ԿարևորՀասարակություն

Դատական ակտը չկատարելու գործով քրեական հետապնդում է հարուցվել 7 հոգևորականի նկատմամբ

Հայ Առաքելական եկեղեցու 7 հոգևորականի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում։

«Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը»,- հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

«Արմենպրես»-ին հայտնի է դարձել, որ քրեական հետապնդում է հարուցվել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Հովնան եպիսկոպոս Հակոբյանի,  Մակար եպիսկոպոս Հակոբյանի,  Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Մովսես քահանա Սահակյանի նկատմամբ։

Ավելի վաղ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատել էր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որը Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման խորհրդի անդամ եպիսկոպոսներից մեկն է։ Գևորգ Սարոյանը դատարանում վիճարկել էր այդ որոշումը, իսկ դատարանը որոշել էր, որ մինչև գործով վերջնական վճռի կայացումը Գևորգ եպիսկոպոս Սարոյանը պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Դրանից հետո, սակայն, Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ էր հռչակել։ 

ՀՀ քննչական կոմիտեն հունվարի 29-ին հայտնել էր, որ դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ հունվարի 31-ին հայտնի դարձավ, որ վարույթի շրջանկաներում որպես մեղադրյալ Քննչական կոմիտե են հրավիրվել մի խումբ հոգևարականներ։

Հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշմանն անդրադարձել է նաև Մայր Աթոռը՝ իրավապահ համակարգին կոչ անելով գործել ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում, արդարության և ճշմարտության բարձրագույն սկզբունքներին հավատարմությամբ և հարգել Եկեղեցու ինքնավարության իրավունքը։ Մայր Աթոռի հայտարարության մեջ նաև նշված է․ թե հոգևարականների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելն ու երկրից նրանց ելքն արգելելը նպատակ ունի խաթարել Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսաց ժողովը։

Եպիսկոպոսաց առաջիկա ժողովը նախատեսված է անցկացնել փետրվարի 16-19-ը, Ավստրիայում։

Կարդացեք նաև

Back to top button