Պարենային մթերքներ մարդն օգտագործում է ամեն օր։ Սա կենսական նշանակություն ունեցող բնագավառ է, որտեղ որակն ու անվտանգությունն անմիջականորեն կարող են ազդել կյանքի որակի ու առողջության վրա:
Ոլորտն արդյունաբերության առաջատար և ամենակարևոր ճյուղերից մեկն է, հետևաբար պարենամթերքի տեխնոլոգի մասնագիտությունը պահանջված է, կարևոր ու անհրաժեշտ։ Տեխնոլոգիական տեսական և գործնական գիտելիքներ, սերնդեսերունդ փոխանցված վարպետություն, փորձ, գաղտնիքներ, հմտություններ, արտադրության բազմազան տեխնոլոգիաներ, ժամանակակից սարքավորումներ. այս ամենի միավորման արդյունքում է ստեղծվում համեղ, օգտակար, որակյալ և անվտանգ պարենամթերք, որի գլխավոր պատասխանատուները հմուտ և բանիմաց տեխնոլոգներն են:
Արտադրություն, պատրաստում, պահպանում, վերամշակում, փաթեթավորում, մատակարարում, որակի անվտանգություն, հսկողություն, ժամանակակից սպառողների պահանջների ու ցանկությունների բավարարում. պարենային մթերքը տասնյակ փուլեր է անցնում, մինչև հասնում է սպառողներին, իսկ գործընթացի յուրաքանչյուր փուլում տեխնոլոգների դերն անգնահատելի է:
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների դոկտոր Սմբատ Դավեյանը:




