Էկոսֆերա

Երևանում առաջին անգամ կկառուցվի անտուն կենդանիների կացարան․ «Էկոսֆերա»

Երևանի Արցախի փողոցում շուտով 300 անտուն կենդանի մշտական «տուն» կունենա. Հայաստանում առաջին անգամ փետրվարից կմեկնարկեն անտուն կենդանիների կացարանի շինարարական աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանի փոխանցմամբ՝ կացարանի նախագիծը կազմելիս հաշվի են առնվել բոլոր այն հնարավորությունները, որոնք թույլ կտան կենդանիներին այնտեղ ապրել մշտապես՝ ապահովված լինելով սննդով, բժշկական ծառայություններով և ազատ տեղաշարժի հնարավորությամբ։

«Հայաստանում թափառող կենդանիների գլխաքանակի մասին ստույգ թիվ չկա, քանի որ նման հաշվառում չի իրականացվում։ Կենդանիներն անընդհատ տեղաշարժվում են՝ հիմնականում հարակից համայնքներից գալով Երևան, որտեղ սնունդն ավելի հասանելի է։ Մյուս կողմից էլ՝ շատ հաճախ տերերն են տարբեր պատճառներով հրաժարվում իրենց կենդանիներից»,- ասում է Հարություն Առաքելյանը՝ հավելելով, որ իրականացվել են աշխատանքներ ավելի քան 20 հազար կենդանու հետ։ Սակայն սա չի նշանակում, թե Երևանում այդքան թափառող կենդանի կա. նրանց մի մասի հետ աշխատանքները տարվել են կրկնակի անգամ։

Ձմռան ամիսներին թափառող կենդանիների վերաբերյալ ահազանգերն ավելի հաճախակի են դառնում։ Պատճառը ցուրտն ու կեր հայթհայթելու դժվարությունն է, որոնց բախվում են անտուն կենդանիները։

«Խնդրահարույց է դպրոցների, մանկապարտեզների ու բուժհաստատությունների տարածքներում հայտնվող կենդանիների հարցը, որոնք որոշ դեպքերում ոհմակներ են ձևավորում։ Նրանց զգալի մասն առողջ կենդանիներ են։ Նույն տարածք հետ բաց թողնելը ոչ միայն խրախուսելի չէ, այլև ճիշտ չէ, քանի որ պետք է ապահովել երեխաների անվտանգ տեղաշարժը։ Նման դեպքերում փորձում ենք գտնել ավելի հարմար տարածք, փողոց կամ բակ, որտեղ հնարավոր կլինի նրանց տեղափոխել ստերիլացնելուց և պատվաստելուց հետո»։

Հենց այսօրինակ խնդիրները լուծելու համար էլ, Առաքելյանի խոսքով, կառուցվում է անտուն կենդանիների առաջին կացարանը։ Բյուրոկրատական փուլն արդեն ավարտված է. հայտնի է հաղթող կազմակերպությունը, որը փետրվարից կսկսի շինարարությունը։

«Կացարանի կառուցումն ուղղակիորեն մեծացնում է մեր հնարավորությունները՝ առավել մեծ թվով կենդանիներ պահելու և որդեգրման հանձնելու առումով։ Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ ինչ-ինչ պատճառներով կենդանիներին հանձնում են մեզ, կամ ավելի վատ՝ ուղղակի փողոց են նետում»։

Քաղաքապետարանից հայտնում են, որ 2025 թվականի ընթացքում որդեգրման է հանձնվել 80 կենդանի։ Կենդանական աշխարհն էկոլոգիական շղթայի անքակտելի մասն է, և թափառող կենդանիները նույնպես ունեն իրենց դերակատարումը քաղաքային միջավայրում։

Կարդացեք նաև

Back to top button