Հայկական ասեղնագործությունը՝ հարուստ, բազմաշերտ, բայց հաճախ մոռացված, այսօր վերակենդանանում է փոքր արվեստանոցներում, որտեղ ավանդույթը հանդիպում է ժամանակակից մտածողությանը։ Կանայք, որոնք հավաքվում են մի փոքրիկ սենյակում, ասեղի և թելի միջոցով ոչ միայն ստեղծում են ձեռագործ աշխատանքներ, այլ նաև վերականգնում են իրենց հավատն ու ինքնությունը։
Արմինե Աթոյանի արվեստի սենյակը դարձել է ուսուցման և ստեղծագործության կենտրոն, որտեղ համատեղվում են ավանդական ասեղնագործությունն ու ժամանակակից արվեստի մոտեցումները։
«Համեցե՛ք, սա է իմ սենյակը»։
Սա պարզապես սենյակ չէ, այլ արվեստի կենտրոն, որտեղ օրեցօր հավաքվում են կանայք ու աշակերտներ՝ սովորելու ասեղնագործություն, տիկնիկագործություն և արվեստի բազմաժանր ճյուղեր։ Այստեղ թելի ու ասեղի ձայնը խառնվում է զրույցներին, փորձի փոխանակմանը և ստեղծագործական ջերմ մթնոլորտին։ Սեղանների վրա ծնվում են նոր գործեր, իսկ յուրաքանչյուր աշխատանք իր հետ բերում է հավատ ու ինքնավստահություն։
Արմինե Աթոյանը մասնագիտությամբ կենսաքիմիկոս է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի բաժինը։
«Շատ եմ սիրել իմ մասնագիտությունը, մինչև հիմա էլ ուսումնասիրում, լավ եմ սովորել»։
Սակայն ժամանակի ընթացքում Արմինեն գիտակցեց, որ իր իրական ճանապարհը արվեստի մեջ է։ Նկարչության հանդեպ սերը նրա մեջ ծնվել է դեռ մանկուց։ Այդ սերը խորացավ, երբ նա հաճախեց Հայկ Բարսեղյանի արվեստանոց, որտեղ հինգ տարի շարունակ սովորեց նկարչություն։
Սակայն դասական յուղաներկ կտավը, ինչպես ինքն է ասում, սկսեց սահմանափակ թվալ։
«Զգացի, որ արվեստի մեջ ինչ-որ շատ քառակուսային է դարձել միայն կտավը և փորձեցի ավելացնել թելեր»։
Այդ որոնումներից ծնվեց նոր մոտեցում։ Նա սկսեց իր ստեղծագործություններում օգտագործել թելեր՝ սկզբում ոչ որպես ասեղնագործություն, այլ որպես կոլաժի տարրեր։ Թելն աստիճանաբար դարձավ նրա արվեստի լեզվի մի մասը։ Իր արվեստի մեջ Արմինեն սկսեց համադրել թելը, տեքստիլը, թուղթը, պապիե-մաշեն, տարբեր կտորներ՝ ստեղծելով բազմաշերտ և գաղափարական աշխատանքներ։ Չնայած մասնակցել է տարբեր դասընթացների, Արմինեի ճանապարհի մեծ մասն ինքնուս է եղել։ Նա սովորել է գրքերից, համացանցից, շփվել օտարազգի մասնագետների հետ, մասնակցել տարբեր երկրներում կազմակերպված օնլայն դասընթացների։
Այսօր Արմինե Աթոյանը շարունակում է իր կրթությունն ու զարգացումը՝ ուսումնասիրելով ոսկեթել ասեղնագործություն և եկեղեցական ասեղնագործություն՝ ռուսական դպրոցի փորձի հիման վրա։

«Ինձ թվում է՝ ամենակարևոր բանը աշխատասիրությունն է»։
Նրա պատմությունը վկայում է, որ գիտությունն ու արվեստը կարող են համատեղվել մեկ մարդու մեջ, իսկ որոնումն ու աշխատասիրությունը կարող են մարդուն հասցնել ինքնարտահայտման ամենախորը ձևերին։
«Ես միշտ ասում եմ՝ արվեստը կարող է բուժել, կարող է ցավը թեթևացնել»․
Այս համոզմամբ է ապրում և ստեղծագործում 35-ամյա Նախշուն Ավագյանը՝ չորս տղաների մայր, դիզայներ և ձեռագործ վարպետ։ Նախշունն Արցախից տեղահանվելուց հետո նոր փուլ է սկսել իր կյանքում և ստեղծագործական ուղում։ Ձեռքի աշխատանքների հանդեպ սերը նրա մեջ արմատավորվել է դեռ մանկուց։
«Էդ ամեն ինչը երևի եկել ա գյուղից, տատիկիցս․ մենք Սարուշեն գյուղից ենք, տատիկս զբաղվում էր ձեռագործությամբ»։
Մանկության տարիներին տատիկը նրան ծանոթացրել էր խաչկար ասեղնագործությանը։ Թեև տարիների ընթացքում այդ հմտությունը մոռացվել էր, այսօր այն կրկին վերադառնում է Նախշունի կյանք։ Արմինե Աթանյանի առաջարկով նա սկսել է ուսումնասիրել նաև խաչկարը՝ մեծ սիրով ու հետաքրքրությամբ։
Նախշուն Ավագյանը մասնագիտությամբ դիզայներ է։ Կարում է, գործում, նկարում՝ մի խոսքով զբաղվում է արվեստի տարբեր ճյուղերով։ Արցախում նա ունեցել է ձեռագործ աշխատանքների փոքրիկ, բայց արդեն ճանաչված բիզնես։ Նրա աշխատանքները լայն տարածում ունեին, պատվերներ էին ստացվում ոչ միայն Արցախից, այլև Հայաստանի Հանրապետությունից։ Արցախից դուրս գալու ընթացքում Նախշունը չի կարողացել իր պատրաստի աշխատանքները բերել իր հետ, սակայն վստահ է՝ ամենակարևորը չի կորել։
«Էն գիտելիքները, էն ուժը, որը ես ունեի, չի կորել։ Կարծում եմ՝ դա կկրկնապատկվի»։
Ձեռագործությամբ Նախշունը զբաղվում է շատ վաղուց․ դեռ 6-7 տարեկանից։ Իսկ որպես բիզնես՝ իր աշխատանքը սկսել է 18 տարեկանից։ Նրա առաջին քայլերը ծնվել են անհրաժեշտությունից․ տանը ունենալով երկու փոքրիկ երեխա՝ նա հնարավորություն չուներ տնից դուրս աշխատելու։
«Որոշեցի ինչ-որ բան սկսել տնից։ Տատիկից մնացած սովետական կտորներով և տանը եղած սովորական ռեզինով մազակալներ սկսեցի կարել։ Սկզբում վաճառքը կատարվում էր նույնիսկ ինքնարժեքից ցածր՝ 200 դրամով։ Սակայն հենց այդ փոքր քայլերն էին, որ նրան մեծ ուրախություն բերեցին։ Հիշում եմ իմ առաջին մի մետր վիլյուրի գումարը, որը վաստակել էի իմ աշխատանքով․ դա ինձ համար մեծ երջանկություն էր»։
Արվեստի նկատմամբ ունեցած հետաքրքրությունն ու գիտելիքները զարգացնելու համար, Նախշունը այսօր մասնակցում է 2021 թվականին վարպետի կոչում ստացած Արմինե Աթոյանի արվեստի խմբակի դասերին։
Չնայած հայկական կիրառական արվեստի հարուստ ժառանգությանը՝ ասեղնագործությունը շարունակում է մնալ ամենաքիչ ուսումնասիրված և կիրառվող ոլորտներից մեկը։ Մասնագետների կարծիքով՝ հատկապես հայկական ասեղնագործությունն աչքի է ընկնում իր բազմաժանրությամբ և տարածաշրջանային բազմազանությամբ․ պատմական Հայաստանի գրեթե յուրաքանչյուր գավառ ունեցել է իրեն հատուկ ասեղնագործական դպրոցը։ Պատմական աղբյուրների համաձայն՝ Հայաստանի տարածքում ձևավորվել է ասեղնագործության շուրջ ութ դպրոց՝ ներառյալ թե՛ Արևմտյան, թե՛ Արևելյան Հայաստանի ավանդույթները։ Սակայն այդ հարուստ ժառանգությունից այսօր պահպանվել և ուսումնասիրվել է միայն չնչին մասը։ Թեև Մարաշի ասեղնագործությունը համեմատաբար լայն տարածում է գտել, շատ այլ դպրոցներ՝ Վանի, Ուրֆայի, Այնթափի և այլ տարածաշրջանների ասեղնագործական ձևերը, շարունակում են մնալ գրեթե անհայտ և դժվար վերականգնվող։
Ոլորտի զարգացմանն իրենց ներդրումն են ունեցել մի քանի անհատներ՝ Լուսինե Մխիթարյանը՝ իր գրքաշարերով, Սերիկ Դավթյանը, Նազիկ Ավագյանը, Վարդ Բդոյանը և ուրիշներ։ Սակայն մասնագետները նշում են, որ անհատական ջանքերը բավարար չեն՝ նման բարդ և աշխատատար արվեստը պահպանելու և զարգացնելու համար։
Ասեղնագործությունը պահանջում է մեծ ժամանակ և համբերություն․ օրինակ՝ մեկ ժանյակային աշխատանք կարող է տևել շուրջ 150 ժամ։ Ժամանակակից արագընթաց կյանքում սա լուրջ խոչընդոտ է դառնում երիտասարդների և ստեղծագործողների համար, հատկապես երբ աշխատանքի շուկայական արժեքը հստակ սահմանված չէ։
«Երբ մարդը հարցնում է՝ որքանով կարող է վաճառել այդ 150 ժամվա աշխատանքը, հաճախ պատասխան չունես տալու»։
Մասնագետների համոզմամբ՝ ասեղնագործության վերականգնումը և զարգացումը հնարավոր է միայն պետական աջակցությամբ։ Անհրաժեշտ է ոլորտը բերել մշակութային «թրենդի» մակարդակի, խրախուսել ժամանակակից մոտեցումներով կիրառումը և ինտեգրել նոր ձևաչափերի մեջ, որպեսզի այն չկորցնի իր կենսունակությունը։
Այս համատեքստում առանձնանում են նաև ժամանակակից արվեստագետների փորձարարական աշխատանքները։ Ներկայումս Արմինեն գործում է Լևոն Խեչոյանի «Հողի դողը» պատմվածքի հիման վրա աշխատանք։ Աշխատանքը կատարվում է ասեղնագործական և հյուսքային ժանյակի տեխնիկաներով։
«Ստեղծագործության գաղափարն արտահայտում է հողի ճաքումը, խորքից դուրս եկող հիշողությունն ու խոսքը՝ ձևավորվելով կլոր, ռելիեֆային կոմպոզիցիայի տեսքով։ Տվյալ աշխատանքը իրականացվելու է նաև Մարաշի ասեղնագործական տեխնիկայով»։
Մասնագետը վստահ է՝ նման նախաձեռնությունները կարող են նոր շունչ հաղորդել հայկական ասեղնագործությանը՝ այն կապելով ժամանակակից արվեստի և մտածողության հետ։




