ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«ՔՊ» կուսակցության համար այս պահին մրցակից քաղաքական ուժ չկա․ Ալեն Սիմոնյան

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի քաղաքական ուժերը հստակեցնում են իրենց ընտրացուցակները, ընտրում են վարչապետի իրենց թեկնածուին և փորձում են հստակեցնել առաջիկա քաղաքական պայքարի պատկերը։

Այս համատեքստում իշխող թիմի ներկայացուցիչները հանդես են եկել մի շարք հայտարարություններով՝ անդրադառնալով թե՛ սպասվող քաղաքական մրցակցությանը, թե՛ ընտրացուցակների ձևավորմանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակով առաջադրվող թեկնածու, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ իրենց կուսակցության համար այս պահին մրցակից քաղաքական ուժ չկա։ Ինչպիսին կարող է լինել ապագա խորհրդարանի քաղաքական պատկերը,

«Պետք է ասեմ, որ էս պահի դրությամբ կոնկրետ մրցակից ակնհայտ չի երևում»։

Այսպես գնահատեց իրավիճակն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե իշխանության համար ո՞ր քաղաքական ուժը կարող է դիտարկվել որպես իրական մրցակից առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Սիմոնյանը կարծում է, որ ներկայիս փուլում ընդդիմադիր դաշտում դեռևս չի ձևավորվել այն ուժը, որը կարող է հստակ ու ամբողջական այլընտրանք դառնալ իշխող քաղաքական ուժին։

«Մենք մշտապես ամենամեծ և ամենաառաջին մրցակիցը ինքներս մեզ ենք համարում, և էն ասելիքը, որը որ մենք պետք է ասենք, որովհետև մեր խոսակցությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ ստացվել է և էդ խոսակցությունը շարունակվում է և շարունակվելու է։ Դրա համար չեմ կարող կենտրոնանալ և կոնկրետ բան ասել»։

ՔՊ կուսակցության ընտրացուցակով առաջադրված Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համար մրցակից կարող են համարվել բոլոր այն քաղաքական ուժերն ու անհատները, որոնք օրենքով սահմանված կարգով կարող են առաջադրվել որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու։ Անձը, որը չի համապատասխանում պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավական պահանջներին, չի կարող առաջադրվել Ազգային ժողովի ընտրություններին։

«Օրինակ մենք չենք կարող ԱՄՆ-ի վարչապետի թեկնածություն դնել, քանի որ չենք ծնվել ԱՄՆ-ում։ Բոլոր այն ուժերը և բոլոր այն անհատները, որոնք կարող են առաջադրվել որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, մեր մրցակիցն են»։

Աժ նախագահը շեշտեց, որ ՔՊ կուսակցության ընտրացուցակը կազմվել է  ոչ թե անձնական համակրանքով, այլ կատարած աշխատանքի հիման վրա։ Ինչ վերաբերում է իր թեկնածությանը, ապա, իր իսկ ձևակերպմամբ՝ ինքը կուսակցության հիմնադիր անդամներից է և Ազգային ժողովի ամենաերկար պաշտոնավարած նախագահը, որի ղեկավարության ընթացքում խորհրդարանը գործել է բարդ ու ճգնաժամային պայմաններում՝ ներքաղաքական լարվածությունից մինչև հանրային ծանր քննարկումներ։

«Կարծում եմ, որ շատ բան եմ արել, որի համար ես շատ ու շատ մարդկանց կողմից գուցե և ընտրվեմ»։

Իշխող ուժի ցուցակից մի շարք գործող պատգամավորներ դուրս են մնացել, այդ թվում՝ Հայկ Սարգսյանը։ Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ հանրությանը չի ներկայացվել, թե ինչ հիմքով որոշ պատգամավորներ չեն ընդգրկվել ցուցակում, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պատասխանեց, որ խոսքը մեկ կամ երկու անձի մասին չէ։ Նրա խոսքով՝ տարբեր պատճառներով ցուցակում չեն հայտնվել մոտ հարյուր կուսակցականներ, բայց նրանք շարունակում են մնալ կուսակցության անդամներ և գործընկերներ։

Պապոյանի գնահատմամբ՝ ցուցակում չընդգրկվելը չի նշանակում քաղաքական գործունեության ավարտ։

«Ես կարծում եմ, որ եթե որևէ անձի, օրինակ, պայմանական խորհրդարանի ցուցակում վարչությունը չի տեսել, դա չի նշանակում, որ որևէ այլ տեղ չի կարող տեսնել; Եվ ես կարծում եմ, որ էս պրոցեսը ինքը նորմալ է, մենք խորհրդարանի ցուցակ ենք կազմում, այսինքն՝ էդ մարդը կարող է համայնքային կամ գործադիր իշխանությունում այլ տեղում շարունակել որևէ աշխատանքով զբաղվել»։

Աստիճանաբար որոշակիանում են տարբեր քաղաքական ուժերի ընտրական ցուցակները՝ վարչապետի իրենց թեկնածուներով։ Վերջին օրերին մի քանի կուսակցություններ հայտարարեցին իրենց թեկնածուների անունները։ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ վարչապետի որոշ թեկնածուներ իրավական տեսանկյունից չեն կարող առաջադրվել, քանի որ Սահմանադրությամբ հստակ պահանջներ կան սահմանված։ Նրա ձևակերպմամբ՝ քաղաքականությունը չպետք է դառնա անձնական խնդիրներից խուսափելու միջոց։

«Ում վրա քրեական գործ են հարուցում, կուսակցություն է ստեղծում, ուզում է գա պառլամենտ, ինչ–որ նոր բան է դառել, նոր մոդա է դառել, որ ում վրա քրեական գործ են հարուցում, պարզվում է` ինքը տենց վաղեմի քաղաքական գործիչ է, բայց, որ հարցազրույցները նայում ես, մի տարի մի ժամ առաջ ասում էին, որ ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեն»։

Փետրվարի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը խորհրդարանում լինելու են «ջախջախիչ փոքրամասնություն»։ Ազգային ժողովի նախագահին հարց ուղղվեց, թե ինչի՞ վրա է հիմնված իշխանության նման վստահությունը և արդյո՞ք կան սոցիոլոգիական հարցումներ; Սիմոնյանի խոսքով՝ իրենց վստահությունը պայմանավորված է քաղաքական իրավիճակի ամբողջական գնահատմամբ։ Նա ընդգծեց , որ իշխանությունը մշտապես կապի մեջ է հասարակության հետ, տիրապետում է թե՛ հանրային տրամադրություններին, թե՛ քննադատություններին, և իր գնահատականները ձևավորում է հենց այդ համատեքստում։

«Տիրապետում ենք իրավիճակին, մենք չենք կտրվել թե՛ ընտրական պրոցեսներից, թե՛ մարդկանցից, և քննադատություններն էլ գիտենք, քննադատություններն էլ ենք լսում, մեր խնդիրներն էլ գիտենք, ուրիշների խնդիրներն էլ գիտենք։ Եկեք սենց պատասխանեմ։ Իրենք էլ են վստահ, որ  ջախջախիչ պարտություն են տարել։ Ես կարծում եմ, որ սա ամենախոսուն պատասխանն է, որը որ կարող էի ասել»։

Ընտրապայքարում մրցակից չտեսնող, ինքն իրեն մրցակից համարող իշխող ուժը վստահ է, որ  հունիսի 7-ից հետո ընդդիմադիր շատ ուժերի քաղաքական պատմությունը կավարտվի։ ՔՊ-ում վստահ են, որ այս ընտրապայքարում էլ կստանան ժողովրդի քվեն։ 

Կարդացեք նաև

Back to top button