
«Հայաստանի տնտեսական զարկերակ, արդար շուկաներ՝ հանուն ներառական աճի»․ ՀԲ-ը վերլուծել է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները։ Զեկույցը հրապարակվում է երկու տարին մեկ։ Նպատակը Համաշխարհային Բանկի ու շահագրգիռ կողմերի հետ երկխոսություն ստեղծելն է։ Համաշխարհային բանկի փորձագետները արձանագրել են, որ այս տարվա առաջին կիսամյակի աճը պայմանավորված էր ծառայությունների ու շինարարության ոլորտների աճով։ Ամենաարագ աճող ենթաճյուղերի թվում են տեղեկատվության ու հեռահաղորդակցության ոլորտը, ֆինանսական ծառայությունները։ Շինարարության ոլորտում ավելի քան 21 տոկոս աճ է արձանագրվել։ Արդյունաբերական թողարկման ծավալը կրճատվել է։
Հայաստանի տնտեսական աճի տեմպը չափավոր դանդաղ է՝ արձանագրում են ՀԲ–ում։ Նշում են՝ սա պայմանավորված է ժամանակավոր գործոնների թուլացմամբ։ Կանխատեսվում է, որ բյուջեի պակասուրդը կավելանա՝ 2025–ին կազմելով ՀՆԱ––ի 5 տոկոսը։ ՀԲ ավագ տնտեսագետ Վիկի Չեմութայը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ տվյալները ներառում են մինչև այս տարվա օգոստոսը․
«Ելնելով այդ տվյալներից՝ կանխատեսում ենք, որ 2025–ին Հայաստանի տնտեսական աճը 5․2 տոկոս կկազմի։ 2026–ին այն կնվազի՝ 4․9 տոկոս։ Աճի, այսպես ասենք՝ սառեցում ենք կանխատեսում»։
ՀԲ փորձագետները արձանագրել են՝ Հայաստանի տնտեսական աճն ապահովվել է մասնավոր սպառման հաշվին։ Արտահանման ու ներմուծման ծավալները նվազել են, օտարերկյա ներդրումները՝ նույնպես, մոտենալով պատմական նվազագույնին՝ 2024–ին կազմելով ՀՆԱ–ի 0․3 տոկոսը։ 2025–ի առաջին կիսամյակում ներդրումները փոքր–ինչ ավելացել են՝ հասնելով ՀՆԱ–ի 0,5 տոկոսի։ ՀԲ ավագ տնտեսագետ Վիկի Չեմութայը ընդգծում է՝ Հայաստանի տնտեսությունը ծառայությունների ոլորտով է առաջորդվում։ Անդրադառանալով ներդրումների նվազմանը, տնտեսագետն ասում է․
«Երբ դիտարկում ենք ներդրումների տեմպի դանդաղումը, առաջինը տարածաշրջանի անվտանգային ռիկսերն են, որոնք ներդրողները հաշվի են առնում։ Իսկ Հայաստանի դեպքում տեսնում ե նք նաև այն, որ վերջին տարիներին ներդրումների նվազումը պայմանավորված է եղել ռուս–ուկրաինական պատերազմով։
Միգրանտների, կապիտալի, դրամական փոխանցումների ներհոսքը ավելացավ։ Կնշենք այն կառուցվածքային բարեփոխումները, որոնց շնորհիվ Հայաստանի ներդրումային դաշտը կբարելավվի»։
ՀԲ–ն վերլուծել է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներն ու, ընդհանրապես, մրցակցային դաշտը՝ ամփոփելով «Հայաստանի տնտեսական զարկերակ, արդար շուկաներ՝ հանուն ներառական աճի»․ վերլուծականում։ ՀԲ ուսումնասիրության համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական աճը պայմանավորված էր ծառայությունների ու շինարարության ոլորտներում արձանագրված աճով։ Արդյունաբերական թողարկման ծավալը կրճատվել է։ Ըստ ՀԲ փորձագետների, Հայաստանի ընթացիկ հաշվի պակասուրդը մեծացել է՝ հասնելով ՀՆԱ–ի 4․4 տոկոսի՝ 2024–ի առաջին կիսամյակի 1․6 տոկոսի փոխարեն։ Նույն ժամանակահատվածում զբոսաշրջության ոլորտն է աճել։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղյակ է ՝ զեկույցում նշված է, որ տնտեսվարողները դժգոհ են անընդհատ փոփոխվող հարկային քաղաքականությունից։ Նախարարը խոստանում է՝ առաջիկայում կփորձեն այնպիսի համակարգ ներդնել, որը օրենսդրությունն ավելի կանխատեսելի կդարձնի։
«Լուրջ ենք ընդունել այս քննադատությունը, համաձայնել ենք դրա հետ։ Որոշել ենք՝ 2026–ից ՀՕ փոփոխությունները կապելու ենք բյուջետային գործընթացի հետ։ Հարկեր – ՀՆԱ հարաբերակցությունը փոքրացնելու մեծ տեղ չունենք՝ հաշվի առնելով, թե որքան կարևոր ենթակառուցվածքային և սոցիալական ծախսերի հետ ենք մենք բախվում։ Այստեղ մեծ նվազեցումների տեղ չունենք, միևնույն ժամանակ մեծ ավելացումների ամբիցիա չունենք, որովհետև հասկանում ենք, որ Հայաստանում հարկերի բարձրացումը այս փուլում, համենայնդեպս, չի կարող բերել արդյունավետության բարձրացման, և մենք պետք է ավելի շատ փող թողենք մեր տնտեսվարողներին»։
ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն ընդգծում է՝ զեկույցը հրապարակվում է երկու տարին մեկ։ Նպատակը ՀԲ ու շահագրգիռ կողմերի երկխոսության հնարավորություն ստեղծելն է։ Ինչպես կարող է մրցակցությունը նպաստել տնտեսական աճին, աշխատատեղերի ավելացմանն ու երկրի զարգացմանը։ Նա հարց է տալիս ֆինանսների նախարարին՝ ներկայացնելով նաև տնտեսական աճի իր դիտարկումները․
«Կան բազմաթիվ բարեփոխումներ, որոնք իրականացվել են այս կառավարության կողմից։ Դրանք բոլորը բազմաթիվ պտուղներ են տվել։ Աճի տեմպը աստիճանաբար նվազում է, բայց այն կուռ և ուժեղ է։ Կարո՞ղ եք մեզ ուղղակի ներկայացնել, թե լրացուցիչ ինչ բարեփոխումներ է նախատեսում կառավարությունը բիզնես միջավայրի հզորացման, մրցակցության համար»։
Ֆինանսների նախարարն ընդգծում է՝ վերջին տարիներին ՀԲ –ի հետ հարաբերությունները լուրջ բովանդակություն են ստացել։ Հայաստանը կարևոր ծրագրեր է իրականացնում ՀԲ–ի հետ համատեղ, օրինակ՝ առողջապահության ապահովագրությունը, որը ներդրվելու է 2026–ից։
«Ըստ էության կարելի է ասել, որ ՀԲ մեծ դերակատարում ունի այս բարեփոխման հաջողության պատմության մեջ։ Դա վերաբերում է կրիտիկական այլ կարևորություն ունեցող ոլորտների»։
Հայաստանում տնտեսական աճը զուգորդվում է աղքատության նվազման, աշխատավարձերի ու աշխատատեղերի աճով՝ արձանագրում է Հովհաննիսյանն ու կարևորում ներդրումների ներգրավումը, քանի որ դա ոչ միայն ֆինանսի, այլև գիտելիքի մասին է։ Ֆինանսների նախարարը հույս ունի, որ առաջիկայում կյանքի կկոչվի «Ներդրումների մասին» օրենքը։




