանից հրաժարվեցինք, մեկ տարվա ընթացքում լինելու է ոնց որ Արցախը եղավ»։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը քարոզարշավի համար խորհրդանշական վայր էր ընտրել։ Մեկնարկը տրվեց Էջմիածնում՝ երեկոյան հանրահավաքով։ Շրջանառվում է երկու կարգախոս․ «Միասին կարող ենք» և «Դեպի ուժեղ Հայաստան»։ Դաշինքի անդամ Սևակ Խաչատրյանը բացատրում է, թե ինչու են դաշինքում կարևորել Էջմիածինը։

«Ներկա կլինեն «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուները, անդամները և, իհարկե, մեր առաջնորդը` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մենք գիտենք, որ Էջմիածինը ողջ հայության հոգևոր կենտրոնն է, և քարոզարշավը սկսել հենց Էջմիածնից, դա իր մեջ ունի հոգևոր խորհուրդ։ Նաև ունի այն գաղափարները, ինչը մենք որդեգրել ենք դաշինքով և առաջ ենք տանելու։ Այն է` մեր հոգևոր արժեքների պահպանումը և այսօրվա իշխանությունների կողմից այն ամեն ինչը, ինչը որ փորձում են ջնջել, դրանց վերականգնումը»։  

Բոլորից տարբերվող ձևով քարոզարշավի առաջին քայլն արեց «Բոլորին դեմ եմ» ուժը իր ընտրած «Հներին, նորերին՝ բոլորին դեմ եմ» կարգախոսով։ Երևանից ոչ մի տեղ չգնացին, բայց կազմակերպեցին «ցեխշպրտոցի»։

Մասնակցում էր նաև «սփայդերմենը», թեև հայտնի չէ, թե ցուցակում նա որերորդն է։ Թիրախը ընտրապայքարի մեջ մտած բոլոր քաղաքական ուժերի անուններով վահանակն էր, որի ուղղությամբ ցանկացողները ցեխ էին շպրտում։

«Այս միջոցառումը նպատակ է հետապնդում հրավիրելու մարդկանց ուշադրությունը։ Քաղաքական բոլոր ուժերը, ովքեր մասնակցում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նրանք բոլորը մեծ հավանականությամբ լինելու են այն, ինչ եղել են մեր բոլոր տարիների իշխանությունները։ Բևեռացումը թույլ չի տալիս, որ Ազգային ժողովում լինի տարակարծություն։ Պետք է հնարավորություն ունենանք ընտրությունների միջոցով փոփոխելու իշխանություն»։

Քարոզարշավի ընտրված տարբերակի իմաստը բացատրեց «Բոլորին դեմ եմ» ցուցակով առաջադրված իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Ցեխը դա ամենավատ բանը չէ, ինչ իրար վրա շպրտել են։ Մենք քաղաքական սպանություններ ենք անգամ ունեցել, մնացածը էլ չասեմ` ով ինչ է իրար վրա շպրտել, կոմպրոմատներով ու մնացածով։ Սա այն է, ինչ մարդիկ տեսնելու են։ Ձեզ մոտ անպայման գալու են գեղեցիկ հագնված, մազերը ֆենած ու բարձր պաթոսային բաներից են խոսելու, բայց իրականության մեջ սա այն է, ինչ տեղի է ունենում այս ընթացքում ոչ մի բովանդակային քննարկում, ըստ էության, մենք չենք էլ կարողանում տեսնել»։

Քարոզարշավի մեկնարկի համար խորհրդանշական վայր էին ընտրել նաև «Միասնության թևեր» կուսակցության անդամները։ Արման Թաթոյանին վարչապետի թեկնածու առաջադրող քաղաքական ուժը «Արդարությունը գալիս է» կարգախոսով քարոզարշավի առաջին քայլերը արեց Գոշավանք վանական համալիրից։ Ընտրական ցուցակում ընդգրկված Շահեն Հարությունյանը բացատրեց վայրի ընտրությունը։

«Մեր հանդիպման վայրը պատահական չի ընտրվել, այն ինչ–որ իմաստով արտացոլում է մեր պայքարի գաղափարներն ու նպատակները։ Այստեղ` Գոշավանքում, մեզանից դարեր առաջ Մխիթար Գոշը գրում էր պետական մտածողության և իրավական պետության մասին, անգամ այն պայմաններում, երբ հայ ժողովուրդը չուներ սեփական անկախ պետությունը։ Հիմա մենք ապրում ենք անկախության պայմաններում, ունենք մեր անկախ պետությունը, բայց, ցավոք, մեր մեջ պակասում է և բացակայում են գաղափարական այն հիմքերը, որով մենք պիտի կառուցենք մեր իրապես անկախ պետությունը։ Մենք այլևս արդարությունը արժեք չենք համարում և անարդարության հետ ապրում ենք այնքան հաշտ, ասես դա անփոխարինելի իրականություն է։ Մենք օր օրի դառնում ենք ավելի հարմարվող և այդ համընդհանուր խնդրին տալիս ենք այսպես կոչված խելամիտ բացատրություններ և կեղծ իրատեսություն»։

«Ռադիոլուր»–ը ներկայացրեց այն քաղաքական ուժերին, որոնք նախընտրել էին ակտիվ քարոզչությունը։ Մյուս քաղաքական ուժերի օրակարգում ակտիվ հանդիպումներ են նախատեսված առաջիկա օրերին։ Իսկ մինչև այդ նրանց մի մասը նախորդ օրերին ընդունել և հաստատել են նախընտրական ծրագրերն ու քարոզչական քայլերը։  

Back to top button