AHA collective-ի ցուցասրահում կբացվի փարիզաբնակ արվեստագետ Ալեքսանդր Ավագյանի «Մարմնավորված բնանկարներ» ցուցադրությունը։ Սա նկարչի առաջին անհատական ցուցահանդեսն է Հայաստանում և ներկայացնում է նրա վերջին հինգ տարիների ստեղծագործական զարգացումը։
Ալեքսանդր Ավագյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիան և Էքս-Մարսելի համալսարանը՝ կերպարվեստի տեսության և հետազոտության մասնագիտությամբ։ Ներկայումս ապրում և աշխատում է Փարիզում։ Առաջիկա ցուցադրության մասին հեղինակն ու ցուցահանդեսի համադրող, AHA collective-ի հիմնադիր Նաիրի Խաչատուրյանը կիսվել են իրենց մտքերով։
Նաիրի Խաչատուրյանը նշում է, որ սա AHA collective-ի ցուցասրահում բացվող 6-րդ ցուցադրությունն է։ Որպես համադրող՝ իրեն հետաքրքրում է արդի շրջանի հայ ժամանակակից արվեստը՝ սփյուռքում և մեր տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ իրենց համար կարևոր է, որ ներկայացվող արվեստը լինի հարազատ ներկայի իրադարձություններին ու կոնտեքստներին, իր մեջ կրի ապագայի հետ կապված մտքեր, գաղափարներ։
«Ինձ համար կարևոր է պինգ -պոնգի ընթացքը կամ սկզբունքը, որովհետև արվեստը ուղիղ պատմական գիծը չէ։ Օրինակ, Ալեքսանդրը կարող է ցույց տալ, թե ինչ կապ ունեն իր հարաբերությունները 60-70-ականների արվեստի դրսևորումների ու պատմության հետ»։
Ալեքսանդր Ավագյանն իր հերթին բացատրում է. «Ես սկսեցի հետաքրքրվել տարբեր նյութերով, տեսնել դրանց հատկությունները, և կամաց-կամաց նկարչությունը դուրս եկավ իր երկչափ կոնվենցիոն սահմաններից և տարածվեց ձևերի վրա, որոնք երբեմն կարող են հիշեցնել սահմանաձողեր, պատը պահող պրիմիտիվ կոնտրֆորսեր։ Ըստ էության, բնանկարը ներկայացված չէ որպես թեմա, այլ մարմնավորված է ֆիզիկապես այն տարածքում, որտեղ որ ցուցադրվում է՝ լինի դա ցուցասրահ, թե ինչ-որ մի տարածք»։
Ալեքսանդր Ավագյանի «Մարմնավորված բնանկարներ» ցուցադրության բացումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ժամը 18։00-ին, AHA collective-ի ցուցասրահում (Մոսկովյան 31):




