15 տարեկան էր, երբ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, լսելով նրա ձայնը, հրավիրեց անսամբլ։ Այդ տարիները դարձան Էլվինայի թռիչքը երգարվեստում․ սկսվեցին արտասահմանյան շրջագայությունները։ 1970-ականներին երգչուհին մասնակցեց բազմաթիվ միջազգային փառատոնների, ելույթ ունեցավ աշխարհի տարբեր բեմերում։
1980-ականներին երգել է նաև Հեռուստառադիոպետկոմի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում։ Ռադիոյի Ոսկե ֆոնդում պահպանված երգչուհու ձայնագրությունները հասանելի են armradioarchive.am կայքում։ Նրա երգելու ձևը, ոճն ու թեմատիկան առանձնահատուկ էին և տարբերվող։ Մահվանից մեկ շաբաթ առաջ տված հարցազրույցում երգչուհին ասել է․ «Ես այսօրվա շնչի արվեստագետ եմ։ Ամեն օր իմ մեջ է այսօրվա շունչը։ Ես հին վիբրացիաներով չեմ ապրում»։ Այս թողարկումը նվիրվում է երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանին։
Ստուդիայում է Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան։ Մենակատարներ՝ Նաիրա Մանուչարյան, Լուսինե Կչոզյան, Ամալյա Ալմազյան։




