Կոմիտասի անվան լարային քառյակը Նորվեգիայում և Դանիայում հանդես է եկել համերգներով
Օսլոյի Հոլոքոստի և կրոնական փոքրամասնությունների ուսումնասիրությունների նորվեգական կենտրոնում նոյեմբերի 20ին տեղի է ունեցել Կոմիտասի անվան լարային քառյակի համերգը, որը նվիրված է եղել քառյակի 90ամյակին և Կոմիտասի 145ամյակին: Համերգը կազմակերպել է Դանիայում ՀՀ դեսպանությունը և Նորվեգիայի Հայ մշակութային միությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ
արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նոյեմբերի 21ին «Կոմիտաս» քառյակը ելույթ է ունեցել Կոպենհագենի «Mogens Dahl» համերգասրահում, իսկ նոյեմբերի 23ին` Դանիայի Գյուլինգ քաղաքի եկեղեցում: Կոպենհագենում համերգային ծրագրի առաջին մասում քառյակի հետ միասին հանդես է եկել Դանիայում հանրաճանաչ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը: Աշխարհում ամենահին
գործող քառյակի տաղանդաշատ երաժիշտները բարձր արվեստով են ներկայացրել Կոմիտասի և համաշխարհային դասականների մի շարք հայտնի ու սիրված ստեղծագործություններ` արժանանալով
ունկնդիրների հիացմունքին: Հոլոքոստի կենտրոնում համերգի ժամանակ ողջույնի խոսքով է հանդես եկել Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով ներկայացնելով Կոմիտաս Վարդապետին ու «Կոմիտաս» քառյակին` նշել է, որ Կոմիտասի երաժշտությունը մարդուն մոտեցնում է Աստծուն, Աստծուն էլ` մարդու հոգուն ու սրտին, իսկ «Կոմիտաս» քառյակը փոխությունների հզոր ուժ է, և նրանց երաժշտությունը տանում է մարդկության վիճահարույց անցյալ և ետ բերում ներկա, ինչպես նաև օգնում է հավատալ ավելի լավ ապագային:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցին` դեսպան Աղաջանյանը նշել է, որ քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի ընդունվել այն իրականացնողների կողմից, կմնա որպես ցավագին հիշեցում: Մենք բոլորս համընդհանուր բարոյական պարտականություն ունենք` հիշելու պատմության սև էջերը, ճանաչելու դրանք և բարձրաձայն գնահատական տալու, թե ինչ է տեղի ունեցել, և ինչ կարող է տեղի ունենալ ճիշտ չգործելու դեպքում, քանի դեռ աշխարհում կա բռնության քաղաքականություն, որը բաց դուռ է հանդիսանում նոր ոճիրների ու ցեղասպանությունների համար: Իր ելույթում Հոլոքոստի կենտրոնի տնօրեն Գուրի Հյելտնեսը նշել է, որ իրենց համար պատիվ է հյուրընկալել «Կոմիտաս» քառյակին, որի հետ ժամանակին հանդես են եկել այնպիսի մեծեր, ինչպիսիք են Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Լեոնիդ Կոգանը և շատ ուրիշ աշխարհահռչակ երաժիշտներ:
Տնօրենը շեշտել է, որ 2006թ. Հոլոքոստի կենտրոնի հիմնադրվելուց հետո իրենց կողմից անցկացված առաջին միջոցառումներից մեկը նվիրված է եղել Հայոց ցեղասպանությանը: