
Արհեստական բանականությունն այլևս պարզապես տեխնոլոգիական նորարարություն չէ։ Այն գլոբալ քաղաքական, տնտեսական և անվտանգային օրակարգի առանցքում է։ Աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարները խոսում են վերահսկողության հրատապ անհրաժեշտության մասին, պետությունները կարգավորման մեխանիզմներ են մշակում, իսկ փորձագետները նախազգուշացնում են՝ ռիսկերը կարող են լինել համակարգային և երկարաժամկետ։
Գերմանական Deutsche Welle-ն անդրադարձել է արհեստական բանականության արագ զարգացմամբ պայմանավորված մարտահրավերներին՝ միջազգային կարգավորումից մինչև ազգային անվտանգության քաղաքականություն։
Հնդկաստանում արհեստական բանականության ազդեցությանը նվիրված միջազգային համաժողովում OpenAI ընկերության գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը հայտարարել է, որ աշխարհը կանգնած է արհեստական բանականության աննախադեպ մարտահրավերների առաջ և պետք է անհապաղ մշակվեն միջազգային վերահսկման մեխանիզմներ։
OpenAI-ի ղեկավարը նշել է․ «Անհրաժեշտ է ստեղծել միջազգային մասնագիտացված մարմին՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության օրինակով։ Աշխարհին կարող է անհրաժեշտ լինել ԱԷՄԳ-ի նման մի կառույց, որը կկարողանա համակարգել պետությունների ջանքերը և արագ արձագանքել նոր ռիսկերին»։
Ալթմանը զգուշացրել է, որ բաց հասանելիությամբ արհեստական բանականության զարգացումը կարող է բերել վտանգավոր հետևանքների։ Նյու Դեյլիում անցկացված արհեստական բանականության ազդեցությանը նվիրված միջազգային համաժողովում OpenAI-ի ղեկավարը նաև շեշտել է։
«Ժողովրդավարացումը մարդկության բարգավաճման լավագույն ճանապարհն է, սակայն այս տեխնոլոգիայի կենտրոնացումը մեկ ընկերության կամ մեկ երկրի ձեռքում կարող է բերել փլուզման»։
Հայ փորձագետները նույնպես կարծում են, որ արհեստական բանականության գլոբալ սպառնալիքները պահանջում են ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական և էթիկական վերահսկման նոր ճարտարապետություն։ Ինչպես ասում են՝ ջինն արդեն շշից դուրս է եկել, նշում է ՏՏ անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը։
«Նույնիսկ եթե այս պահին առկա բոլոր AI-ները փակվեն, ծառայությունները սահմանափակվեն, կիբեռհանցագործները հնարավորություն ունեն լոկալ իրենց համակարգչում գործարկել այդպիսի լեզվական մոդելներ և նույն արդյունքը ստանալ։ Այնպես որ, այս ուղղությամբ մտածելու համար մենք արդեն ուշացել ենք և պետք է ավելի շատ մտածել մեկ այլ ուղղությամբ՝ ինչպես պաշտպանվել»։
ՏՏ կառավարման մենեջեր Նարեկ Մուրադյանը Հանրային ռադիոյի հետ զրույցում նկատել է, որ արհեստական բանականության ռիսկերն ավելի մեծ են այն դեպքում , երբ գործիքները հայտնվում են ոչ ճիշտ ձեռքերում։
«Այսինքն, այն մարդիկ, մասնագետները, ովքեր պետք է կառավարեն, կարգավորեն ԱԲ-ի շրջանակները՝ գործելու շրջանակները, դա չանեն կամ անեն շատ սխալ ձևով՝ սխալ չափանիշներ, սխալ «ցանկապատեր» տեղադրված, այսպես ասած, իրավիճակում ցանկացած կազմակերպություն խոցելի կլինեն»։
Համաշխարհային մակարդակով արհեստական բանականության գլոբալ ռիսկերին և կարգավորման անհրաժեշտության անդրադառնալը ցույց է տալիս, թե այս տեխնոլոգիան ինչպիսի մեծ պոտենցիալ ունի չարիք գործելու՝ ասում է Արթուր Պապյանը։ Նրա դիտարկմամբ՝ լավ է, որ ոլորտի զարգացմանը զուգահեռ մշակվում և գործի են դրվում վերահսկողական մեխանիզմներ։
«Այսօրվա բոլոր հայտնի խոշոր AI հարթակներում կա գրաքննություն ասածը։ Այսինքն՝ իրենք թույլ չեն տալիս, որ «ֆիշինգ» գեներացնես, կամ՝ վիրուսային «սքրին» գրես, կամ պայթյունային ինչ-որ օգտահաշիվներ գողանալու «սքրին» գրես։ Հնարավորինս նույն Open AI-ի, բոլորի հետևում կանգնած ինժեներական թիմերը այդպիսի հնարավորությունների ճանապարհը փակում են»։
Open AI ընկերության գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը խոստովանել է, որ տեխնոլոգիաները փոխում են աշխատաշուկան, սակայն միաժամանակ ընդգծել․
«Պատմությունը ցույց է տալիս, որ հասարակությունը յուրաքանչյուր անգամ գտնում է աշխատանքի նոր և ավելի լավ ձևեր»։
2025 թվականից Եվրամիությունում ուժի մեջ են մտել արհեստական բանականության կիրառումը կարգավորող խիստ կանոններ, որոնք վտանգի չորս մակարդակով են դասակարգում ԱԲ-ի վրա հիմնված համակարգերը՝ ցածր, միջին, բարձր և անընդունելի:
Վերահսկողության մեխանիզմներն ուժեղացնելու անհրաժեշտության մասին խոսելով՝ լրատվամիջոցները զգուշացնում են նաև հակառակ էֆեկտի մասին։ DW-ն առանձին հոդվածով անդրադարձել է Ռուսաստանում «Կապի մասին» օրենքում արված փոփոխություններին, որոնց համաձայն՝ Ֆեդերալ հետաքննությունների բյուրոն նախագահի որոշմամբ կարող է ամբողջ երկրում դադարեցնել կապի ծառայությունները։ Փորձագետները կարծում են, որ նման «կարգավորումը» ընդլայնում է Ռուսաստանի իշխանությունների՝ առանց այդ էլ լայն հնարավորությունները բնակչության հաղորդակցությունը վերահսկելու առումով։
DW-ն հիշեցնում է. «Ռոսկոմնադզորը նախկինում պաշտոնապես հայտարարել էր, որ սկսել է դանդաղեցնել Telegram-ը և նաև ուժեղացրել է այլ ծառայությունների, այդ թվում՝ YouTube-ի, WhatsApp-ի և տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ DW-ի, արգելափակումը»:
Ըստ պարբերականի՝ Ռուսաստանի իշխանություններն օրինականացնում և ընդլայնում են հանրային տոտալ վերահսկողության մեխանիզմները արտակարգ կամ անկանխատեսելի իրավիճակների համար։




