ԿարևորՀասարակություն

Անթիլիասի Մայրավանքում մատուցվել է Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված սուրբ պատարագ

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման առիթով, ուրբաթ օրը՝ ապրիլի 24-ի առավոտյան Անթիլիասի Մայրավանքում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, կատարվել է Բարեխոսական կարգ և ծաղկեպսակներ են զետեղվել Սրբոց Նահատակաց հուշարձան-մատուռի առջև, ասված է Մեծին Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած հաղորդագրությունում։

«Արդարև, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ, Կաթողիկոսարանի դիվանապետ Գերաշնորհ Տ. Տաճատ եպիսկոպոս Աշըգյանը մատուցեց Սուրբ Պատարագը։ Ներկա էին Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության նախարար դոկտոր Նորա Պայրագտարյանը, Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սարմեն Բաղդասարյանը, դեսպանատան անձնակազմը, ինչպես նաև լիբանանահայ երեք կուսակցությունների ներկայացուցիչները, նախկին ու ներկա, օտարազգի և հայ նախարարներ ու պատգամավորներ, հայկական կազմակերպությունների, կառույցների, միությունների ու մարմինների ներկայացուցիչներ։

Սուրբ Պատարագից հետո, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո և սկաուտական շարքերի ուղեկցությամբ, ներկաներն ուղղվեցին դեպի Սրբոց Նահատակաց հուշարձան-մատուռ, որտեղ Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ, միաբան հայրերի ու Դպրեվանքի սաների մասնակցությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված Բարեխոսական կարգ, ապա տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում։

Ավարտին Նորին Սրբությունը վեհարանի պատշգամբից իր հայրապետական ու հայրական ողջույնները հղեց Մայրավանքի շրջափակում հավաքված լիբանանահայ սկաուտական խմբերին ու շեփորախմբերին»,- նշված է հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Back to top button