Էկոսֆերա

Կով կթել, հող մշակել, սմարթֆոնը մոռանալ. էկոկրթության յուրօրինակ ճամբար Հայաստանում. «Էկոսֆերա»

Բնապահպանական հիմնախնդիրների այս դարաշրջանում անչափ կարևոր է բնապահպանական կրթությունը, այն էլ՝ արժեքահեն։ Այս համատեքստում այսօր խոսելու ենք մի գաղափարի մասին, որը մի քանի տարի իրականացվում է Հայաստանում։

Խոսքը ագրոճամբարի մասին է, որտեղ երեխաները ծանոթանում են բնության արժեքներին, ակտիվ մասնակցում գյուղական կյանքին և կտրվում սմարթֆոններից։

Իրական գյուղական կյանքին ու բնությանը շատ մոտ լինելու նպատակով «Ագարակ» ագրոճամբարն այս տարի նույնպես իր դռները կբացի Գեղարքունիքի մարզում՝ Ծափաթաղ և Դարանակ համայնքներում։

«Ագարակ» ագրոճամբարի հիմնադիր, էկոկրթության փորձագետ Վահան Զարոյանի փոխանցմամբ՝ ագրոճամբարի ստեղծման նպատակը եղել է այն, որ քաղաքում ապրող երեխաները կտրվեն հեռախոսից և ծանոթանան գյուղի ապրելակերպին՝ հող մշակեն, կով կթեն, տեսնեն, թե ինչպես է հավաքվում մեղրը, ձիավարեն և այլն։

Դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս են երեխաները հեռախոսները մի կողմ դնում և հող մշակում, բայց, արի ու տես՝ փորձը ցույց է տվել, որ դա անում են հաճույքով։ Զարոյանն ասում է՝ քաղաքում ապրող ծնողներն են շահագրգռված, որպեսզի իրենց երեխաները զգան գյուղի աշխատանքը։ Մարդու և բնության միջև կապը ձևավորվում է հենց այդ տարիքում։

Ճամբարը զուտ տարածք չէ, որտեղ երեխաները ժամանակ են անցկացնում, ստեղծված է կրթական միջավայր, որտեղ նրանք բնությունից գիտելիք են կորզում։ Սա այն եզակի ճամբարային նախագծերից է, որի հիմնաքարն էկոկրթությունն է։

Ճամբարին միանալու ցանկության պարագայում ֆեյսբուքում կարող եք փնտրել «Ագարակ» ագրոճամբարի էջը։ Այն անցկացվելու է 4 հերթափոխով՝ հուլիս-օգոստոս ամիսներին։ Յուրաքանչյուր խմբում մասնակցության տեղերը սահմանափակ են՝ ընդամենը 25 երեխա։ Նախատեսված է 6-17 տարեկանների համար։

Կարդացեք նաև

Back to top button