
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով միջոցառման պատմական նշանակությունը և Հայաստանի դերը եվրոպական գործընթացներում։
Կոշտան շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գագաթնաժողովը Երևանում կազմակերպելու համար, ինչպես նաև ողջունել է մասնակից առաջնորդներին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ առցանց միանալու համար։
Նրա խոսքով՝ գագաթնաժողովը պատմական է, քանի որ առաջին անգամ անցկացվում է Հարավային Կովկասում՝ «Հայաստանին դնելով Եվրոպայի սրտում»։ Նա նաև նշել է, որ միջոցառումը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ, որը կարող է նոր փուլ բացել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության համար։
Կոշտան ընդգծել է, որ տարածաշրջանում զարգացող համագործակցությունը՝ տրանսպորտի, էներգետիկայի, թվային ցանցերի և շուկաների փոխկապակցվածության միջոցով, նպաստում է վստահության ձևավորմանը, տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը։
Եվրամիությունը, ըստ նրա, պատրաստ է դառնալ վստահելի գործընկեր՝ աջակցելով այս գործընթացներին և ապահովելով խաղաղության ամրապնդումը։ Նա նաև կարևորել է Հայաստանի ժողովրդավարության զարգացումը և արտաքին ազդեցությունների ու ապատեղեկատվության դեմ պայքարը։
Գագաթնաժողովի կարևոր առանձնահատկություններից մեկը, Կոշտայի խոսքով, Մարկ Քարնիի մասնակցությունն է, որն առաջին անգամ է ոչ եվրոպացի առաջնորդի ներգրավում այս ձևաչափում։
Նա անդրադարձել է նաև գլոբալ մարտահրավերներին՝ հիշատակելով Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ և հակամարտությունները Մերձավոր Արևելքում՝ ընդգծելով բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունը։ Կոշտան նշել է, որ Եվրոպան պետք է առաջնորդվի միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներով։
Եվրոպական քաղաքական համայնքը, նրա խոսքով, նպատակ ունի ոչ միայն ձևավորել ընդհանուր տեսլական, այլ նաև այն վերածել գործնական քայլերի՝ աջակցելով Ուկրաինային, Մոլդովային և Հայաստանին, ինչպես նաև պայքարելով միջազգային մարտահրավերների դեմ։
Ելույթի ավարտին՝ Կոշտան շնորհակալություն է հայտնել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախաձեռնությունն առաջ մղելու համար՝ մաղթելով արդյունավետ քննարկումներ գագաթնաժողովի մասնակիցներին։




