
Գրադարանը հիմնադրվել է Հայաստանի ազգային ակադեմիայից ավելի վաղ՝ որպես ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի գրադարան։ Միայն 1943 թվականին, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրումից հետո, այն դարձել է այն, ինչ այսօր է։
Գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը նշում է, որ տարիների ընթացքում պահոցն այնքան է հարստացել, որ ներկայումս այստեղ պահվում է 3,5 միլիոն միավոր գիրք։ Թեև այն աշխարհում հայագիտական ամենամեծ գրականություն ունեցող գրադարանն է, այն նաև պարունակում է գիտության մնացած բոլոր ճյուղերին առնչվող հարուստ գրականություն։
Ժամանակին համընթաց քայլելով՝ գրքերի մեծ մասն այսօր արդեն թվայնացված է և հասանելի աշխարհի բոլոր ընթերցողներին։ Կարևոր է նաև այն, որ թվայնացվում են Հայաստանում լույս տեսնող բոլոր գիտական հոդվածներն ու ամսագրերը, որոնք ևս հասանելի են ու մատչելի։ Այսօր Հայաստանի ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանը համագործակցում է աշխարհի 150 գրադարանի հետ՝ ստանալով և փոխանակելով նոր լույս տեսած գրքեր։




