
Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որն այս տարի նշվում է ապրիլի 5-ին: Դարերի խորքից եկող արմատներ ունի այս տոնը, ժողովուրդը դրա հետ կապում է բազմաթիվ ծեսեր ու հավատալիքներ, որոնք սկսվում են դեռևս Ավագ շաբաթվանից:
Տոնական նախապատրաստությունները ներառում են մի շարք խորհրդանշական արարողություններ՝ հաց թխելուց մինչև բուրդ գզելը: Յուրահատուկ նշանակություն ունի «Չիքի չորեքշաբթին», երբ մարդիկ, երկու քար իրար քսելով ու «չիք-չիք» ասելով, հավատում էին, որ չքացնում են ամեն տեսակ վնասակար երևույթները:
Ավագ հինգշաբթի օրը ընդունված էր ներկել ընտանիքի անդամների քանակով ձվեր, որոնք, սակայն, ճաշակում էին միայն Զատկի օրը: Հարության տոնի ճոխ սեղանը նշանավորում է Մեծ Պահքի ավարտը. պատրաստվում է ձուկ, չրերով ու չամիչով փլավ, տապակած կանաչի և, իհարկե, կարմիր ներկված ձու:
Այս ամենին զուգահեռ՝ կարևոր է գիտակցել տոնի հոգևոր-կրոնական նշանակությունը: Հարության խորհուրդը հաստատում է հոգու անմահության գաղափարը. այն հիշեցնում է հոգու անմահության, Քրիստոսի երկրորդ գալստյան և Ահեղ դատաստանի մասին:




