Հրադադար հաստատելուց հետո զոհվել Է ավելի քան 240 մարդ
Գազայում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկսված պատերազմի ընթացքում այսօրվա դրությամբ զոհվել Է ավելի քան 61160 մարդ: Պաղեստինցիները և իսրայելցիները Միացյալ Նահանգների միջնորդությամբ հրադադար են կքել, բայց դրանից հետո էլ մարդիկ են զոհվում:
Անցած շաբաթ օրն իսրայելցի զինվորների արձակած կրակից երեք պաղեստիցի է սպանվել: Ըստ Գազայի առողջապահության նախարարի, հոկտեմբերի 10-ին հրադադար կնքելուց հետո զոհվել Է ավելի քան 240 պաղեստինցի:
Չմոռանանք, որ այս պատերազմի ամենաթեժ շրջանում 1 օրում կարող էր այդքան պաղեստիցի սպանվել: Հիմա օրակարգում Գազայի վերականգնումն Է: Գազա քաղաքը և նույնանուն հատվածի մյուս ավանները հիշեցնում են ատոմային ռմբահարման ենթարկված Հիրոշիման:
Նոր շարժում՝ «Մենք կվերականգնեն Գազան»
Պաղեստինցի ակտիվիստները և ՄԱԿ-ի գործակալությունները նախաձեռնել են արշավ, որի կարգախոսն է «Մենք կվերականգնեն Գազան»:
Հիմա Գազայի հատվածում մաքրման աշխատանքներ են: Նախաձեռնությանը միացել են բնակիչները, կամավորները և ՄԱԿ-ի գրասենյակի անդամները:
Ամջադ ալ-Շավան Պաղեստինում մարդու իրավուքների հարցերով անկախ կազմակերպության ղեկավարն է, նա է այդ նախաձեռնության ջատագովներից մեկը:
«Ժամանակն է, որ մենք բոլորս միավորվենք՝ վերջ դնելու այս տառապանքին և աշխարհին ուղերձ հղենք, որ այս հողում կա այն, ինչի համար արժե ապրել, և որ մենք կյանք ստեղծելու ունակ ժողովուրդ ենք»- ասել է ալ-Շավան։
«Իմ երեխաները երկու տարի դպրոց չեն հաճախել»
Մարդկանց պետք է ապահովել սնունդով, բուժօգնությամբ, քիչ թե շատ տանելի կացարաններով, պետք է ամոքել նրանց անհաշիվ ֆիզիկական և հոգեկան վերքերը: Ցանկացած պատերազմից նախևառաջ տուժում են խոցելի խմբերը, դիցուկ՝ անմեղ երեխաները:
Բնականոն պայմաններում նրանց միակ առաքելությունն է՝ սովորել: Բայց ուսումն ու պատերազմն անհամատեղելի են:
Բիսսան Յունիսը փախստական Է Ռաֆահից: Նրա խոսքով, շատ վտանգավոր Էր զավակներին դպրոց ուղարկել:
«Պատերազմի երկու տարվա ընթացքում իմ երեխաները դպրոց չեն հաճախել, քանի որ ես վախենում էի նրանց համար։ Ամենուրեք ռմբակոծություններ էին, վախ և սարսափ, և ես նրանց ինքնուրույն էի սովորեցնում»,- ասել է Յունիսը։
21 հազար ուսանող և աշակերտ է զոհվել
Գազայի կրթության նախարարության խոսնակ Մոհամադ Նասարի փոխանցմամբ, պատերազմից առաջ ուսումնական հաստատություններում գրանցված էր 650 հազար աշակերտ և ուսանող:
«Մոտավորապես 21,000 ուսանողներ նահատակվեցին, իսկ տասնյակ հազարավորներ վիրավորվեցին։ Զոհվեց մոտ 800 ուսուցիչ, կան նաև բանտարկված, վիրավոր և անհետ կորած մանկավարժներ»,- ասել է Նասարը:
«Մոռացել են այն ամենն, ինչ սովորել են»
Դպրոցներն ավերակների են վերածվել, երեխաները սովորում են քիչ թե շատ կանգուն տնակներում կամ վրաններում: Խան Յունիսից տեղահանված Թահրիր ալ-Օվեյնին նշում Է, որ այս սարսափլի վիճակը չէր կարող չազդել երեխաների գիտելիքի վրա:
«Հարցրեք երեխաներին որևէ բանի մասին՝ չգիտեն: Մոռացել են այն ամենն, ինչ սովորել են: Նրանց կյանքը վերջին երկու տարիների ընթացքում եղել է միայն ջրամաններ լցնելը, մեքենաների հետևից վազելը, պատերազմը, Համասը, ռմբակոծությունները, ավերածությունները: Նրանք այս երկու տարիների ընթացքում ապրել են ավերածությունների, վախի և սարսափի մեջ: Մենք ապաստան ենք գտել այս դպրոցում, քանի որ մեզ և մեր երեխաների համար ուրիշ տեղ չկար»,- ասել է ալ-Օվեյին:
Պաղեստինցիները միևնույն է չեն հեռանում Գազայից
Չի կարելի ասել, թե Գազայի կրթական համակարգում «ծանր պայմաններ են», քանզի այդպիսիք պարզապես բացակայում են, բայց կյանքը միևնույն է շարունակվում է, և տեսանելի ապագայում «Մենք կվերականգնենք Գազան» ծրագրի անբաժան մասը նաև կրթությունը կլինի:
Համենայն դեպս, պաղեստինցիները չեն ցանկանում հեռանալ այդ դժբախտ տարածքից ու համառորեն պնդում են, որ «Մերձավոր Արևելքի Հիրոշիման» է նրանց հայրենիքը:




