
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է Իրանից դեպի Ադրբեջան, այնուհետև Ռուսաստան երկաթուղի կառուցել ու էլեկտրաֆիկացնել այն, լրագրողներին հայտնել է ՌԴ Պետդումայի տրանսպորտի կոմիտեի նախագահ Եվգենի Մոսկվիչևը:
«Վերջին 3-5 տարիներին երկկողմ հարաբերությունների լիակատար ըմբռնում կա և պատրաստ են երկաթուղու, ավիացիայի և ծովային հաղորդակցության վերաբերյալ հուշագրերը։ Կարծում եմ, որ 2015-ի հուլիսի սկզբին դրանք կստորագրվեն»,-ասել է Մոսկվիչևը։
Ըստ նախագծի՝ իրանական Կազվին և Ռեշտ քաղաքները պետք է միանան երկաթուղով, այն կշարունակվի դեպի հյուսիս՝ մինչև Իրանի սահմանամերձ Աստարա ավանը, որը նախատեսվում է միացնել նույն անունը կրող ադրբեջանական քաղաքի հետ սահմանի այն կողմում:
Ադրբեջանի տարածքով Իրանի ու Ռուսաստանի երկաթուղիների փաստացի միացումը ապահովող հատվածի կառուցման մասին որոշումը կայացվել է դեռ 2005 թվականին, սակայն շինարարությունն անընդհատ ձգձգվում է։




