
Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` մեկնաբանելով ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը, որով վիճարկվել էր նրա մաքսատուրքային քաղաքականությունը, հայտարարել է, որ ԱՄՆ ներմուծվող բոլոր ապրանքների նկատմամբ սահմանվող նոր՝ 10% մաքսատուրքը ուժի մեջ կմտնի երեք օրից։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է 10% մաքսատուրք սահմանել ԱՄՆ ներմուծվող բոլոր ապրանքների վրա՝ պահպանելով նաև «ազգային անվտանգության» հիմքով կիրառվող սակագները։
Փետրվարի 20-ին ԱՄՆ Գերագույն դատարանը վճռել էր, որ վարչակազմը չարաշահել է իր լիազորությունները՝ այլ երկրների նկատմամբ մաքսատուրքեր կիրառելով «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքի (IEEPA) հիման վրա։ Միևնույն ժամանակ դատարանը չի հստակեցրել՝ պետք է արդյոք վերադարձվեն նախկինում գանձված մաքսատուրքերը։
Ավելի վաղ՝ 2025 թվականի ապրիլի 2-ին, նախագահը հայտարարել էր 185 երկրներից և տարածքներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու մասին։ Հետագայում մի շարք երկրների համար դրույքաչափերը փոփոխվել էին։ Օգոստոսի 29-ին Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանը որոշել էր, որ նախագահը բավարար լիազորություններ չի ունեցել այդ սակագների մի մասը սահմանելու համար, իսկ սեպտեմբերի 4-ին վարչակազմը դիմել էր Գերագույն դատարան՝ որոշումը բեկանելու պահանջով։




