ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Բանակցություններ երեք ուղղությամբ՝ ապաշրջափակման թեմայով․ որ դեպքում ինչ է առաջարկվում

Հայաստանը տարբեր ուղղություններով բանակցություններ է վարում երկրի տարածքով անցնող ճանապարհներն ու ենթակառուցվածքներն ապաշրջափակելու ուղղությամբ։ Բոլոր ծրագրերը ներառված են Հայաստանի կառավարության  նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Մշտապես նշվում է, որ խոսքը ոչ միայն ավտոճանապարհների ու երթուղիների, այլև՝ ենթակառուցվածքների մասին է։ Ապաշրջափակման բանակցություններն այս փուլում ընթանում են երեք ուղղություններով՝ Միացյալ Նահանգների, ԵՄ–ի ու ՌԴ–ի հետ։ Ո՞ր դեպքում ի՞նչ է առաջարկվում, ո՞ր տարբերակն ինչո՞վ է շահավետ կամ ռիսկային։

Հայաստանն իր աշխարհագրական դիրքով կարող է դառնալ Հյուսիս-Հարավ, Հնդկաստան-Եվրոպա, Մեկ ճանապարհ-մեկ գոտի, նաև Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային մեգածրագրերի մաս։ Դրա լիարժեք իրականացման համար հարկավոր է առավել ընդգրկուն ճանապարհային նախագիծ, որը կկապի և կապաշրջափակի ոչ միայն Հարավային Կովկասի երկրների միջև Արևելք-Արևմուտք ճանապարհները, այլ նաև հնարավոր կդարձնի Հայաստանի տարածքով իրականացնել Հյուսիս-Հարավ-Արևելք-Արևմուտք հաղորդակցությունը։  

Այս հավակնությունները Հայաստանի վարչապետը նախանշել էր այս տարվա հոկտեմբերին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում՝ խոսելով հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծի մասին։  

«Բազմաթիվ փաստարկներ և քննարկումներ կան, որ միգուցե բազմաթիվ ուժեր կան շահագրգռված չեն այս հաղորդակցության ուղիների բացմամբ, բայց իրականում բոլոր խաղացողները կշահեն այս նախագծից։ Ադրբեջանի հետ  հաղորդակցության ուղիների բացման արդյունքում, ի վերջո, կունենանք բաց հաղորդակցության ուղիներ Պարսից ծոցի, Օմանի ծոցի և Սև ծովի միջև։ Կունենանք նոր կապեր Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև։ Կունենանք նոր հնարավորություններ։ Հայաստանը կունենա երկաթուղային կապ Իրանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ։ «Թրամփի ուղի՝ հանուն խաղաղության և բարեկեցության» ծրագիրը, որն ի կատար կածվի Հայաստանի Հանրապետության տարածքում, կարևորագույն նշանակություն ունի, քանի որ մեզ անհրաժեշտ է արևելքից արևմուտք հասանելիություն ունենալ։ Ե՛վ Հայաստանին, և՛ Ադրբեջանին է դա անհրաժեշտ»։

Ճանապարհներն ապաշրջափակելու համար Հայաստանը բանակցում է երեք տարբեր ուղղություններով՝ Միացյալ Նահանգների, ՌԴ–ի և ԵՄ–ի հետ։ Մեկ փաստաթղթում ամփոփված մոտեցում այս առնչությամբ չկա, քանի որ բանակցություններն առանձին են ընթանում  և կապ չունեն միմյանց հետ։ Սակայն, եթե ուսումնասիրենք տարբեր բանակցություների ու դրանց առնչվող մեկնաբանությունների ժամանակագրությունն, ապա որոշակի  պատկեր կնախանշվի։     

Միացյալ Նահանգների հետ Հայաստանի բանակցությունները տեղի են ունենում TRIPP նախագծի շրջանակում։ Այս փուլում Հայաստանն ու Միացյալ Նահանգները քննարկում են պայմանագրի և կոնսորցիումի ստեղծման իրավական շրջանակը։ Այդ բանակցությունների արդյունքներով է Մեղրու հատվածում կառուցվելու երկաթգիծը։ Ամերիկյան կողմը հաստատել է, որ այս հարցով ուղիղ բանակցություններ է վարում նաև Թուրքիայի հետ։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր վերջին հարցազրույցներում պարբերաբար սահմանում է ակնկալիքները։ TRIPP նախագիծը,  ըստ դեսպանի, ազդեցիկ դառնալու հեռանկարներ ունի։ Մեջբերում դեսպանի խոսքից․

«Ստեղծելով անվտանգ, ապահով ճանապարհ թե՛ հյուսիսում, թե՛ հարավում, որը կանցնի Նախիջևանով, ապա Հայաստանով՝ դեպի Գյումրի և Թուրքիայի Կարս նահանգ, կբացվի տարանցիկ ճանապարհ, որն արևելքը կկապի արևմուտքին և հակառակը, ինչից կօգտվեն գրեթե բոլոր երկրները, որտեղով կանցնի այդ ճանապարհը: Եվ ես կասեի, որ Հայաստանը, թերևս, ավելի շատ կօգտվի, քան մյուսները, քանզի վերջին 30 տարուց ավելի Հայաստանի արևելյան և արևմտյան սահմանները փակ են եղել»։

Երկաթգծի կառուցման մեջ ներգրավվելու հավակնություններին Հայաստանի իշխանություններն արձագանքում են՝ հղում անելով  վաշինգտոնյան պայմանավորվածություններին։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հիշեցնում է, որ խոսքը երկկողմ պայմանագրի մասին է, ձևաչափում ցանկացած փոփոխություն ենթադրում է կոնսենսային որոշում, և նախանշում է Մեղրու հատվածով նախագծվող երկաթուղու կարգավիճակը։

««Հարավկովկասյան երկաթուղիների» բալանսում գտնվող երկաթուղիները հստակ են և Հայաստանի հարավով, երբ կառուցվի նոր երկաթուղին, այդ երկաթուղին բալանսում չէ և, ենթադրաբար, TRIPP ընկերությունն է այդ երկաթուղու շահագործումը իրականացնելու»։

Բանակցությունների երկրորդ ուղղությունը ռուսականն  է։ ՌԴ–ն  արտգործնախարարության մակարդակով պատրաստակամություն է հայտնել Երևանի հետ խորհրդակցելու «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ, ինչին Հայաստանը պատասխանել է, որ այդ հատվածում կառուցվող երկաթգիծը տրվելու է հայ-ամերիկյան կոնսորցիումի կառավարմանը։ Փոխարենը Հայաստանի վարչապետն այլ առաջարկով է հանդես եկել։

«Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրել եմ շտապ կարգով զբաղվել, մասնավորապես` երկաթուղու Երասխից մինչև Ադրբեջանի՝ դեպի Նախիջևան սահման և Ախուրիկի հատվածի մինչև Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ։ Կարծում եմ` ես առաջիկայում նույն հարցը կբարձրացնեմ Իջևան-Ղազախ հատվածի հետ կապված, որովհետև կարծում եմ` այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա։ Հույս ունեմ` Ռուսաստանի մեր գործընկերները մաքսիմալ արագությամբ այդ խնդրանքը իրականություն կդարձնեն»։ 

Կա նաև բանակցությունների երրորդ ուղղությունը, որում ներգրավված է ԵՄ–ն։ Հայաստանն աշխարհին, իսկ ավելի կոնկրետ՝ Եվրոպային առաջարկում է այլընտրանքային նոր ուղղություն։ Արևելյան գործընկերության Խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի հայաստանյան աշխատանքների ժամանակ հոկտեմբերին փակագծերը բացեց «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն»-ի ղեկավար Արեգ Քոչինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի հյուսիսային տարածքներով անցնող ճանապարհը կարող է ամբողջովին գործել ԵՄ–ի հետ գործակցությամբ։ Քաղաքագետի խոսքը ներկայացնում ենք համաժամանակյա թարգմանությամբ։

«Այս ճանապարհը Հայաստանի միջով հյուսիսային ուղին է, որը կապելու է Թուրքիայի Կարսը  Գյումրիին, Վանաձորին, Իջևանի հյուսային հատվածին և ադրբեջանական Ղազախ քաղաքը։ Սա հնարավոր ամենակարճ կապն է, որն անցնում է Հարավային Կովկասով։ Այն 150 կմ-ով ավելի կարճ է, քան վրացական երթուղին, և ավելի կարճ է, քան TRIPP-ը։ Երբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ ԵՄ-Կենտրոնական Ասիայի ապագան կապված է Հայաստանի սահմանների բացման հետ, Թուրքիայի և Ադրբեջանի հետ,  հենց սրա մասին էր խոսում։ Այսինքն` ամենակարճ հնարավոր կապը Եվրոպայի և Չինաստանի միջև, նաև՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև անցնում է հենց Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջով»։

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման տնօրեն Ադրիեն Կիրալը, փոխանցելով ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի ուղերձն ասում է, որ կառույցում ճանապարհային նոր քարտեզ են գծում։

 «Այս բոլոր նախաձեռնությունները  նոր ուղենիշի մասին են խոսում՝ միմյանց կապելով էներգետիկան, տրանսպորտը, առևտուրը և թվային ոլորտը։ Սա մեր ավելի մեծ օրակարգի մաս է, որը կապում է Եվրոպան Կենտրոնական Ասիային, Սև ծովի տարածաշրջանին, Թուրքիային և Հարավային Կովկասին։ Մեր նպատակն է արդիականացնել ենթակառուցվածքները, իրականացնել այսպես ասած «փափուկ կապի» միջոցառումներ տնտեսական ներուժի իրացման միջոցով։ Մեր ավելի երկարաժամկետ նպատակն է հաստատել երկարաժամկետ խաղաղություն, դիմակայունություն։ Մենք արդեն որոշակի քայլեր ունենք այս ուղենիշին հասնելու առումով»։

Հայաստանի կառավարությունը համոզված է, որ այս ծրագրերով ապահովվում է երկրների փոխկապակցվածությունը, ինչն էլ նպաստելու է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Հայաստանյան իշխանությունները շեշտում են, որ կարող են ճանապարհներ տրամադրվել, առայժմ ավտոմոբիլային, ճշգրտում է Հայաստանի վարչապետը։  

«Պատրաստ ենք հենց այսօր ապահովել Մարգարայով ու Խնձորեսկով Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ բեռնատարների տարանցումը ապահովելու։ Այս պահին դա միակ ուղին է, որ բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները պատրաստ են։ Իհարկե, Վաշինգտոնի հռչակագրով 3-րդ կետում նաև արձանագրված է Հայաստանը և Ադրբեջանը միմյանց համար կապուղիների, այդ թվում` երկաթուղին ապաշրջափակելու օրակարգը, որն իրականացման փուլում է։ Քաղաքական մակարդակում մենք խնդիր չունենք նաև Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, այդ թվում` երկաթուղային կապ ապահովելու, բայց հիմա ուղղակի ֆիզիկապես դա հնարավոր չէ անել, որովհետև չկա երկաթուղին։ Այս երկաթուղին դեռ պետք է կառուցել, ինչի շուրջ մենք ակտիվ բանակցություններ ենք վարում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ»։

Իրանի մասնակցությամբ իրականացվում է Հյուսիս–Հարավ նախագիծը, որն արդեն գործնական իրականացման փուլում է։

Մասնագետների գնահատմամբ՝ ռազմավարական  առումով կարևոր և տնտեսապես շահավետ նախագիծ է Բաքու-Ղազախ-Իջևան-Վանաձոր-Գյումրի-Կարս երկաթգիծը, ինչպես նաև Բաքու-Ղազախ-Իջևան-Երևան-Երասխ-Նախիջևան երթուղին, որին եթե միանա միանալով նաև Իրան-Հայաստան՝ Չաբահար-Ագարակ-Գագարին-Հրազդան-Վանաձոր, երկաթգիծը, ապա  Հայաստանն իրապես ապաշրջափակված երկիր կդառնա և՛ բաց, և՛ պաշտպանված տրանսպորտային ուղիներով։

Կարդացեք նաև

Back to top button