
1979 թվականին տապալված Իրանի վերջին շահ Ռեզա Փահլավիի որդին կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ցուցարարներին օգնելու համար «պատրաստ լինել միջամտելու» Իրանի գործերին ։
Հինգշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը խոստացել էր հզոր հարված հասցնել Իրանին, եթե ցուցարարներ սպանվեն՝ հավելելով, որ ինքն այդ մասին տեղյակ է պահել Թեհրանին։ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ ինքը «բազմիցս և հստակորեն հայտարարել է», որ անհրաժեշտության դեպքում օգնության կհասնի Իրանի ժողովրդին։
X սոցիալական ցանցում գրառման մեջ Փահլավին Թրամփից օգնություն է խնդրել՝ համառոտ նկարագրելով Իրանում բողոքի ցույցերի ժամանակ ստեղծված իրավիճակը։
«Ես խնդրում եմ ձեր օգնությունը։ Ձեզ ճանաչում եմ որպես… խաղաղության և խոսքի տեր մարդ։ Պատրաստ եղեք միջամտելու՝ Իրանի ժողովրդին օգնելու համար», — գրել է Փահլավին։
Փահլավիի կոչից հետո հունվարի 8-ին Իրանում բողոքի երթեր էին անցկացվել։ Սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը վկայում էին լայնամասշտաբ և զանգվածային ակցիաների մասին։
Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Իսլամական Հանրապետությունում անկարգություններ կազմակերպելու մեջ։




