Միջազգային

Ռուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային, Դնեպրին և Պավլոգրադին

Ռուսական ուժերը փետրվարի 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Կիևին, Օդեսային, Դնեպրին և Պավլոգրադին՝ օգտագործելով բալիստիկ հրթիռներ և հարձակողական անօդաչու թռչող սարքեր, հայտնել են Ուկրաինայի իշխանությունները։

«Թշնամին բալիստիկ հրթիռներով հարվածում է մայրաքաղաքի ենթակառուցվածքներին», — գիշերը հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Նրա խոսքով՝ հրթիռը հարվածել է Դարնիցկիի շրջանում գտնվող մասնավոր տանը և Գոլոսիևսկի և Դեսնյանսկի շրջաններում գտնվող ոչ բնակելի շենքին։ Հրթիռի բեկորներն ընկել են նաև Դնեպրովսկիի շրջանում գտնվող բնակելի շենքի մոտ։

Կիևի հրետակոծության հետևանքով վիրավորվել է երկու մարդ։ Մեկը հոսպիտալացվել է ծանր վիճակում, իսկ մյուսը՝ տեղում բուժօգնություն է ստացել։

Ավելի ուշ քաղաքապետը հայտնել է, որ գիշերը տեղի ունեցած հարձակման հետևանքով Կիևում ևս մոտ 2600 տուն մնացել է առանց ջեռուցման։ «Հիշեցնեմ, որ Դեսնյանսկի և Դարնիցկի շրջանների ավելի քան 1100 բարձրահարկ շենքեր նույնպես առանց ջեռուցման են մնացել վերջին հրետակոծությունից հետո», — գրել է Կլիչկոն Telegram-ում:

«Դարնիցկիի ՋԷԿ-ին հասցված լուրջ վնասի պատճառով ներկայումս այնտեղ ջեռուցում ապահովելն անհնար է»,- հավելել է նա:

Կարդացեք նաև

Back to top button