ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Դանիայի հետ, տեսնենք` ինչ կլինի, մի բան կստացվի. Թրամփ

Գրենլանդիան ցանկանում Է մնալ Դանիայի կազմում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվում Գրենլանդիան Վաշինգտոնի հսկողության տակ առնելու ծրագրից: Նախօրեին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրուցելիս, նա ասել Է, որ Գրենլանդիան Միացյալ Նահանգներին նախևառաջ անհրաժեշտ Է անվտանգության տեսակետից:

Նույն օրը Վաշինգտոնում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են Գրենլանդիայի և Դանիայի վարչապետներ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի և Մետտե Ֆրեդերիկսենի հետ, որոնք ընդգծել են, որ Գրենլանդիան ցանկանում Է մնալ Դանիական Թագավորության կազմում:

Թրամփը նշել Է, թե չի բացառում Գրենլանդիային տիրանալու հնարավոր տարբերակներից և ոչ մեկը և հուսով Է, որ լուծում կգտնվի:

«Եթե մենք չմտնենք՝ Ռուսաստանը կամ Չինաստանը կմտնեն»

«Գիտեք, մենք խոսում ենք «Ոսկե գմբեթ»-ի {ամերիկյան գերարդիական ՀՕՊ համակարգի} մասին։ Մենք շատ բան ենք անում, մեզ իսկապես դա անհրաժեշտ է։ Եթե մենք չմտնենք {Գրենլանդիա}՝ Ռուսաստանը կմտնի, Չինաստանը կմտնի։ Եվ դա այն բանը չէ, որը Դանիան կարող է լուծել, դա միայն մենք կարող ենք անել»,- ասել Է Թրամփը։

Դանիացիները պնդում են, որ Գրենլանդիայի մոտակայքում օտար երկրների ուժային ներկայության նշաններ չկան:

Ավելին՝ ԱՄՆ կարող Է նոր ռազմակայաններ ստեղծել, ինչը համապատասպանում Է Կոպենհագենի և Վաշինգտոնի պայմանագրերին:

Սկանդինավյան երկրները զորավարժություններ են ծրագրում

Դանիայի պաշտպանության նախարար Տրոենս Լունդ Պոլսենը հայտնել Է, որ Դանիան, Շվեդիան և Նորվեգիան համատեղ կհզորացնեն ռազմական ներկայությունն Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում:  Պատճառն անվտանգության և քաղաքականության հետ կապված լարվածության տարածումն Է նաև այդ տարածաշրջանում:

«Գրենլանդիայի կառավարության հետ սերտ երկխոսության միջոցով, մենք նաև համաձայնության ենք եկել մեծացնելու մեր ռազմական ներկայությունը և զորավարժություններ անցկացնելու Արկտիկայում և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում՝ ՆԱՏՕ-ի դաշինքի հետ սերտ համագործակցությամբ»,- ասել Է Պոլսենը:

Այս թեմային Է անդրադարձել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«ՆԱՏՕ-ն տարբեր շահեր Է միավորում»

«Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին, Դանիային և Գրենլանդիային է պատկանում, ուստի, միայն նրանք կարող են որոշում կայացնել Դանիային և Գրենլանդիային առնչվող հարցերի վերաբերյալ: Սա առաջին կետն է: Երկրորդ՝ Գրենլանդիան ՆԱՏՕ-ի մաս է կազմում, Արկտիկայի անվտանգությունը ՆԱՏՕ-ի առաջնահերթություններից Է,  դաշնակիցներին կապող օղակը հստակ կարգախոսն Է՝ մեկը բոլորի, բոլորը մեկի համար: Այսպիսով, ՆԱՏՕ-ն հարթակ Է, որը միավորում Է տարբեր շահերը»,- հայտարարել Է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Գրենլանդացիները չգիտեն, թե ինչպես կլուծվի խնդիրը

Մարդիկ Գրենլանդիայում ուշիուշով հետևում են վաշինգտոնյան հանդիպումներին: Մայրաքաղաք Նուուկի բնակիչ Մայա Մարտինսենի խոսքով, Գրենլանդիան Դանիայի, հետևաբար՝ ՆԱՏՕ-ի մաս Է:

«Մխիթարական Է իմանալ, որ սկանդինավյան երկրները մեզ լրացուցիչ ռազմական օգնություն են ուղարկում»- ասել Է Մարտինսենը:

Բանակցություններում առաջխաղացում չի եղել

Մի դանիացի բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի հաղորդվում, ասել Է, որ Վաշինգտոնում ԱՄՆ-ի փոխնախագահի և պետքարտուղարի ու Դանիայի և Գրենլանդիայի վարչապետների քննարկումներից հետո  «հիմնարար տարաձայնությունները պահպանվել են»:

Կարդացեք նաև

Back to top button