
Բուլղարիայում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են։ Սա վերջին հինգ տարվա ընթացքում արդեն ութերորդ ընտրությունն է երկրում, ինչը վկայում է շարունակվող քաղաքական ճգնաժամի մասին:
Ընտրությունները հայտարարվել են 2025 թվականի դեկտեմբերի 11-ին Ռոսեն Ժելյազկովի կառավարության հրաժարականից հետո:
Թեև ընտրապայքարին մասնակցում են ավելի քան 20 կուսակցություններ և դաշինքներ, վարչապետի պաշտոնի համար արդեն առանձնացնում են երկու առաջատար թեկնածուների: Ապրիլի 17-ի դրությամբ հրապարակված հարցումների համաձայն՝ առաջատարներն են «Առաջադեմ Բուլղարիա» շարժումը (32.6%), որը հիմնադրվել է մարտի սկզբին նախկին նախագահ Ռումեն Ռադևի կողմից, և նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի «Քաղաքացիները՝ Բուլղարիայի եվրոպական զարգացման համար» (GERB) կուսակցությունը (20.3%):
Ռումեն Ռադևը Բուլղարիայի նախագահ է եղել 2017 թվականի հունվարից մինչև 2026 թվականի հունվարը: Այս տարվա սկզբին նա հրաժարական էր տվել՝ հայտարարելով երկիրը խորը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ցանկության մասին: Նա քննադատել էր բուլղարական քաղաքական վերնախավին՝ «քաղաքացիների շահերը դավաճանելու» համար։
«Մեր նպատակը հստակ է՝ տապալել օլիգարխիան, այնպես անել, որ եվրոպական Բուլղարիայում աղքատ մարդիկ չլինեն», — հայտարարել էր նա իր քարոզարշավի սկզբում։
Ռումեն Ռադևը երբեք հանդես չի եկել Բուլղարիայի՝ Եվրոպական միությունից (ԵՄ) դուրս գալու օգտին։ Թեև հաճախ քննադատում է ԵՄ-ի որոշումները, նրա պաշտոնական դիրքորոշումը մնում է եվրոպամետ: Ընդդիմախոսները հաճախ նրան անվանում են «ռուսամետ»՝ Ուկրաինային զենք մատակարարելու հարցում նրա զգուշավորության պատճառով։
Այս ընտրությունների արդյունքից է կախված, թե արդյոք Բուլղարիան կկարողանա վերջապես ձևավորել կայուն կառավարություն, իրականացնել անհրաժեշտ տնտեսական բարեփոխումներ:




