Սփյուռքի ձայնը

«Սփյուռքյան հեռանկարներ» հարթակը՝ գիտական հենքով վերաիմաստավորելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները. «Սփյուռքի ձայնը»

Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող արագընթաց փոփոխությունները, աշխարհաքաղաքական տեղաշարժերը և հայության առջև ծառացած նոր մարտահրավերները հրամայական են դարձնում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերանայումը։ Այս առաքելությունն է իր վրա վերցրել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքը՝ գործարկելով «Սփյուռքյան հեռանկարներ» վերլուծական հարթակը։

Հարթակի տնօրեն, լրագրող և Ժնևի համալսարանի դասախոս Վիգեն Չըթըրյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է ստեղծել մի մտավոր կենտրոն, որտեղ հայկական Սփյուռքը կուսումնասիրվի ոչ թե լոկ զգացմունքային կամ գաղափարախոսական, այլ խորը գիտական ու ակադեմիական մակարդակով։

Գյուլբենկյան հիմնարկության ռազմավարական ներդրումը

«Սփյուռքյան հեռանկարները» հենվում է հիմնարկության տարիների հետևողական աշխատանքի վրա։ 2018-2023 թվականներին իրականացված սոցիոլոգիական լայնածավալ հարցումները դարձել են այն հիմքը, որի վրա կառուցվում է նոր հարթակը։ Վիգեն Չըթըրյանը նշում է. «Մենք կ’ուզենք Սփիւռքի մէջ ստեղծել մեր աշխատանքներով կեդրոն մը եւ կեդրոնին շուրջ ցանց մը, ուր ուսումնասիրենք հայկական Սփիւռքը։ Մենք կը կարծենք, թէ հայկական Սփիւռքը շատ մեծ կարեւորութիւն ներկայացնող երեւոյթ մըն է, բայց քիչ ուսումնասիրուած»։

Սփյուռքի նոր դեմքը և «դրսի հայացքի» անհրաժեշտությունը

Վիգեն Չըթըրյանը շեշտում է, որ վերջին տասնամյակներին Սփյուռքն արմատական փոփոխությունների է ենթարկվել։ Մերձավոր Արևելքից դեպի Արևմուտք տեղաշարժը փոխել է հայության դիմագիծը։ Այս համատեքստում հարթակի կարևորագույն խնդիրներից մեկն է Հայաստանին նայել «դրսի կտրվածքով»։ «Հայաստանի հարցերէն մէկը, զոր մենք նկատեցինք, այն է, որ Հայաստանի քաղաքական միտքը Երեւանի մէջ է եւ Երեւանի անկիւնով կը նայի աշխարհին։ Մենք հնարաւորութիւն ունինք Սփիւռքի մեր մասնագէտներու ցանցին միջոցաւ տեսնել աշխարհը, տեսնել Հայաստանը եւ իրեն համար կարեւոր երկիրները ուրիշ անկիւնէ մը՝ ըլլայ ատիկա Ժընեւէն, Ուաշինկթընէն, թէ Պրիւքսելէն»։

Քաղաքական միտք՝ կենացների փոխարեն

Անդրադառնալով իր հեղինակած «Կոտրված վահան» և «44 պարտություն» գրքերին՝ հարթակի տնօրենը ցավով նշում է, որ տասնամյակներ շարունակ իրական քաղաքական վերլուծությունը փոխարինվել է դատարկ կարգախոսներով։ «Մենք պէտք ունինք քաղաքական մտքի եւ ոչ թէ կենացներու կամ հայհոյանքներու։ Այդ կենացները եւ հայհոյանքները ոչ գաղափարախօսութիւն են, ոչ ալ քաղաքական միտք։ Ատիկա պարզապէս գրաքննութիւն էր՝ ծածկելու համար իսկական զարգացումները, որոնք տեղի կ’ունենային Հայաստանի եւ Ղարաբաղի մէջ»։

Կրթական ենթակառույցների հրամայականը

Խոսելով Սփյուռքի ներքին խնդիրների մասին՝ բանախոսն առանձնացնում է որակյալ ենթակառույցների պակասը, ինչը կենսական է լեզվի և մշակույթի զարգացման համար։ «Եթէ մենք ենթակառոյցներ չստեղծենք, ուր մեր դպրոցները, մեր եկեղեցիները, մեր թերթերը, մեր մշակութային կեդրոնները աւելի լաւ որակի առաջարկներ չտան, քան ինչ որ կայ մեր շրջապատին մէջ, այնատեն մենք չենք կրնար ոչ մեր ինքնութիւնը պահել, ոչ զարգացնել եւ հայութեան ու համամարդկութեան տալ արժէքաւոր մշակոյթ»։

«Սփյուռքյան հեռանկարները» ոչ միայն հետազոտական հարթակ է, այլև կամուրջ՝ հայկական ներուժի և Հայաստանի պետականության միջև։ Գյուլբենկյան հիմնարկության այս նախաձեռնությունը կոչված է համախմբելու Սփյուռքի մտավորական ուժերին՝ ստեղծելու մի ապագա, որտեղ Հայաստանն ու Սփյուռքը հաղորդակցվում են փոխադարձ ճանաչողությամբ և գիտական հենք ունեցող ռազմավարությամբ:

Կարդացեք նաև

Back to top button