
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից որպես հանքավայր շահագործվող Ամուլսարի տարածքում նկատելի է կարմրանարնջագույն ծուխ։
«Ռադիոլուր»-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունից հայտնեցին, որ 2025 թվականի սեպտեմբերից Ամուլսարի տարածքում ընթանում են շինարարական պայթեցման աշխատանքներ։
Ըստ պարզաբանման՝ տեսանյութում երևում են պայթեցումից բարձրացած ծուխն ու փոշին, որոնց «գույնը պայմանավորված է եղել պայթեցման ընթացքում օգտագործված նյութի խմբաքանակի վատ որակով, որն արդեն հանվել է շրջանառությունից»։
Միաժամանակ, ընկերությունը պարզաբանել է՝ Ամուլսարում բոլոր պայթեցումներն իրականացվում են տեխնիկական և բնապահպանական պահանջներին համապատասխան։ «Բոլոր պայթեցումների ընթացքում իրականացվում են վիբրացիայի և օդի գերճնշման մշտադիտարկում, որոնց արդյունքները որևէ շեղում թույլատրելի նորմերից առ այսօր չեն արձանագրել»։ «Ռադիոլուր»-ն ակնկալում է Բնապահպանական տեսչական մարմնի պարզաբանումը։




