
Հայ-վրացական պաշտպանական և տարածաշրջանային գործակցությունը՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Թբիլիսի պաշտոնական այցի օրակարգում։ Նախարարը Վրաստան է մեկնել նախօրեին, իսկ այսօր հանդիպել է իր վրացի գործընկեր Իրակլի Չիքովանիի հետ։ Թբիլիսիում նախարարները վերահաստատել են խաղաղության ապահովման և ամրապնդման իրենց պատրաստակամությունը։
Պաշտպանության ոլորտում հայ-վրացական գործակցությունը նոր փուլ է թևակոխում՝ Թբիլիսի-Երևան վերջերս ստորագրված ռազմավարական գործընկերության շրջանակում։ Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն Հայաստանի Հանրային ռադիոյի հետ զրույցում նկատում է․
«Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունները վերջին տարիներին խորացրել են համագործակցությունը․ մենք այլևս ունենք ռազմավարական գործընկերություն, որն իր էական ազդեցությունն ունի հատկապես պաշտպանական ոլորտում։ Այս ամենը կարևոր է նաև մեր տարածաշրջանի խաղաղության համար։ Թբիլիսին պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործում»։
Հնչում են երկու երկրների պետական օրհներգերը: Վրաստանի պաշտպանության նախարարությունում դիմավորման հանդիսավոր արարողությունն է՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այս տարի առաջին պաշտոնական այցով Թբիլիսիում է։
«Մեր փոխայցերն այդ թվում նախարարների մակարդակով ինտենսիվ բնույթ են ստացել․ Վրաստանն ու Հայաստանը խորացնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունն առավել ակտիվորեն»։
Այս այցի ընթացքում երկու երկրների նախարարները և պատվիրակությունները առանձնացրել են պաշտպանական ոլորտի 2026 թվականի երկկողմ գործակցության ուղղությունները, որոնք ավելի բազմազան են, քան նախորդ տարիներին:
Հանդիպման առանցքային թեմաները ևս պաշտպանության բնագավառում գործակցության զարգացումն է, նաև՝ տարածաշրջանային անվտանգությունը։
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության համար և հաստատել Վրաստանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
Քննարկման հիմնական թեմաներից էին տարածաշրջանում անվտանգության միջավայրն ու մարտահրավերները։ Վրաստանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կրկին հայտնել են խաղաղության ապահովման և ամրապնդման իրենց պատրաստակամությունը:
Անվտանգության հարցերով վրացի փորձագետ Վախթանգ Մայիսայան Հանրային Ռադիոյի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարի այցը համարում է ճիշտ ժամանակին՝ նշելով․
«Այս համագործակցությունը կարևոր քայլ է տարածաշրջանային զարգացման ուղղությամբ։ Չնայած մենք գտնվում ենք աշխարհագրորեն բարդ և բազմազան տարածաշրջանում, արդեն կան դրական արդյունքներ Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության շրջանակում։ Այս երկկողմ առաջընթացը նպաստում է տարածաշրջանային գործակցության զարգացմանը։ Կովկասը այսօր ավելի շատ դիտարկվում է ընդհանուր շահերի և զարգացման հեռանկարների համատեքստում։ Այսօրվա նախարարների հանդիպումը այս գործընթացի շարունակությունն է և նպատակ ունի ձևավորել նոր, արդյունավետ տարածաշրջանային համագործակցության մոդելներ»։
Նրա խոսքով՝ Վրաստանն ու Հայաստանը նաև հետաքրքրված են պաշտպանական ոլորտի փորձի փոխանակմամբ։ Հայաստանը, որ արդիականացնում է իր պաշտպանական ոլորտը, կարող է դիտարկել նաև Վրաստանի փորձը, հարևան երկիրը ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան վերազինում է անցել։
Հերթական այցն արձանագրում է, որ Վրաստանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչություններն այսօր երկկողմ և տարածաշրջանային համագործակցության ավելի մեծ ներուժ ունեն, քան երբևէ։




