
Սփյուռքում հայ մնալու բանաձևը խարսխված է երեք հիմնասյուների վրա՝ համայնք, եկեղեցի և դպրոց։ Չեխիայի դեպքում, որտեղ հայկական համայնքը ձևավորվել է հիմնականում 1990-ականներին (ներկայումս մոտ 2000-3000 հայ), դպրոցը ստանձնել է բացառիկ դեր։ Այն ոչ միայն կրթօջախ է, այլև տասնամյակներ շարունակ եղել է հայերի հավաքատեղին ու ազգային ինքնության պահպանման կայուն օղակը։ «Սփյուռքի ձայնը» հաղորդման շրջանակներում Պրահայի հայկական մեկօրյա դպրոցի տնօրեն Գոհար Մելիքյանը պատմել է դպրոցի անցած ճանապարհի, մարտահրավերների և երազանքների մասին։
Նվիրյալների ձեռքով հիմնված կառույցը
30 տարի առաջ, երբ Պրահայում դեռ չկար ո՛չ ՀՀ դեսպանություն, ո՛չ էլ եկեղեցական կառույց, հայկական դպրոցն արդեն գործում էր։ Այն հիմնադրվել է մի խումբ նվիրյալների ջանքերով, որոնց թվում առանցքային դեր է ունեցել երկարամյա տնօրեն Արմեն Քոլոյանը։ Գոհար Մելիքյանը, ով 2020-ի սկզբին ընտանիքով տեղափոխվել է Չեխիա, սկզբում դպրոցի հետ առնչվել է որպես ծնող՝ դստերը տանելով հայկական կրթօջախ։ Հետագայում, լինելով մասնագիտությամբ ֆիզիկոս, բայց տիրապետելով հայոց լեզվին, ստանձնել է ուսուցչի, իսկ վերջին տարիներին՝ տնօրենի պարտականությունները։ «Արմեն Քոլոյանը միշտ ասում էր, որ նվիրյալ հայերի խումբ է ստեղծել դպրոցը, ոչ թե մեկ մարդ։ Նրանք զգացել են դպրոցի անհրաժեշտությունը՝ հասկանալով, որ մեր հայ մանուկներին հայ կպահի միայն դպրոցը»,- նշում է տիկին Մելիքյանը։ Դասապրոցեսն իրականացվում է Պրահայի հեղինակավոր Կառլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի մասնաշենքում, ինչը դպրոցին հաղորդում է ակադեմիական լրջություն։



Կրթություն՝ խառը ամուսնությունների և օտար միջավայրի պայմաններում
Ներկայումս դպրոցն ունի 4 դասարան և մոտ 28 աշակերտ (թիվը նվազել է COVID-19-ից և ուսման վարձ սահմանելուց հետո, քանի որ համալսարանն այլևս անվճար չի տրամադրում տարածքը)։ Աշակերտների թվում կան նաև նախադպրոցականներ և օտարախոս երեխաներ, հիմնականում՝ ռուսախոս կամ խառը ամուսնություններից ծնվածներ։ Գոհար Մելիքյանը նկատում է, որ խառն ամուսնությունների թիվն աճում է, ինչը հաճախ հանգեցնում է լեզվի կորստի։ Այդ իսկ պատճառով դպրոցը փորձում է լինել ավելին, քան պարզապես լեզվի ուսուցման կենտրոն. այն դառնում է շփման միջավայր։ «Ծնողները դպրոցի միջոցով ավելի շատ ցանկանում են շփում ունենալ հայկական միջավայրի հետ։ Շատ են ուզում, որ իրենց երեխաները հայ ընկերներ ձեռք բերեն»,— ասում է տնօրենը։


Դասագրքերի խնդիրը. պահանջվում է «Սփյուռքի դասագիրք»
Դպրոցն օգտագործում է Հայաստանի հանրակրթական դպրոցների դասագրքերը, սակայն շաբաթը մեկ անգամ հավաքվող երեխաների համար դրանք հաճախ բարդ են և ծավալուն։ Տիկին Մելիքյանը բարձրաձայնում է հատուկ Սփյուռքի մեկօրյա դպրոցների համար նախատեսված դասագրքի անհրաժեշտությունը։ «Շատ ավելի լավ կլինի, որ լինի առանձին դասագիրք, որտեղ երեխաները տեքստ կարդալիս միանգամից ծանոթանան Հայաստանի, հայկական մշակույթի և պատմության հետ։ Ժամանակը կարճ է, և պետք է լեզվի ուսուցումը զուգակցել ազգային ինֆորմացիայի հետ»։ Նա նաև կարևորում է ուսուցման մեջ նոր տեխնոլոգիաների՝ ֆիլմերի, մուլտֆիլմերի և վիզուալ նյութերի կիրառումը, քանի որ «մոնոտոն ձայնը» ժամանակակից երեխաներին այլևս չի գրավում։


Երազանքը՝ հայկական ամենօրյա դպրոց
Չնայած դժվարություններին, ֆինանսավորման պակասին և պետական աջակցության բացակայությանը (քանի որ հայերը Չեխիայում դեռևս չունեն ազգային փոքրամասնության կարգավիճակ), դպրոցը շարունակում է իր առաքելությունը։ Ուսուցիչները պարբերաբար վերապատրաստվում են Հայաստանում, իսկ դպրոցում դասավանդում են նաև երգ, պար և ավանդույթներ։ Գոհար Մելիքյանի և համայնքի մեծագույն երազանքը Չեխիայում հայկական ամենօրյա դպրոց ունենալն է։ Դա հնարավորություն կտա երեխաներին ստանալ հայեցի լիարժեք կրթություն և խուսափել օտարացումից։ «Եթե հաջողվի պետական կարգավիճակ ստանալ և հիմնել ամենօրյա դպրոց, շատ հայեր իրենց երեխաներին կբերեն հենց հայկական դպրոց։ Դա մեզ համար մեծ երազանք է»,— եզրափակում է Գոհար Մելիքյանը։
Այսօր Պրահայի հայկական դպրոցը շարունակում է մնալ այն փոքրիկ, բայց ամուր կամուրջը, որը կապում է Չեխիայում մեծացող հայ մանուկներին իրենց արմատների հետ։




