
«Մենք նավթ չունենք, բայց ունենք մշակույթ։ Նավթը մի օր կսպառվի, իսկ մշակույթը՝ երբեք»։ Այս գաղափարախոսությամբ է ասպարեզ իջնում նորաստեղծ Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհուրդը, որի նպատակն է վերջ դնել Սփյուռքի հատվածականությանը և մեկտեղել հայության ամենահզոր ներուժը՝ ի շահ Հայաստանի պետականության։
Խնդիրը՝ մեկուսացում, լուծումը՝ համակարգում
110 տարի շարունակ Սփյուռքը գործել է «սփյուռքեր» տրամաբանությամբ։ Նիցցայից մինչև Լոս Անջելես, Մարսելից մինչև Բեյրութ՝ հայկական համայնքներն ունեցել են հզոր մշակութային միություններ, դպրոցներ և խմբեր, սակայն գործել են մեկուսացած՝ առանց միասնական ռազմավարության։ Խորհրդի ատենապետ Կիրկոր Աժդերխանյանի համոզմամբ՝ այս մասնատվածությունը թույլ է տալիս օտարներին յուրացնել մեր արժեքները։ «Եթե դու չգիտես քո արժեքների գինը և չես կարողանում համախմբվել դրանք պաշտպանելու համար, հարևանդ իրավունք ունի այն գողանալու»,– նշում է նա՝ ընդգծելով, որ մշակույթն այսօր վերածվել է ազգային անվտանգության խնդրի։


Ֆրանսիական մոդելից՝ համաշխարհային ցանց
Նախաձեռնությունը սկիզբ է առել Ֆրանսիայից, որտեղ հաջողվել է մեկ հարկի տակ համակարգել 33 քաղաքների հայկական մշակութային ներուժը։ Այժմ այդ մոդելը տեղայնացվում է գլոբալ մակարդակով։ Ստեղծված խորհուրդը (գլխամասը՝ Ստրասբուրգում, գործադիր մարմինը՝ Երևանում) նպատակ ունի ոչ թե նոր կառույցներ ստեղծել, այլ կապել եղածները՝ ձևավորելով իտալական, իսպանական, ամերիկյան և այլ երկրների հայ մշակույթի կենտրոնացված ցանցեր։
Միանալ՝ կառուցելու կամ չխանգարելու համար
Խորհրդի գործունեության հիմքում դրված է հստակ սկզբունք՝ համախմբվել ոչ թե անձնական կամ կուսակցական, այլ համազգային շահի շուրջ։ Կիրկոր Աժդերխանյանը իր խոսքում հստակ ուղերձ հղեց բոլորին՝ ձևակերպելով համագործակցության պարզ, բայց խորիմաստ բանաձևը․ «Մեզ կարող են միանալ օգնելու համար, կամ չմիանալ՝ չխանգարելու համար»։ Նա ընդգծում է, որ այսօր ժամանակը չէ մեջտեղ ելնելու, ընդհանուր շահերը քանդելու համար։ Միավորվել է պետք բացառապես ստեղծելու, սարքելու և մեր մշակութային խորանարդներն իրար վրա դնելով՝ ամուր կառույց ստանալու նպատակով։


Կարևոր իրադարձություն. նոյեմբերի 21–22-ը՝ Երևանում
Խոսքից գործ անցնելու առաջին լուրջ քայլը տեղի է ունենալու հենց այս օրերին։ Նոյեմբերի 21–22-ին Երևանում կկայանա Հայկական մշակույթի և արվեստի առաջին համաշխարհային ֆորումը։ Մասշտաբը՝ նախատեսված 200 մասնակցի փոխարեն գրանցվել է 450 մարդ։
Վայրերը՝ համաժողովի աշխատանքները կընթանան Ֆիլհարմոնիկ համերգասրահում (Առնո Բաբաջանյան սրահ), Ազգային պատկերասրահում և «Մեգերյան Կարպետ»-ում։ Օրակարգը՝ քննարկվելու է մշակութային դիվանագիտության ռազմավարությունը. ինչպես կարող է մշակույթը ծառայել պետությանը և ինչպես պետք է համակարգվեն Սփյուռքի և Հայաստանի ջանքերը։
Հայացք դեպի ապագան
Խորհուրդը չի սահմանափկվում միայն համաժողովներով։ Ծրագրերում են՝
- Մշակութային ֆինանսավորման գագաթնաժողով, ներդրումային մեխանիզմների ստեղծում արվեստի համար։
- «Նավասարդյան խաղեր»-ի վերափոխում՝ դրանք դարձնել միջազգային մշակութային մրցույթներ։
- Հոգևոր երաժշտության փառատոն՝ Sacred Music Festival-ի կազմակերպում հաջորդ տարի։
Այս նախաձեռնությունը վեր է քաղաքական տարաձայնություններից։ Այն կոչ է՝ կառուցել ընդհանուր տունը, որտեղ հայկական մշակույթը կլինի ոչ թե անցյալի հուշ, այլ ապագայի երաշխիք։ Ու ինչպես նշում է Կիրկոր Աժդերխանյանը․ «Մենք կարող ենք սարեր շուռ տալ, եթե սովորենք միասին աշխատել»։




