Մատենադարանը շուտով կունենա իր կանաչ ճեմուղին։ Սա պարզապես բարեկարգման հերթական ծրագիր չէ, այլ միջգիտակարգային լայնածավալ աշխատանքի արդյունք, որտեղ արվեստագետները, բուսաբաններն ու քաղաքային պլանավորողները փորձել են գտնել մեկ կարևոր հարցի պատասխան՝ ինչպե՞ս պետք է «շնչի» թանգարանային տարածքը քաղաքի սրտում։
«Այգ է բացվում. Մատենադարանի այգու տեսլականը» բացառիկ նախագիծը, որն օրերս բացվեց Մատենադարանում, միավորել է 39 մասնագետի՝ նպատակ ունենալով ստեղծել ոչ միայն կանաչապատ գոտի, այլև հոգևոր ու մշակութային երկխոսության նոր միջավայր։ Թե ինչպիսի տեսլականներ են ծնվել համաստեղծական աշխատարանի արդյունքում և ինչպես է ապագա այգին կապվելու քաղաքի հանրային տարածքների հետ, քննարկում են հաղորդման հյուրերը ՝ նախագծի ղեկավար, համադրող, «Ահա կոլեկտիվի» հիմնադիր Նաիրի Խաչատուրյանը և «Armenia Tree Project»-ի ռազմավարական գործընկերությունների ու ազդեցության հարցերով տնօրեն Մարինա Մխիթարյանը։
Նաիրի Խաչատուրյանի դիտարկմամբ՝ մեզանում այգիների շուրջ խոսույթ դեռևս չի ձևավորվել, և ավելի հաճախ օգտագործվում է «կանաչապատում» եզրույթը, մինչդեռ այգին մշակութային ինքնատիպ արտահայտություն է և ոչ թե պարզապես պուրակ։ Այն մարդու և բնության փոխհարաբերության կարևորագույն դրսևորումներից է, ուստի, հաշվի առնելով Մատենադարանի նշանակությունը, նախագծի հիմքում դրվել է հենց մշակութային դիտակետը։ Այս նպատակով աշխատանքներում ներգրավվել են տարբեր սերունդների ներկայացուցիչներ, հայաստանաբնակ սփյուռքահայեր, արվեստագետներ, գիտնականներ և նույնիսկ տեղի բնակիչները, ովքեր ամենալավն են ճանաչում տվյալ միջավայրը։
Ինչպես նշում է Մարինա Մխիթարյանը, տարածքը բավականին խնդրահարույց է՝ սկսած տեխնիկական բարդություններից ու ջրահեռացումից, վերջացրած լանջին հարմարվող բուսատեսակների ընտրությամբ, սակայն ժամանակակից գործիքակազմը թույլ է տալիս գտնել արդյունավետ լուծումներ։ Մատենադարանի սահմանած բարձր նշաձողը թույլ չէր տալիս բավարարվել միայն ծառատնկմամբ. այստեղ կարևորվում է հենց գործընթացը։ Ինչպես մատենագրության մեջ է ուշադրության արժանանում յուրաքանչյուր տառ ու ձեռագիր, այնպես էլ այգու պարագայում՝ նախագծման յուրաքանչյուր քայլ նույնքան արժեքավոր է, որքան վերջնարդյունքը։ «Այգ է բացվում. Մատենադարանի այգու տեսլականը» ցուցադրությունը Մատենադարանի գիտական մասնաշենքի ճեմասրահում բաց կլինի մինչև մարտի 6-ը։




