Կիրակի օրը՝ Բեյրութի հարավային արվարձաններին Իսրայելի ավիահարվածների ժամանակ, սպանվել է «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը։ Դա կտրուկ սրել է իրավիճակը Լիբանանում՝ խմբավորման հետ ձեռք բերված գրեթե 14 ամսվա հրադադարից հետո։ «Հեզբոլլահ»-ը հաստատում է, որ Հայթամ Ալի Թաբատաբային սպանվել է իսրայելական հարձակման ժամանակ: Նա խմբավորման ռազմական թևի երկու բարձրագույն հրամանատարներից մեկն էր և շտաբի ղեկավարը։
Բեյրութի հարավային արվարձաններին Իսրայելի ավիահարվածների ժամանակ «Հեզբոլլահ»-ի շտաբի պետ Հայթամ Ալի Թաբատաբայի սպանությունը կտրուկ սրել է լարվածությունը Լիբանանում՝ խմբավորման հետ ձեռք բերված հրադադարից շուրջ մեկ տարի հետո։
Իսրայելի բանակը հարձակումից մի քանի ժամ անց հայտարարեց, որ «Հեզբոլլահ»-ի շտաբի պետը սպանվել է Լիբանանի մայրաքաղաքում ավիահարվածի ժամանակ։ Լիբանանի առողջապահության նախարարությունն էլ հայտարարեց, որ հարձակման ժամանակ առնվազն հինգ մարդ է սպանվել, վիրավորվել են 28-ը։ Լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ արձակվել է երեք հրթիռ։
Հարվածը հասցվել է բազմահարկ շենքին, որի փլատակներն ընկել են փողոցում կայանած ավտոմեքենաների վրա։
Կիրակի՝ ուշ երեկոյան, «Հեզբոլլահ»-ը հաստատել է, որ, իրենց ձևակերպմամբ, «մեծ հրամանատար» Թաբատաբային սպանվել է Բեյրութի հարավային Հարեթ Հրեյք շրջանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ՝ գրում է The Guardian-ը։
Բեյրութի խիտ բնակեցված Հարեթ Հրեյք շրջանում հրթիռակոծված շենքը «Հեզբոլլահ»-ի հենակետն է։ Իսրայելը այս ամիս ավելի հաճախակի է ավիահարվածներ հասցրել Լիբանանի հարավին։ Այդ հարվածները, ըստ Իսրայելի, նպատակ ունեն խափանելու «Հեզբոլլահ»-ի ռազմական վերածնունդը սահմանից հյուսիս գտնվող բլուրներում։
Այս արշավը, ըստ միջազգային մամուլի, նախատեսված է նաև Լիբանանի իշխանությունների և բանակի վրա ճնշումը մեծացնելու համար և նպատակ ունի արագացնելու «Հեզբոլլահ»-ի զինաթափումը։ Դա անցած տարի ձեռք բերված հրադադարի համաձայնագրի հիմնական պահանջն էր։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարվածից առաջ իր կաբինետին վստահեցրել է, որ Իսրայելը կշարունակի պայքարել ահաբեկչության դեմ մի քանի ճակատով։
«Մենք կշարունակենք անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի «Հեզբոլլահ»-ը չվերականգնի մեզ սպառնալու իր կարողությունը»։
Հարվածից հետո Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Բեյրութի սրտում Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է «Հեզբոլլահ»-ի շտաբի պետի վրա, և որ Իսրայելը վճռական է իր նպատակներին հասնելու համար և գործելու է ամենուր և միշտ։
Բեյրութին հարվածելուց հետո Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հավատարիմ է մնում հրադադարին։ Ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյայի հղում անելով՝ Axios-ը գրում է, որ Իսրայելը Վաշինգտոնին նախապես չի տեղեկացրել հարվածի մասին։
Պարբերականը նշում է, որ Թրամփի վարչակազմը այս մասին տեղեկացվել է հարվածից անմիջապես հետո։ Ի տարբերություն այս տեղեկության՝ ամերիկյան մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա ասել է, որ Վաշինգտոնն օրեր առաջ իմացել է, որ Իսրայելը պլանավորում է ուժեղացնել հարվածները Լիբանանին։
«Հեզբոլլահ»-ի շտաբի պետ 58-ամյա Թաբատաբային այդ կազմակերպության անդամ էր դարձել դեռահաս տարիքում՝ 1980-ականների սկզբին՝ խմբավորման հիմնադրումից անմիջապես հետո։ 2015-ին Իսրայելը փորձել էր սպանել նրան։ Տասը տարի առաջ Միացյալ Նահանգները Թաբատաբայիի նկատմամբ պատժամիջոցներ էր կիրառել՝ նրան անվանելով Սիրիայում և Եմենում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերի հրամանատար։ Վաշինգտոնը 5 մլն դոլար պարգևատրում էր խոստացել նրա ձերբակալմանը նպաստող տեղեկատվության համար։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Թաբատաբային գլխավորել է «Հեզբոլլահ»-ի էլիտար մարտիկներին՝ Սիրիայում Բաշար ալ Ասադին աջակցելու համար, և ենթադրվում է, որ դասավանդել է Եմենի հուսիթներին։ Հուսիթները և «Հեզբոլլահ»-ը սերտ հարաբերություններ ունեն Իրանի հետ՝ հիշեցնում է միջազգային մամուլը։
Ուշագրավ է, որ Թաբատաբային խուսափել է «Հեզբոլլահ»-ի ավագ հրամանատարների դեմ Իսրայելի արշավից նաև 2023-24 թթ․ պատերազմի ժամանակ, որը սկսվել էր 2023–ի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ–ի՝ Իսրայել ներխուժելու պատճառով։ 2024 թ․ սեպտեմբերին Իսրայելի օդային հարվածից Բեյրութում սպանվեց խմբավորման վետերան համարվող Հասան Նասրալլահը, իսկ մի քանի շաբաթ անց հրադադարի ժամանակ սպանվեց «Հեզբոլլահ»-ի ռազմական գրեթե ողջ ղեկավարությունը։
«Հեզբոլլահ»-ը, սակայն, հայտարարում է, որ կատարել է Իսրայելի սահմանամերձ շրջանում իր ռազմական ներկայությունը դադարեցնելու և այնտեղ լիբանանյան բանակի տեղակայման պահանջները։
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը միջազգային հանրությանը վճռականորեն միջամտելու կոչ է արել դադարեցնելու համար իր երկրի վրա Իսրայելի հարձակումները։
«Սա լարվածության սրացում է, որը չենք տեսել երկու կողմերի միջև նոյեմբերի վերջին տեղի ունեցած պատերազմից ի վեր, և Իսրայելի վարչապետի խոսնակը նշել է, որ Իսրայելը սա չի համարում հրադադարի համաձայնագրի խախտում՝ նշելով, որ Իսրայելն իրավունք ունի շարունակելու հետապնդումները Լիբանանի ցանկացած վայրում։ Բեյրութը կրկնում է իր կոչը միջազգային հանրությանը՝ պատասխանատվություն ստանձնելու և վճռականորեն ու լրջորեն միջամտելու, Լիբանանի և նրա ժողովրդի վրա հարձակումները դադարեցնելու համար»։
Դեռ անցած շաբաթ Իսրայելի «Հաարեց» թերթը ընթերցողներին հայտնել էր, որ լարվածության կետն այժմ Լիբանանն է, այլ ոչ թե Գազան։
Իսրայելի հարձակմանն արձագանքել է «Հեզբոլլահ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Մահմուդ Քմատին։ Նա նշել է, որ Իսրայելը հատել է կարմիր գիծը, և որ «Հեզբոլլահ»-ի ղեկավարությունը կորոշի՝ արձագանքի կատարվածին, թե ոչ, և եթե՝ այո, ապա՝ ինչպես։




