ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Արմատական տրանսֆորմացիա  տարածաշրջանում․ ԱՄՆ-ն հաստատվում է Հարավային Կովկասում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան պաշտոնական այցն ավարտվեց, սակայն, տարածաշրջանի այցը դեռ շարունակվում է։ Վենսը Երևանից մեկնեց Բաքու՝ տարածաշրջանային այցի առաջին կանգառում թողնելով նոր ձևավորված սպասելիքներ։ Ըստ վերլուծաբանների և քաղաքական գործիչների՝ դրանք ավելին էին, քան ակնկալվում էր։ Փոխնախագահ Վենսի այցով տարածաշրջանում ձևավորվում է նոր իրողություն կամ արմատական տրանսֆորմացիայի սկիզբ է դրվում։ Բաքու մեկնելուց առաջ ԱՄՆ փոխնախագահը հաստատել է, որ ի թիվս այլ հարցերի այնտեղ քննարկելու է նաև հայ գերիների հարցը։

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երևանյան պաշտոնական այցի երկրորդ օրը սկսեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցով, որտեղ տիկնոջ հետ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ այցի ավարտին Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում գրեց․

«Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն ապագայի, որտեղ  խաղաղություն է և փոխըմբռնում»:

Դեռ նախօրեին ԱՄՆ փոխնախագահը, բացի քաղաքական ու տնտեսական ուղերձներից, Հայաստանի վարչապետի հետ ասուլիսում չթաքցրեց ցանկությունը՝ Բաքու գնալուց առաջ ավելի շատ բան տեսնել Երևանում։

«Սա աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրն է, քրիստոնեական քաղաքակրթության և մշակույթի իսկական հիմքը։ Եվ որպես քրիստոնյա, ես գիտեմ այս երկրի նշանակությունն ամբողջ աշխարհի և այն կրոնի համար, որը մենք՝ վարչապետը և ես, կիսում ենք»։  

Այցը՝ արդյունավետ, արդյունքները՝ տպավորիչ․ հանրային–քաղաքական դաշտում փոխնախագահ Վենսի այցն այս գնահատականով է ամփոփվում։ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ՝ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները «միս ու արյուն» են ստանում ։

«Լուրջ պրոցեսներ են գնում, դրական։ Հայ–ամերիկյան հարաբերությունները իրոք տեղափոխվում են ռազմավարական համագործակցության դաշտ, և այն ծրագրերը, որոնք ստորագրվել են անցած տարվա օգոստոսի 8-ին, հիմա «միս ու արյուն» են ստանում։ Երկրորդը՝ իրոք Հարավային Կովկաս Միացյալ Նահանգները մտան ակտիվ կառուցողական ծրագրերով ու ջարդում են մենաշնորհը Ռուսաստանի մեր տարածաշրջանում։ Ռուսաստանը այլևս կորցնում է Հարավային Կովկասը որպես իր ազդեցության գոտի»։  

Վերլուծաբանները և քաղաքական գործիչները կարևորում և եզակի հնարավորություն են համարում այն, որ Միացյալ Նահանգները համաձայնել է Հայաստանին տրամադրել իր տեխնոլոգիաները արհեստական բանականության, կիսահաղորդիչների, միջուկային էներգիայի, բարձր տեխնոլոգիաների և ռազմական ոլորտներում։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը փոխնախագահ Վենսի երևանյան խոսքից առանձնացնում է հատկապես Միացյալ Նահանգների նախագահի ուղերձը․

«Շատ կարևոր բան ասաց պարոն Վենսը, որ նախագահ Թրամփը հասկանում է՝  ամենալավ ձևը խաղաղությունը ապահովելու, դա գործընկերներին տալ ամենաբարձր ռազմական հնարավորություն և տեխնոլոգիաներ։ Իրոք, եթե դու պաշտպանողական հնարավորությունն ուժեղացնում ես, ունես, ուրեմն քո վրա չեն հարձակվի, ուրեմն ամենալավ ճանապարհը խաղաղության հենց դա է։ Ես հատուկ դա ուզում եմ նշել, որ ինքը ասաց այդ խոսքերը, դա իմ մեկնաբանությունը չէ»։      

Տարածաշրջանում տեղի է ունենում արմատական տրանսֆորմացիա, որով հեռանկարներ են բացվում Հայաստանի համար՝ կարծում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքով՝  հնարավորությունները ստեղծվել են մի կողմից Հայաստանի և Միացյալ Նահանգների շահերի համընկման,  մյուս կողմից՝ հետևողական աշխատանքի շնորհիվ։

«Ընդհանրապես, ներկայիս աշխարհում ամենակարևոր ռեսուրսներից մեկը դարձել են հենց տեխնոլոգիաները։ Եթե նայեք` ինչ է կատարվում աշխարհում, պետությունները փորձում են հնարավորինս շատ արագ ունենալ այն նորագույն տեխնոլոգիաները, որը տնտեսության շարժիչ ուժն է դարձել և այս համատեքստում շատ կարևոր է և արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում, որ մենք, ըստ էության, աշխարհի առաջին գծում ենք հայտնվել։ Եթե Հայաստանը իր տեղը զբաղեցնի հենց այդդ շղթայի մեջ, դա հավելյալ անվտանգային երաշխիք կստեղծի Հայաստանի համար։ Դա ամեն երկիր իրեն թույլ չի կարող տալ ունենալ, և մենք այդ հնարավորությունը ունենք, որովհետև մենք առաջ ենք գնացել մեր խաղաղության օրակարգով, որովհետև Հայաստանը վերջին տարիներին իրեն դիրքավորել է որպես լիակատար ինքնիշխան պետություն, որը գնում է իր շահերի հետևից, որը կախված չի որևէ մի կենտրոնից։ Դրա համար էլ տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում»։  

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգների փոխնախագահի հայաստանյան այցի առնչությամբ տարակարծություններ չեն կարող լինել։

«Շնորհավորում եմ բոլորիս այն ձեռք բերված համաձայնությունների, պատմական այցի և այն հնարավորությունների, որ Հայաստանի համար բացվեցին։ Ես չեմ ուզում որևիցե մի բան առանձնացնել։ Պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի ընդհանուր բարձրացումը և այն օրակարգի, որը որ մենք ի կատար ենք ածում, այսինքն` խաղաղության, որը մեկ կամ երկու տարվա չի, այլ տասնամյակների, եթե ոչ՝ հարյուրամյակների»։   

Հայաստանյան այցի ավարտից րոպեներ առաջ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Զվարթնոց օդանավակայանում լրագրողներին պարզաբանեց Հայաստանում ուղիղ ներդրումների ծավալը․

«Չորս միլիարդ դոլարը նախագծով սահմանված մեր ակնկալիքներն են, այդքան գումար կարող է գալ, բայց կարծում եմ՝ այն շարունակական է լինելու»։

Բաքու մեկնելուց առաջ փոխնախագահ Վենսը հայտարարեց նաև, որ այնտեղ հանդիպումների ընթացքում  կքննարկվի հայ գերիների ազատ արձակման հարցը։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե՛ Հայաստանի վարչապետի, և թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իրականում երեկ լսեցի վարչապետի խոսքը. նա խաղաղության համաձայնագրի հարցում լավատես է՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք այժմ՝ համեմատած մի քանի ամիս առաջվա հետ։ Այդ պատճառով մենք, անշուշտ, կբարձրացնենք մի շարք հարցեր, սակայն կարծում եմ՝ շարունակելու ենք արդյունավետ ու հաջող համագործակցությունը թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ»։ 

Օդանավ մտնելիս արդեն Միացյալ Նահանգների փոխնախագահը բութը վեր բարձրացրեց, ապա ձեռքը դրեց սրտին՝ ժեստերի լեզվով ցուցադրելով գոհունակությունը հայաստանյան այցից։

Կարդացեք նաև

Back to top button