
Փարիզի ամենաշքեղ հատվածներից մեկում՝ «Ոսկե եռանկյունում», ավելի քան մեկ դար կանգուն է հայկական ներկայության կարևորագույն վկայություններից մեկը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը փաստում է՝ հայերը Եվրոպայի սրտում էին դեռ Ցեղասպանությունից առաջ։
Փարիզի կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերից և հայտնի Շանզելիզե պողոտայից ընդամենը մի քանի քայլ հեռու, «Ոսկե եռանկյունի» (հեղինակավոր թաղամաս) կոչվող տարածքում արդեն 120 տարի հայկական զանգերի ձայնն է հնչում՝ հիշեցնելով, որ հայությունն այստեղ իր ներկայությունն ունեցել է դեռ Ցեղասպանությունից առաջ։
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1904-1906 թվականներին թիֆլիսահայ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի միջոցներով։ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը Հանրային Ռադիոյի հետ զրույցում նշում է․


«Մանթաշևը ժամանելով Փարիզ՝ իմանում է, որ քաղաքում հայկական եկեղեցի չկա (այդ ժամանակ միայն մատուռ կար՝ «Հայոց մատուռը», որտեղ էլ հայերը կատարում էին անհրաժեշտ ծեսերը), ձեռք է բերում վաճառվող այս տարածքը՝ կառուցելու եկեղեցին։ Հետնամասում առաջնորդարանի ադմինիստրատիվ շենքն է։ Փարիզի հայությունը, ի շնորհակալություն այս ամենի, եկեղեցին կոչում է Մանթաշևի հոր՝ Հովհաննես Մկրտչի անունով։ Հայկական եկեղեցին Փարիզի կենտրոնում է, Փարիզի սրտում, տարածքը կոչվում է Փարիզի «Ոսկե եռանկյունի», և մենք ուրախ ենք և հպարտ դրանով»։
Մանթաշևն ընտրել էր ֆրանսիացի ճարտարապետ Ալբեր-Դեզիրե Գիլբերին, որը մինչ այդ արդեն նախագծել էր Աստվածամոր մխիթարության եկեղեցին, նույն փողոցի վրա։
«Ճարտարապետը փորձել է սինթեզել․ կա հայկական և եվրոպական ճարտարապետություն։ Նպատակը հենց դա է եղել, որպեսզի այդ երկու ճարտարապետությունները հնարավորություն ստեղծեն միախառնվել, ինչը հարիր կլինի և Փարիզին, և հայկականությանը, կամ հայկական Փարիզին. Այն, ինչ տեսնում եք այսօր, այսպես է եղել օծման օրվանից, որևէ փոփոխություն չկա։ Եկեղեցին լավ վիճակում է, վնասվածքներ գրեթե չունի»։

Ելիսեյան դաշտերի հարևանությամբ, Փարիզի սրտում գտնվող այս եկեղեցին դարձել է ոչ միայն տեղի հայության, այլև ֆրանսիացիների ու զբոսաշրջիկների համար հայկական մշակույթը ճանաչելու յուրահատուկ վայր։
Ի դեպ, այստեղ են մկրտվել ու պսակադվել ականավոր հայ գործիչներ։ Ֆրանսիահայ շանսոնյեի վերջին հրաժեշտն էլ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում էր։
«Մենք ամեն կերպ փորձում ենք այստեղ ապահովել մշակութային կյանքը։ Հայաստանից Ֆրանսիա ժամանող ստեղծագործողները մեր եկեղեցում ելույթ են ունենում, տեղի հայությունը լսում է հայկական խոսքը, երգը։ Բացի այդ, եկեղեցու հարևանությամբ ամեն տարի հայկական փառատոն է անցկացվում, Ժան Գուժան փողոցը փակվում է, Փարիզից ու ողջ Ֆրանսիայից հայկական ընկերությունները ներկայացնում են հայկական արտադրանքը, ողջ օրը Փարիզի կենտրոնում հայկական երգ ու պար է լինում»։
Ֆրանսիայի հայության կարևորագույն այս եկեղեցին տարեցտարի իր շուրջն է հավաքում համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների։ Տեր Նարեկն ասում է՝ կիրակի օրերին եկեղեցում կանգնելու տեղ գրեթե չի լինում։
«Ամեն կիրակի է այդպես, շատերը գալիս են՝ ապրելով Փարիզից դուրս։ Եկեղեցու հավատացյալների թիվն ավելանում է։ Հայությունը Ֆրանսիայում անաղոթք չի մնում, եկեղեցին հասնում է բոլոր հայկական համայնքներին»։
Ողջ Ֆրանսիայով ցրված հայությունն այսօր ավելի շատ է լսում հոգևոր խոսքը, հավաքվում եկեղեցու շուրջ։ Եկեղեցու հովվի խոսքով՝ սա հույս է, որ հայությունը չի կորցնի լեզուն, մշակույթը։




