ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Տյառնընդառաջի վառվող կրակը Տիրոջ լույսն է

Հայ Առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Տյառնընդառաջի տոնը, որը համարվում է նաև նորապսակների օրհնության օր: Երեկոյան խարույկ են վառում, կատարվում է Անդաստանի կարգ: Մարդիկ այդ խարույկից լույս են տանում տուն, կրակ վառում իրենց բակերում, շուրջպար բռնում ու երգում: Տյառնընդառաջին կամ Տրնդեզին բոված հատիկեղենից հատուկ ուտեսեսներ են պատրաստում: Տոնակատարության ավանդույթների մասին է պատմում Արմավիրի մարզի մեր թղթակից Սաթիկ Իսահակյանը:

Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ: Սուրբ ծննդից 40 օր հետո Աստվածամայրը Մանուկ Հիսուսին ընծայաբերում է տաճարին, որտեղ նրան ընդառաջ է գնում Սիմեոն ծերունին ու գիրկն առնում: Քրիստոնեական այս խորհուրդը նախապատմություն ունի, որը ներկայացնում է Վաղարշապատի պատմա-ազգագրական թանգարանի տնօրեն, հնագետ Անժելա Թադևոսյանը:

«Սիմեոն ծերունին ապրեց 300 տարի: Աստված նրան հրաման էր տվել ապրել այնքան, մինչև տեսնի Փրկչին: Եղիազար մարգարեն նրան խնդրում է թարգմանել հին Ավետարանը: Նա քանի որ չէր հավատում Տիրոջը, թարգմանելիս հասնում է այն հատվածին, որտեղ ասվում է. «Եվ կույսը կհղիանա և կունենա որդի»: Ասում է՝ չեմ հավատում, և այդ ժամանակ հրեշտակներն իրեն ասում են. «Պիտի տեսնես քո աչքով, պիտի ապրես այնքան, մինչև տեսնես: Քեզ մահ չկա»: Այդ ժամանակ մտնում է Երուսաղեմի տաճարն ու տեսնում լույս: Դա Տիրոջ լույսն էր, դա Տերն էր»:



Տիրոջն ընդառաջ գնալու և որպես Տիրոջ լույսը տեսնելու խորհրդանիշ ժողովուրդը կրակ է վառել և ուրախացել: Քրիստոնեական ու ժողովրդական միահյուսված տոնի ավանդույթը չի խախտվել, փետրվարի 13-ի երեկոյան խարույկ են վառում ու տոնախմբություն կազմակերպում: Տյառնընդառաջը Հայ Առաքելական եկեղեցին համարում է նաև նորապսակների օրհնության օր: Ամուսնացողներից շատերն իրենց միությունը հենց այդ օրն են պլանավորում: Նախշուն Նազարեթյանի ընտանիքում Տյառնընդառաջի տոնը միշտ վերածվել է մեծ տոնախմբության: Ծնողները երգել են, շուրջպար բռնել ու խաղիկներ ուղղել նորապսակներին: Նախշունը փոխանցում է նրանցից լսածը:

«Երեկոյան մոմերով երգում էին ու գովերգում հարսին. «Թագվորի մեր դուրս արի, տես, թե ինչեր ենք բերել: Թագվորի մեր դուրս արի, քեզ հաց թխող ենք բերել»: Ինչի համար, որ բերել էին հարսին, ներկայացնում էին երգի տեսքով: Թագվորը փեսան էր, մորը աչքալուսանք են տարել՝ դուրս արի, տես քեզ համար ինչ ենք բերել՝ հաց թխող, ձավար ծեծող, բուրդ գզող, թել մանող, լվացք անող: Ինչ գործ, որ պիտի աներ, նշվում էր երգի միջոցով»:



Ժողովուրդն ասում է՝ երբ Տրնդեզի կրակը վառվում է, հողը տաքանում է, ձմեռն էլ նահանջում է: Տյառնընդառաջի կամ Տրնդեզի տոնին նախընտրելի ուտեստները հիմնականում պատրաստվում են հատիկավոր ընդեղենից՝ ցորեն, եգիպտացորեն, կանեփ, սիսեռ: Բովում են, շաղ տալիս խարույկի վրա ու ակնկալում բերքառատ տարի: Նախշուն Նազարեթյանը նույնպես պատրաստվում է այդ տոնին:

«Տարբեր ուտեստներ են սարքում բոված ու աղացած ցորենից. քաղցր գնդիկներ են անում փողինձից, հետո կաթով խաշիլ են անում: Եգիպտացորենի հատիկները բովում են, խառնում, բոված ցորենին, կարող են շաքարաջրով կամ մեղրաջրով միացնել ու Մասիս սարը սարքել, զարդարել՝ գունավոր կոնֆետներով»:

Տրնդնդեզի ուտեստները պատրաստելիս Նախշունն ու Անահիտն այն երգով են համեմում ու սեր դնում դրա մեջ: Անահիտը նախօրեին եգիպտացորենի հատիկներ էր փքեցնում: Տապակին բուսայուղ շաղ տվեց, քիչ աղ ու սկսեց երգելով բովել:
«Հարսի նման ճերմակ հագար, ծաղկած բալենի, կարծես հույսի ճամփով եկար, իմ հույս բալենի, ինձ առ ճերմակ թևերիդ մեջ, իմ քույր բալենի»:

Երգին զուգահետ ծաղկած բալենու պես փքվում էին եգիպտացորենի հատիկները: Անահիտն ասում է, որ վերջին տարիներին ինքն ու քույրը քիչ են երգում, վիշտ ունեն հոգում, բայց Տյառնընդառաջի տոնը նրանց համար բացառություն էր:

Այսօր երեկոյան Հայ Առաքելական սուրբ եկեղեցում կատարվելու է նախատոնակ, որից հետո կվառվի խարույկ ու կկատարվի Անդաստանի կարգ՝ օրհնելով երկրի չորս կողմերը: Իսկ գյուղերում Տրնդեզի մոխիրը շաղ են տալիս դաշտերի վրա, որ հողը շատ բարիք բերի:

Կարդացեք նաև

Back to top button