Տեկտոնիկ քաղաքական տեղաշարժ Եվրոպայում
Հունգարիայում հսկայական քաղաքական փոփոխություն է. Վիկտոր Օրբանի առաջնորդած Fidesz կուսակցությունը նվաստացուցիչ պարտություն է կրել խորհրդարանական ընտրություններում, և 16 տարի վարչապետի պաշտոնում աշխատած Օրբանի դարաշրջանը կավարտվի:
Նա դառնությամբ է խոսել պարտության մասին, սակայն, ինչպես ընդունված է դեմոկրատական երկրներում, շնորհավորել է հաղթողին:
«Ընտրությունների վերջնական արդյունքը պարզ է, այն մեզ մեծ ցավ է պատճառում, բայց ես արդեն շնորհավորել եմ հաղթող կուսակցությանը։ Ես բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում մեր համատեղ ահռելի աշխատանքի համար: Մենք կշարունակենք մեր առաքելությունը, բայց այսուհետև դա կանենք ընդդիմության ճամբարում»,- ասել է Fidesz-ի լիդերը:
Պուտինի և Թրամփի բարեկամը շատ չի վստահել ԵՄ-ին
Օրբանը համարվում է ազգայնական, աջակողմյան, ամբոխավարական քաղաքական լիդեր, նրա սերտ համախոհներն են Ամերիկայի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը:
Նրա վարչապետության օրոք էապես սրվել են Հունգարիայի կապերը Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի հետ:
Այս արդյունքը քիչ հավանական է դիտվել: Այն մեծ նշանակություն ունի ոչ միայն Հունգարիայի, այլև Եվրոպայի, գուցե նաև աշխարհի համար, քանի որ սա աջակիցների մեծ բանակ ունեցող, Եվրոպական միության և ընդհանրապես միջազգային ինտեգրման գաղափարների հանդեպ անվստահություն դրսևորող հայտնի ուժերի շարքում առաջին խոշոր պարտությունն է:
Հաղթողը բարելավելու է կապերը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ
Օրբանը բազմիցս է իր վետոներով խոչընդոտել Եվրամիության գործունեությունը, նա հատկապես կոշտ դիրքորոշում է դրսևորել Ուկրաինային սատարելու հարցում:
Հաղթողը՝ Պետեր Մադյարը, Վիկտոր Օրբանի երբեմնի աջակիցն էր: Նա այժմ ղեկավարում է Tisza կուսակցությունը: Նա ընտրարշավը վարել է կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսով և խոստացել է բարելավել խեղաթյուրված հարաբերությունները Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ:
Եվրոպացի լիդերներն այսօր վաղ առավոտից շնորհավորական ուղերձներով են արձագանքել Մադյարի հաղթանակին:
«Այ հիմա ես հպարտ հունգարացի եմ»
Բուդապեշտում տոնում են Մադյարի հաղթանակը: Բրիտանիայում բնակվող Էդրիեն Ռիքսերը Լոնդոնից հատուկ ժամանել է Բուդապեշտ, որ քվեարկի:
«Շատ երջանիկ եմ, մինչև հիմա չեմ հավատում, հուսով եմ, որ կստանանք ձայների երկու երրորդը, փառք Աստծո, այ հիմա ես հպարտ հունգարացի եմ, վերջապես՝ 16 տարի անց»,- ասել է Ռիքսերը:
Բուդապեշտի բնակիչ Լուկաշ Տոտ. «Ֆանտաստիկ զգացողություն է, վերջապես ազատվեցինք այս մաֆիական պետությունից, հիրավի չեմ կարող նկարագրել ապրումներս»:
«Աստված պահապան Հունգարիային»
Դիմելով աջակիցներին, Պետեր Մադյարն ասել է, թե սա շատ մեծ հաղթանակ է, որը ձեռք է բերվել բոլոր համախոհների միացյալ ջանքերով:
«Մենք այսօր միասին ազատել ենք Հունգարիան Օրբանից: Այս հաղթանակը չէր լինի առանց ձեր աջակցության: Ես ամբողջ ուժով ու նվիրումով կծառայեմ հայրենիքին: Աստված պահապան Հունգարիային, Աստված պահապան յուրաքանչյուր հունգարացուն»,- ասել է Մադյարը:
Վիկտոր Օրբանի խայտառակ հակահայկական արարքը
Օրբանի անունը կապվում է նաև հայերիս համար չափազանց տհաճ ու տխուր իրողության հետ:
Հենց նա է հավանություն տվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով դաժանաբար սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու ճղճիմ որոշմանը:
Նրանք մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացներին և բնակվել են Բուդապեշտում սպաների հանրակացարանում:
Հունգարիայում հարյուրավոր մարդիկ ցույցով ու երթով դատապարտել են Օրբանի վճիռը, որով Սաֆարովը վերադարձել է իր երկիր, ներում է ստացել և հերոս հռչակվել:
Այդ տարի Հայաստանը խզել է դիվանագիտական կապերը Հունգարիայի հետ: Սակայն 2021-ին Բուդապեշտի միջնորդությամբ հայ գերիներ են վերադարձել տուն, և 2022-ին երկու երկրները դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են:




