
19-րդ դարում, Եվրոպայում, ապա ցարական Ռուսաստանում լայն տարածում գտան մանկապարտեզները, իսկ դարավերջին մուտք գործեցին նաև Երևան։ Դրանք հիմնականում մասնավոր, վճարովի հաստատություններ էին՝ հասանելի բացառապես ունևոր խավին։



Ինչպես նշում է Երևան քաղաքի պատմության թանգարանի նոր պատմության բաժնի ղեկավար Սուսաննա Հարությունյանը, մանկապարտեզը շատ արագ դարձավ նորաձև, քանի որ այստեղ երեխաները բազմակողմանի դաստիարակություն էին ստանում։ Նրանք սովորում էին երգ, պար, նկարչություն ու օտար լեզուներ, զբաղվում բացօթյա խաղերով, կոփվում էին ֆիզիկապես։
Ուսուցումը երկսեռ էր. տղաներն ու աղջիկները սովորում էին միասին։ Աղջիկները սովորում էին նաև ասեղնագործություն։ Մանկապարտեզն ավարտելուց հետո փոքրիկները քննություն էին հանձնում և կարող էին ընդունվել գիմնազիա։ Ցարական տարիների մանկապարտեզների օրինակով խորհրդային տարիներին ևս բացվեցին այդպիսիք, իսկ հետո նաև՝ մսուրներ և գիշերօթիկներ։




