Էկոսֆերա

Խաղալիք, թե՞ վտանգ․ ինչ քիմիական ռիսկեր են թաքնված երեխաների նվերներում․ մասնագետների ուղեցույց․ «Էկոսֆերա»

Խաղալիքների պահանջարկը շուկայում մեծ է՝ հատկապես նախատոնական օրերին: Բայց ինչպե՞ս ընտրել անվտանգ խաղալիք, որն առաջին հերթին վնաս չի հասցնի երեխայի առողջությանը, ապա՝ շրջակա միջավայրին։ Այս հարցում մեզ կօգնեն ոլորտի մասնագետները։

Առաջին հայացքից գունեղ և զվարճալի թվացող խաղալիքները շատերիս համար անվտանգ են թվում, սակայն երեխաների մոտ կարող են առաջացնել առողջական խնդիրներ՝ ալերգիաների, նյարդային խանգարումների և այլ բարդությունների տեսքով։ Խաղալիք ընտրելիս անհրաժեշտ է ոչ միայն նայել արտաքին տեսքին, այլև ուսումնասիրել բաղադրությունը՝ ուշադրություն դարձնելով մանրուքներին։Պլաստմասե, մետաղյա, փայտյա, սինտեպոնե, թե այլ նյութից պատրաստված՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի ներկայացուցիչ Քնարիկ Գրիգորյանը «Էկոսֆերայի» հետ զրույցում մանրամասնում է, թե այս նյութերից պատրաստված որ խաղալիքներն են վտանգավոր։

«Գաղտնիք չէ, որ բարձր աղմուկը, ինչպես շրջակա միջավայրի դեպքում է (օրինակ՝ մեքենաների, էլեկտրական գեներատորների, հրավառությունների կամ պայթյունի ձայները), կարող է վնասակար ազդեցություն ունենալ մարդկանց և կենդանիների վրա: Այնպես էլ խաղալիքների դեպքում՝ բարձր ձայները բացասական ազդեցություն են թողնում երեխաների լսողության ու նյարդային համակարգի վրա»։

Մարտկոցները ևս համարվում են վտանգավոր թափոն, և չի խրախուսվում դրանք խառնել ընդհանուր աղբի հետ։ Կան ընկերություններ, որոնք ընդունում և կուտակում են օգտագործված, ոչ պիտանի մարտկոցները։ Ոլորտը կարգավորող մարմինը Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն է։ Ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը, ով «Էկոսֆերայի» տաղավարում էր, նշում է, որ խաղալիքները պատկանում են ռիսկային դասին և գտնվում են ամենօրյա ուշադրության կենտրոնում։ 2025 թվականի սեպտեմբերից տեսչական մարմինը լաբորատոր պայմաններում ուսումնասիրում է խաղալիքների վտանգավորության աստիճանը։

«Սեպտեմբերի 10-ից մինչ օրս իրականացվել է մոտ երկու տասնյակ փորձարկում։ Արդյունքում՝ չորս տեսակի խաղալիքների մոտ արձանագրվել է անվտանգության ցուցանիշների անհամապատասխանություն։ Տեսչական մարմինն այս դեպքում կիրառում է իր վերահսկողական ողջ գործիքակազմը։ Օրինակ՝ «սլայմ» տեսակի խաղալիքների խմբաքանակն ամբողջությամբ հետ է կանչվել շուկայից և օրենքով սահմանված կարգով, մեր աշխատակիցների մասնակցությամբ, ոչնչացվել է։ Դրանց մեջ հայտնաբերվել էին քիմիական տարրեր, որոնք խիստ վտանգավոր են երեխաների կյանքի և առողջության համար»։

Ամանորին ընդառաջ խնդիրներն ավելի են սրվում։ Մկրտչյանն ասում է, որ միայն տեսչական մարմնի ջանքերով դժվար է կարգավորել ոլորտը. յուրաքանչյուր սպառող պետք է դառնա հանրային վերահսկող։ Միևնույն ժամանակ, ցանկացած խաղալիքի տուփի վրա պետք է լինի հայերեն մակնշում, որը կներառի տարիքային սահմանափակումը, օգտագործման պայմանները, արտադրող երկիրը և այլն։ Մկրտչյանի խոսքով՝ այս տվյալների ու համապատասխան փաստաթղթերի առկայության պայմաններում վտանգավորության ռիսկը հասնում է նվազագույնի։

2026 թվականին խաղալիքների ոլորտում ստուգումների քանակը տասնապատկվելու է։ Կասկածելի խաղալիքների որակը կստուգվի լաբորատորիայում։ Խախտումների դեպքում տնտեսվարողները տուգանվում են, իսկ ողջ խմբաքանակը ենթակա է ոչնչացման։

Կարդացեք նաև

Back to top button