
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է հանրակրթության և կրթության մասին օրենքներում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը, որով կառավարությունն առաջարկում է երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում կատարել երաշխավորված անվճար տասներկուամյա կրթության համակարգին՝ փոփոխության շրջանակի մեջ ներառելով նաև մասնագիտական կրթությունը:
Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ ընդհանուր կամ նախնական արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթությունը դառնում է պարտադիր:
Պետությունն արել է առաջին քայլն ու չի մտածել շարունակության մասին. 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելը ենթադրում է նաև լուրջ ներդրումներ, հատկապես արհեստագործական ուսումնարաններում։ « Կան շենքային շատ լուրջ խնդիրներ. շենքերը քանդված են, գույքը հնացած է, ուսումնական բազաները հին են, չթարմացված: Ստացվում է, մի կողմից ՝ պետությունը երաշխավորում է պարտադիր կրթությունը, մյուս կողմից ՝ չի ապահովում այդ կրթությունը ստանալու հնարավորությունն ու որակը»,- ասում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
Իսկ որ ուսումնարաններն ու քոլեջները պետական հատուկ հոգածության առարակ չեն, տիկին Բախշյանը համոզվել է ՝ հաջորդ տարվա բյուջեի նախագիծն ուսումնասիրելով: «Նախնական մասնագիտական արհեսատգործական կրթության գծով նախատեսվել է 2 մլրդ 876 մլն դրամ, որը 14 թվականի համապատասխան ցուցանիշից ավելի է 0.8 տոկոսով»։
Այդ 0.8 տոկոս աճը չի կարող փոխհատուցել այն կարիքները, որոնք կան կրթության այս ոլորտում: Մինչդեռ ուսումնարանների ու քոլեջների զարգացումը, ըստ Բախշյանի, բխում է հենց մեր տնտեսական շահերից: Հայաստանին այսօր անհրաժեշտ են որակյալ արհեստավորներ, վարպետներ, որոնց պակասն այսօր զգում ու բարձրաձայնում են գործատուները։
Անահիտ Բախշյանը հետաքրքրվել և իմացել է, որ վերելակների վերանորոգման գծով մասնագետ չունենք, բայց ունենք մեծ պահանջարկ: Այդ պահանջարկը բավարարող ուսումնարան կարծես թե չկա:
Հավելեմ, որ Բյուջե 2015-ի նախագիծը ներկայացնելիս կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդհանուր առմամբ նշել էր, որ ոլորտի հատկացումներն ավելացել են բոլոր ուղղություններով, այդ թվում մասնագիտական միջին կրթության: Նախարարը ոլորտի խնդիրներն առանձնապես չառանձնացրեց, սակայն խոսեց ծրագրերից։ Օրինակ՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որը թեև փաստացի մեկնարկել է 2014-ին, բայց առաջին անգամ կարտացոլվի 2015թ. բյուջեի մեջ։ Կհատկացվի 450 մլն դրամ հատկացումով։
Ի դեպ, հաջորդ տարվա բյուջեում էականորեն ավելացել են նաև թեսթավորման ու գնահատման ծառայությունների հատկացումները: Պատճառը միջազգային ստոգատեսն է, որին հաջորդ տրվա ընթացքում պատրաստվում է մասնակից դառնալ նաև Հայաստանը: «2015 թ. տեղի է ունենալու TIMSS միջազգային ստոգատեսը, որին մասնակցելու է նաև Հայաստանը: Դրան կմասնակցեն նաև հայ աշակերտները: Արդյունքներն ամփոփելով ու համադրելով 2016-ին կունենանք ամփոփ տվյալներ, թե ինչպիսիսն է կրթության որակը Հայաստանում միջազգային ստուգատեսի գնահատմամբ»։
Ստուգատեսին մասնակցելու են 4-րդ և 9-րդ դասրանցիները, քննությունը հանձնվելու է մաթեմատիկա և գիտություն առարկանեից. վերջինի մեջ բնագիտական առարկաների բլոկն է։




