Դիվանագիտական գործ

Երբ մոր աչքի առաջ զոհվեցին երկու երեխաները. դիվանագետ Տիգրան Գևորգյանի ամենածանր օրը պատերազմական Հալեպում․ «Դիվանագիտական գործ»

Արևելքը եղել ու շարունակում է մնալ հակասություններով, բազմաշերտությամբ ու ճգնաժամերով հարուստ մի աշխարh, որը մի կողմից կարող է հիացնել, մյուս կողմից՝  հիասթափեցնել։

Կատարում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանն արդեն 30 տարի ուսումնասիրում է Արևելքի փոփոխական տրամադրությունը։ Այն իրեն հետաքրքրում է և՛ ի պաշտոնե, և՛ ի սրտե։ Տիգրան Գևորգյանի հետ զրուցել ենք սիրիական պատերազմի ամենամութ օրերի և ամենալուսավոր մարդկանց մասին։

***

-Ընտրությունս կանգնել էր արաբական աշխարհի ուսումնասիրության վրա։ Ինձ շատ էր հետաքրքրում արաբական աշխարհը, մասնավորապես՝ իսլամականը, արաբական աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունները, պաղեստինյան հարցը։ Ինձ շատ հետաքրքրում էին նաև արաբական խոշորագույն կենտրոնները՝ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան՝ թե ՛որպես ֆինանսական կենտրոն, թե՛ որպես քաղաքական կենտրոն։ Եվ այդ առումով ինձ համար, կարծես թե, ամեն ինչ արդեն կանխորոշված էր։

Այն, ինչ Տիգրան Գևորգյանը կանխորոշվածություն է անվանում, մի քիչ էլ թելադրված էր մեկ այլ կարևոր հանգամանքով։

-Իմ ավագ եղբայրը ևս արևելագետ է՝ պարսկագետ։ Նայելով նրան՝ ես, կարծես, ավելի ուղղորդվում էի դեպի այդ մասնագիտությունը։ Եվ երբ արդեն նորանկախ Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց և ձևավորվեց Արտաքին գործերի նախարարությունը, ինձ համար շատ անսպասելի, բայց շատ հաճելի, հրավիրվեցի մասնակցելու Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ինստիտուտի, գրեթե մեկամյա հատուկ դիվանագիտական դասընթացի։

1993 թվականին կազմակերպված դասընթացը տպավորիչ բովանդակություն ուներ․ մերձավորարևելյան հարաբերություններ, միջարաբական հարաբերություններ, արաբական աշխարհ, Եվրոպա-արաբական աշխարհ, արաբական աշխարհ և պոստսովետական շրջան։ Վերադարձից հետո Տիգրան Գևորգյանն արդեն գործի է անցնում ՀՀ ԱԳՆ-ում։

— Ես Ձեզ պետք է ասեմ, որ դա սկիզբն էր, և նախարարությունում շատ-շատ լավ մթնոլորտ էր ձևավորված։ Նախ՝ կոլեկտիվը շատ փոքր էր, և գրեթե բոլորս արդեն միմյանց ճանաչում էինք։ Այդ շենքում ձևավորված մթնոլորտի արդյունքում ձևավորվեց ամենակարևորը՝ թիմային աշխատանքը։ Մենք զգում էինք, որ անում ենք պետքական աշխատանք։

Մասնագիտությամբ պարտադրված պաշտոնական կոստյումն առաջին բանն է, որ մարդիկ պատկերացնում են դիվանգետ բառը լսելիս։ Այս թյուր պատկերացմանն ավելացնենք ևս մեկ հարց ու լսենք պատասխանը՝ իսկ ո՞ր պահից է այդ կոստյումով և փողկապով պաշտոնյան իրեն սկսում լիիրավ դիվանգետ զգալ։

-Միշտ չէ, որ այս աշխատանքը այդքան մաքուր և գեղեցիկ է, ինչպես որ թվում է, բայց, անդրադառնալով հարցին՝ երբ զգացի, որ ես դիվանագետ եմ, կասեմ՝ այն պահից, երբ ես ունեցա երկու շատ կարևոր բան և խորհուրդ կտամ, որ մեր երիտասարդ դիվանագետներն էլ իրենց համար դրանք ձևավորեն՝ ծայրաստիճան պատասխանատվություն և  ծայրաստիճան պրագմատիզմ՝ իրատեսություն։ Որովհետև իրավիճակը ճիշտ չգնահատելու դեպքում չես կարող ընդունել ճիշտ որոշումներ։

***

Պատասխանատվության զգացումն ու իրատեսությունը Տիգրան Գևորգյանին 2014 թվականին տարան Սիրիա՝ Գլխավոր հյուպատոսի առաքելությամբ։ Այդ ժամանակ սիրիական պատերազմը 3 տարեկան էր և հասցրել էր դառնալ տարածաշրջանի ողբերգությունը։ Այն արդեն մոլեգնում էր Հալեպի արվարձաններից ներս՝ ճիշտ այնտեղ, որտեղից պետք է մեկնարկեր Տիգրան Գևորգյանի դիվանագիտական գործունեությունը։

-Դա այն շրջանն էր,  երբ Հալեպն ուղղակի գտնվում էր կրիտիկական վիճակում։ Որոշումը կայացվեց այսպես՝ ինձ կանչեցին Արտաքին գործերի նախարարություն և ասացին, որ պետք է նշանակվես և գնաս Հալեպ։ Ես անկեղծ ասեմ, անգամ իմ տան անդամների՝ իմ կնոջ հետ չեմ խորհրդակցել՝ որոշում ընդունելու համար։ Ես որոշումն ընդունել եմ 5 րոպեում։ Ասել եմ՝ եթե անհրաժեշտ է, ուրեմն ես կգնամ, որովհետև ընդունված էր քաղաքական որոշում առ այն, որ Հալեպում մեր գլխավոր հյուպատոսությունը մեկ րոպե անգամ չպետք է փակվեր։

Դիվանագետի կյանքը միշտ չէ, որ ընթանում է շեփորների հնչյունների ներքո։ Երբեմն ստիպված ես լինում հյուպատոսական աշխատանքով զբաղվել՝ կրակահերթի տակ, պայթյունների ներքո։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ավելի մեծ ցավ է՝ ականտես լինել օտար երկրում հայրենակցիդ ողբերգությանը։

-Ես բնակվում էի հայկական թաղամասում՝ հայերից մեկի բնակարանում, և երկու շատ ուժեղ պայթյուն լսեցինք։ Դրանք շատ մոտ էին։ Ես անմիջապես դուրս վազեցի բնակարանից, բայց ինձ հայկական ինքնապաշտպանության ջոկատի տղաները գրկեցին և ներս տարան, ասացին՝ ներս մտեք, պարոն հյուպատոս, հիմա նորից կընկնի պայթուցիկ։ Չհամբերեցի տանը, նորից դուրս վազեցի ու տեսա, որ մեր տնից մոտ 40 մետրի վրա գտնվող հայի խանութում, որտեղ մայրը աշխատում էր, իսկ երեխաները խաղում էին խանութի դիմաց, պայթյուն է եղել։ Մոր աչքի առաջ երկու երեխաները զոհվեցին՝ քույր և եղբայր։ Իմ տան վրա էլ է ռումբ ընկել երկու անգամ, իմ մեքենայի վրա էլ է ռումբ ընկել ու էլի երկու անգամ, բայց ես դրանցից այդքան չեմ սրտնեղել, ինչքան այդ օրվանից, կարծում եմ, որ այն Հալեպի իմ ամբողջ էպոպեայի ամենածանր օրն է եղել։

Այսպիսի պայմաններում դիվանգետությամբ զբաղվելը մեծ ջանք, սառնասրտություն ու նվիրում է պահանջում՝ չէ՞ որ երբեք չես իմանա, թե քո ո՞ր մի հայրենակցը, ի՞նչ պայմաններում ու ինչքա՞ն շտապ քո օգնության կարիք ունի։

-Այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը ընդունեց որոշում, որ Սիրիայի մեր քաղաքացիներին Հայաստանի քաղաքացու անձնագիրը կարող ենք հանձնել տեղում, այսինքն՝ իրենք չգան Հայաստան, որպեսզի ստանան անձնագիր, այլ մենք հանձնենք տեղում։ Եվ հյուպատոսությունն՝ այդ թվում նաև ես, երեք ամիսը մեկ մեկնում էինք Լիբանան ՝գյուղական ճանապարհներով, կրակահերթերի տակ, որպեսզի դիվանագիտական փոստ ստանանք՝ բազմաթիվ անձնագրերով և անձնագրային գործերով։ Բերում էինք Հալեպ, բաժանում ժողովրդին։

Տիգրան Գևորգյանի կյանքի սիրիական էտապը՝ իր ճգնաժամերով, վեր ու վար տանող պատմություններով հանդերձ, արժեքավոր է նաև պատերազմական պայմաններում ձեռք բերված փորձով և լուծումների դիվանագիտությամբ։ Երկուսն էլ շատ կարևոր են բոլոր՝ կարմիր կետերում նշանակված դիվանագետների համար։

Հավատարմագրերի հանձնումը Բաշշար ալ-Ասադին

-Ես խորհուրդ կտամ չմտածել՝ բայց ինչու՞ պետք է ես այդ «ծանր տեղը» գնամ, հակառակը՝ դու պիտի ուրախ լինես, որ քեզ վստահվել է այդ «ծանր տեղը»։ Ուրեմն, նշանակում է, որ ղեկավարությունը գտնում է, որ դու հենց այն անձնավորությունն ես, որ ճգնաժամային պայմաններում կարող ես կատարել դիվանագետի ծառայությունը։ Խորհուրդ կտամ չընկճվել ոչ մի վայրկյան, երբևիցե չհիասթափվել, քանի որ հիասթափությունը, ի վերջո, բերում է հուսալքության, իսկ այդ պարագայում դիվանագետը իրավունք չունի աշխատելու։ Խորհուրդ կտամ լինել ճկուն և մի քիչ էլ թեթև նայել կյանքին։ Ես լավատես եմ ու միշտ մտածում եմ, որ ամեն ինչ լավ է ավարտվում։ Խորհուրդ կտամ դասեր քաղել և՛ լավ, և՛ «ծանր» օրերից։

Դիվանագիտական գործունեությունն արբական մյուս երկրներում ևս հեշտ չի եղել։ Թվում է՝ յուրաքանչյուր նախորդ փորձ պետք է դյուրին դարձնի հաջորդ ճանապարհը։ Բայց արի ու տես, որ ինչքան շատ արաբական աշխարհի երկրներ, այդքան շատ մշակույթ, հաղորդակցման ձևեր և շփման լեզու։

Սիրիայի բարձրագույն պարգևի հանձնում

-Ես աշխատել եմ արաբական տարբեր երկրներում, և յուրաքանչյուր երկիր կտրականապես տարբերվել է մյուսից։ Օրինակ՝ Ծոցի արաբական երկրներում շատ դժվար է մարդկանց հետ հարաբերություններ հաստատել և այդ հարաբերությունները հետագայում օգտագործել քո աշխատանքի համար։ Շատ ավելի հեշտ է, օրինակ, Եգիպտոսում կամ Սիրիայում, կամ Հորդանանում։ Դրա համար ինչ-որ մի պահ մի տեսակ շոկային, վակումային իրավիճակ է ստեղծվում։ Հետո, իհարկե, ընտելանում, գտնում ես ճանապարհները՝ ինչպես ճիշտ աշխատել, ինչպես մարդկանց հետ կառուցել հարաբերություններ ու շարունակում ես։

***

Հայրեր և որդիներ պայքարը մարդկության պատմության պես հին ու հակասական է։ Բայց այս պայքարը դիվանագետների կատարմամբ ոչ թե հակասությունների, այլ համերաշխության մասին է։ Տիգրան Գևորգյանի որդին՝ Ստեփան Գևորգյանը, նույնպես ընտրել է դիվանագետի մասնագիտությունը և այժմ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության արաբական թերակղզու բաժնի պետն է։

-Գիտե՞ք՝ ինձ չի ասել՝ ես ուզում եմ դառնամ դիվանագետ, մենք չենք քննարկել էդ թեման, ինչո՞ւ, ասեմ, որովհետև երբ որ ես առաջին նշանակումը ստացա Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում՝ որպես դեսպանության 3-րդ քարտուղար, մեկնեցի Լիբանան։ Իմ տղան 5-տարեկան էր և դեռ մանկապարտեզի երեխա էր։ Բայց տարիներ անց, երբ որ Լիբանանից հետո այլ երկրներում աշխատեցի՝ Եգիպտոսում և այլն, կարծես թե արդեն որոշված էր, որ դա չի քննարկվելու, և ինքը դառնալու է դիվանագետ։

Տիգրան Գևորգյանի և որդու հարբերությունները դիվանգիտական փորձի և երիտասարդական ստեղծարարության ամուր համադրությունն է։ Այս ձիգ հանգույցում հակասությունն ու անհամաձայնությունը որևէ տեղ չունեն։

Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

-Ես փորձել և մինչև հիմա էլ փորձում են իրեն ամեն ինչում օգնել, խորհուրդներ տալ, բայց արդեն տեսնում եմ, որ ինքը բավականին կրեատիվ, բավականին արդեն փորձառու, երկու, երեք արտասահմանյան գործուղում անցած մարդ է։ Զգում եմ, որ ինքը ճիշտ ուղու վրա է։ Եթե խորհրդի կարիք ունենում է, ինձ հարցնում է, եթե ոչ, ապա ես իրեն վստահում եմ, ինքը ճիշտ ճանապարհի վրա է։ Առհասարակ, մեր երիտասարդությունը բավականին ստեղծարար, բավականին արագ մտածող, շատ լավ օտար լեզուների տիրապետող, այդ թվում նաև արաբերեն, որը բավականին դժվար լեզու է, և շատ ճկուն միտք ունեցող երիտասարդություն է, որի համար ես իրենց երախտապարտ եմ, և վաղը կամ մյուս օրը հանգիստ կարող ենք հանձնել իրենց ղեկը և անցնել արժանի հանգստի։

Կարդացեք նաև

Back to top button