ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Հավերժ հետախուզվողների ապահով վայրը»․ հետախուզվողների տպավորիչ ցանկը չի նոսրանում

Հայաստանը և Ռուսաստանը հանցավորության դեմ պայքարն իրականացնում են միջազգային, ԱՊՀ և երկկողմ պայմանագրերի, իրավական օգնության և համատեղ միջոցառումների շրջանակում։ Այս ոլորտում գործակցությունը, սակայն, որոշակի մտահոգությունների պատճառ է դառնում։ ՀՀ կողմից հետախուզվող  մի շարք նախկին պաշտոնյաներ տարբեր հանցանքների համար կարելի է ասել ստացել են «հավերժ հետախուզվողի» կարգավիճակ։ Ուշագրավ է, որ մի խումբ նախկին պաշտոնյաների գտնվելու վայրը հայտնի է, բայց ՀՀ իշխանություններին չի հաջողվում նրանց վերադարձնել Հայաստան։ Այս խնդիրներին անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ նաև ռուսական կողմից նման սպասումների համատեքստում։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական անկախ «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիների ձերբակալման կամ արտաքսման հնարավորությունը։  Միաժամանակ, Հայաստանի ԱԺ նախագահը չի կարծում, որ այս հարցում Հայաստանը համարձակ և կտրուկ դիրքորոշում է որդեգրել ՌԴ հետ գործակցության հարցում։ Մյուս կողմից Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից  հետախուզվող շատերը, իր ձևակերպմամբ՝ նախկին քաղաքական գործիչներ, որոնք մեղադրվում են բռնության, սպանությունների, կոռուպցիայի մեջ, այժմ թաքնվում են հենց Ռուսաստանի Դաշնությունում»։

Հայաստանի իրավապահ համակարգից թաքնվող շուրջ մեկ տասնյակ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ռուսաստանում պատսպարվելու ֆոնին Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ պայքարում են կոռուպցիայի, փողերի լվացման, անդրազգային հանցագործությունների դեմ ինչպես երկկողմ պայմանագրերի, այնպես էլ ԱՊՀ  շրջանակում։ Հետախուզվողների ցանկը, սակայն, այդպես էլ չի նոսրանում։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ այդ գործիչներից ոմանք հենց Հայաստանի դեմ «հիբրիդային» պատերազմի մասնակից են։

«Ռուսաստանի հայտարարությունների տոնը տարբեր պաշտոնյաների ոճից, ասելիքներից, հայտարարություններից տեսնում են իրենց անհարգալից վերաբերմունքը մեր նկատմամբ։ Պուտինյան Ռուսաստանում կա որոշում` կազմալուծել մեր պետականությունը։ Կստացվի՞, թե՝ ոչ, ուրիշ խնդիր է։ Ալեն Սիմոնյանը, երբ իրեն հարցեր էին տալիս կապված նրա հետ, որ չեն համընկնում, ասենք, Ռուսաստանի և Հայաստանի շահերը, ինքը ասաց` մեր դիրքորոշումը շատ հստակ է այնտեղ, որտեղ համընկնում են շահերը՝ համագործակցում ենք, բայց այնտեղ, որտեղ չեն համընկնում, մենք շարժվում ենք Հայաստանի շահերով։ Միանշանակ ճիշտ պատասխան է, կոռեկտ»։

Եթե փորձենք վերհիշել, թե Հայաստանի դատախազությունը ո՞ր նախկին պաշտոնյաներին է որոնում, որոնց գտնվելու ենթադրյալ վայրը ՌԴ-ն է, ապա ստացվում է հետևյալ պատկերը։ Մի խումբ անձինք անցնում են «Մարտի 1»–ի վերաբացված գործով։ Նրանց թվում են պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։ 2025–ի վերջին Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաստատում էր․

«Գևորգ Կոստանյանը և քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ապացույցների կեղծման և գործի քննությունն, ըստ էության, խեղաթյուրելու դրվագներով։ Դրանք բուն «Մարտի 1, 2» գործողությունների հետ փոխկապակցված չեն, փոխկապակցված են հետագայում կատարված դիրքային չարաշահումների հետ։ Երկու անձի մասով էլ․ մեր ունեցած տվյալներով՝ այդ անձինք գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Ռուսաստանի Դաշնության հետ մենք աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում։ Այս պահին դա «Քիշնևի կոնվենցիան» է, բայց այս պահին չունենք ռուսական կողմից համաձայնություն այս անձանց արտահանձնելու, թեև նշեմ, որ դատախազությունը կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն` խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը»։

Ի դեպ, նախկին գլխավոր դատախազը առանձնապես չի էլ փորձել թաքցնել իր գտնվելու վայրը։ Նա հրապարակավ հայտնել էր, որ դասավանդում է Ռուսաստանի Գլխավոր դատախազության համալսարանում։

Քրեական տարբեր գործերով մեղադրվողներին արտահանձնելու մերժումների մի մասն էլ հիմնավորվում է նրանց՝ ՌԴ քաղաքացի լինելով, ինչպես, օրինակ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեպքում։ Նա 2002-ից ռուսական անձնագիր ունի: «Բնականաբար, ՌԴ-ն իր քաղաքացիներին չի հանձնում»,- հստակեցրել է Վարդապետյանը։

Աղմկահարույց բոլոր գործերի մասով իշխանության տարակուսանքը ձևակերպում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․

«Դա ի՞նչ նոր տենդենց է, ով ինչ քրեական հանցագործություն է անում, սկսում է քաղաքականությամբ զբաղվել, որ ասի՝ քաղաքական հետապնդում է»։

Հետախուզվող նախկին պաշտոնյաների շարքում են  անկախ Հայաստանի պատմության մեջ ենթադրյալ ամենախոշոր կաշառքի գործով մեղադրվող քաղաքաշինության և բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։ Ցանկը ամբողջական չէ։


Հայաստանում էլ կան անձինք, որոնք չեն ազատազրկվում ու չեն հանձնվում ռուսական կողմին՝ չնայած վերջինի ակնկալիքին ու պահանջին․այս առումով թե հայաստանյան, թե ռուսական դաշտում տարբեր փորձագետներ խոսում են քաղաքական հետապնդման ենթարկվելու ենթադրյալ ռիսկերի մասին։ Ռուս-ուկրաինական պատերազմի բերումով էլ իրավական մի շարք թնջուկներ առաջացան հենց հայ-ռուսական հարաբերություններում․հայտնի օրինակը՝ ՌԴ-ն ակնկալում էր, որ Հայաստանը կարտահանձնի հայ-վրացական սահմանին ձերբակալված որոնվող անձին, որին ՌԴ-ն մեղադրում էր Ուկրաինայի կողմից իր դեմ վարձկանության մեջ։ Իրականում դա տեղի չունեցավ, քանի որ վարձկանության հոդվածը ՌԴ-ն մեկնաբանում էր այլ կերպ, քան միջազգային իրավական մարմինները։

Վերադառնալով բուն թեմային․ հայաստանյան արդարադատությունից թաքնվողներին  պահելու ռուսական կողմի դիրքորոշումը ժամանակին ոչ բարեկամական քայլ չէր գնահատում և հայ–ռուսական հարաբերությունների հետ չէր կապում ՌԴ–ում նախկին դեսպան Վարդան Տողանյանը։ Այն ժամանակ, երբ ՌԴ-ն մերժում էր Հայաստանի դատախազության միջնորդությունները, նախկին դեսպանը բացատրություն էր գտնում․

«Մեր իրավապահ մարմինների՝ դատախազությունների, քննչական ծառայությունների համագործակցության արդյունքում նման տասնյակ, հարյուրավոր դեպքեր են լինում։ Ուղղակի լինում են քաղաքացիներ, որոնք քիչ հայտնի են, մենք, դուք չեք իմանում։ Ես չէի քաղաքականացնի դա»։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (Transparency International) կազմակերպության Կոռուպցիայի ընկալման վերջին ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 63-րդ տեղը 180 երկրների շարքում։ 100 միավորանոց սանդղակում Հայաստանը ստացել է 49 միավոր, ինչը փոքր-ինչ բարելավում է նախորդ տարիների համեմատ, սակայն ցույց է տալիս կոռուպցիոն ռիսկերի առկայություն պետական հատվածում։

Կարդացեք նաև

Back to top button