Դիվանագիտական գործ

Մենք ե՞րբ ենք դառնալու Սինգապուր. Հայաստանի դեսպանի պատասխանը․ «Դիվանագիտական գործ»

Հայաստանի դիվանագիտական դպրոցի ևս մեկ ներկայացուցիչը Սերոբ Բեջանյանն է, Մալազիայում, Սինգապուրում և Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։

Սերոբ Բեջանյանը տասնամյակների փորձ ունի արտաքին քաղաքականության ամենաբարդ ճյուղերում։ Նրա աշխատանքային ճանապարհը սկսել է պետության արտաքին քաղաքականության ձևավորման առաջին օրերից՝ լինելով դիվանագիտական համակարգի կայացման ականատեսն և մասնակիցը։

Սերոբ Բեջանյանի հետ խոսել ենք առցանց։ Դիվանագիտական մի շարք հարցերի կողքին  քննարկել ենք նաև, թող տարօրինակ չհնչի՝ Հայաստանում վթարների կանխարգելման դիվանգիտական լուծումերն ու իհարկե հնչել է՝ բա ե՞րբ ենք դառնալու Սինգապուր, հարցի պատասխանը։ Այս ամենի մասին՝ հերթով։

***

Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետն ավարտած Սերոբ Բեջանյանի դիվանագիտական ուղին սկսվել է այն կետից, երբ Հայաստանը նոր էր անկախացել, իսկ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն էլ ընդամենը բաժին էր։

-Առաջին անգամ ՀՀ ԱԳՆ այցը 1992 սկզբին եղավ, երբ որ այցելեցի փոխնախարար, նախարարի պարտականությունները կատարող Արման Ջոնի Կիրակոսյանին։ Այդ ժամանակ քննարկում էինք տարբերակներ՝ ստեղծելու դիվանագիտական դպրոց կամ մեր բաժինը բերելու արտգործնախարարությանը կից, որովհետև էդ ժամանակ ընդամենը մի քանի տասնյակ աշխատակից ուներ արտգործնախարարությունը։ Այն դեռ կայացման փուլում էր, ու այդ օրվանից էլ կապը նախարարության հետ չէր կտրվում։ Մենք մեր պրակտիկաներն էինք անում ԱԳՆ-ում։ Երբ ունենում ես մի աշխատատեղ, այնտեղ ապրում ես մի ամբողջ կյանք, ու այն արդեն քո տունն է դառնում։

Համագործակցության հաստատում և գիտական համաժողով ԵՊՀ-ի և Ինդոնեզիայի միջազգային իսլամական համալսարանի միջև

Նորանկախ երկրի նոր անկախացող դիվանագիտական քաղաքականությունը իր ձևավորման սաղմնային փուլում էր։ Սկզբին բնորոշ անորոշությունը սովորելով հաղթահարած Սերոբ Բեջանյանն ու իր համակուրսեցիները հաշվի էին նստում մի կարևոր իրականության հետ՝ նրանք Հայաստանի Հանրապետության նոր ձևավորվող արտաքին քաղաքականությամբ են զբաղվելու։

-Ներքին զրույցներում իրար հետ խոսելիս միշտ ասում էինք, որ պետք է մեր գործը լավ անենք, այսինքն՝ մեզ տրված է մեծ պատիվ ոչ միայն սովորել այս մասնագիտությունն, այլ նաև դառնալ առաջիններից։ Մեր ամենասիրելի տեղը համալսարանում պատճենահանման արտադրամասի Մարտինի մոտ էր։ Ովքեր համալսարանում եղել են, վստահաբար կհիշեն Մարտինին։ Երբ որ մի գիրք էինք ճարում, դե գրականությունն էլ հիմնականում ռուսերեն էր, ու պատճենում էինք, հետո բոլորս իրար մեջ էինք բաժանում, ու դրանք էժան չարժեին, թեև գրեթե ինքնարժեքով էին, ու ես մինչև օրս դրանք պահում եմ։

Սա Սերոբ Բեջանյանի՝ դիվանագետ դառնալու պատմության շարունակությունն է միայն։ Իսկ ահա սկիզբն իմանալու համար մենք պետք է գնանք նրա դպրոց՝  6-րդ դասարան, ու լսենք Հայրենական պատերազմի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած պատմության ուսուցիչ ընկեր Խաչատրյանի դասերը, որոնք Սերոբ Բեջանյանի մոտ քիչ-քիչ հասունացնում էին դիվանագետ դառնալու որոշումը։

-Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին խոսելուց ներկայացնում էր այդ ամբողջ դետալները՝ Պոտսդամ,  Թեհրան, Լեհաստանի սկիզբը, այդ ամբողջ նյուանսները, որոնք ամբողջական դիվանագիտություն էին։ Այսինքն, փաստացի, մենք պատմություն չէինք անցնում, այլ անցնում ենք դիվանագիտության պատմություն, որոնք ինձ համար նույնական են։

Այդ ժամանակից արդեն իմ մեջ ունեի որոշումը, որ գնալու եմ այս ուղղությամբ։ Չմոռանամ նշել նաև մուսալեռցի և արցախցի պապերիս հետ երկար զրույցները։

***

Երկու տասնամյակից ավելի դիվանագիտական գործով զբաղվող Սերոբ Բեջանյանի կարիերան դեպի վեր տանող աստիճան է հիշեցնում։ Այս տարիների ընթացքում դեսպան դառնալուց առաջ նա հասցրել է զբաղեցնել ՀՀ ԱԳՆ տարբեր պաշտոններ՝ այդ թվում Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնը:

-Երիտասարդ դիվանագետներին միշտ խորհուրդ եմ տալիս, որ անպայման գան ու առնվազն 1 կամ 2 տարի աշխատեն մամուլի և հանրային դիվանագիտության վարչությունում։ Այն որակներ է ստեղծում դիվանագետի համար, իր ամբողջ կյանքի համար՝ աշխատելու չնորմավորված, աշխատելու 24/7 ռեժիմով, տեղեկացված լինելու ամեն ինչի մասին, կապ ունենալու բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, ինչպես նաև գրելու, խոսելու, դիվանագիտական լեզուն ուսումնասիրելու, արվեստին տիրապետելու որակներ։

Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտո

Հետաքրքրվում եմ ՝ ի՞նչ զգացողություն է մարդն ապրում, երբ սկզբում լուսաբնում է այլ դեսպանների հավատարմագրերի հանձնումը, իսկ հետո հավատարմագրեր հանձնողը ինքն է դառնում։

— Դա այնքան սովորական բան է արդեն դարձել, որ տարբեր երկրներ տարբեր պրոտոկոլների են հետևում՝ մի տեղ ձիերով են գալիս, կառքով են տանում, մի տեղ՝ զորախմբով։ Արդեն այդ ամենը լուսաբանելուց հետո, թվում է, թե ամեն ինչ սովորական է։ Ու առաջինը, որ հանձնեցի, մոտավորապես կես տարվա մեջ 3 հավատարմագրում ունեցա՝ Ինդոնեզիա, Սինգապուր, հետո՝ Մալազիա, և դեռ կովիդյան սահմանափակումները կային, և նախագահի հետ ընդունված առանձնազրույցը, ասացին, որ հնարավոր է, որ չկայանա։

Սինգապուրի նախագահն այդ ժամանալ Հալիմա Յակոբին է։ Նա մուսուլմանություն դավանող առաջին կին նախագահն էր, ում հետ նորանշանակ դեսպանը, ըստ արարողակարգի, պետք է նախքան հավատարմագրերը հանձնելը 10 րոպեանոց զրույց ունենար։

Զրույց Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբի հետ՝ հավատարմագրերի հանձնումից հետո

-10 րոպեն դարձավ շուրջ 1 ժամ։ Ու մենք զրուցում էինք հայկական համայնքից, հայկական ժառանգությունից։ Հաշվի առնելով Սինգապուրի՝ իրենց ունեցած ժառանգության նկատմամբ վերաբերմունքը, որ  դեռևս դպրոցական հասակից, նույնիսկ մանկապարտեզային տարիքից իրենք իրենց ծանոթացնում են ունեցած ժառանգության հետ, ես գիտեի, որ այդպես է լինելու, ու նախագահն ինձ պատմեց, որ 2-րդ դասարանում իրեն տարել էին հայկական եկեղեցի, ներկայացրել էին եկեղեցին, հայերի մշակույթը, հայկական ժառանգությունը, որ հայերը թողել են Սինգապուրում։ Իհարկե, դա ոգևորող էր։

Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ Սինգապուրն այն երկիրն է, որը մեզանում առանձնահատուկ ընկալում ունի։ Օգտվելով այն առիթից, որ իմ զրուցակիցը Սինգապուրում ՀՀ դեսպանն է՝ ես հնչեցրի ինձ և ձեզ հուզող կարևոր հարցերից մեկը՝ մենք ե՞րբ ենք դառնալու Սինգապուր։

-Ով ուզում ես` եղիր,  այստեղ օրենքը քեզ չի խնայում։ Այս երկրի ազգային տոնի տոնակատարությանը նայում ես, ոգևորվում ես՝  ո՞նց են մի քանի միլիոն մարդ, բոլորը ներդաշնակ անում նույն գործողությունը, բոլորն իրար օգնում են, բոլորն իրար ժպտում են, բոլորն իրար բարևում են։ Իրենք մի սկզբունք ունեն, որ հանրության սկզբունքներից է, կոչվում է փոխօգնություն։ Դա արևելյան փիլիսոփայության մասնիկներից է։ Կարո՞ղ ենք մենք դառնալ Սինգապուր՝ չգիտեմ, սրտանց չգիտեմ,

Արևելյան այս փիլիսոփայությունը Սերոբ Բեջանյանի համար  ուսումնասիրության թեմա է դարձել ու լավագույն փորձի կոչում ստացել։ Այն ոչ միայն ապրելակերպ է, այլ նաև, կզարմանաք, բայց ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցման խնդրի լուծման բանալին։

Հավատարմագրերը հանձնումը Մալայզիայի թագավոր Աբդուլահ Յանգ դի-Պերտուան Ագոնգին

-Երեք տարի Ինդոնեզիայում եմ, ես վթար չեմ տեսել։ Որ պատկերացնեք ինչ ծավալի մասին է խոսքը, այստեղ ամեն օր շուրջ 30 միլիոն տրանսպորտային միջոց է դուրս գալիս փողոց, որոնցից մոտ 15-ից-17 միլիոնը մոտոցիկլետներ են։ Այսինքն՝ ջրի պես հոսում է այստեղ երթևեկությունը, բայց շատ խիտ է, դրա համար ինչ-որ փոքր տեղ գնալուց, 3,4 կիլոմետրանոց տեղի համար կես ժամ է պետք։ Բայց չես լսի ազդանշան, իրար նկատմամբ կշտաբանք չկա, երբ որ մեկը մյուսին զիջում է, շնորհակալություն են հայտնում, դա իրենց կուլտուրայի մեջ է։

***

Երկարամյա դիվանգետի աչքի ընկնող առավելություններից մեկը փորձն է, այն գիտելիքը, որը նա ձեռք է բերել մեծ դժվարությամբ, բայց կարող է ապագա դիվանագետների փոխանցել հեշտությամբ։

 -Ամենամեծ առավելությունն, որ կարող է դիվանագետն ունենալ տարիների ընթացքում, իր փորձն է: Ունենալ փորձ ու այն հնարավորինս ի նպաստ դնել երիտասարդ դիվանագետների պատրաստմանը, իրենց օգնել, որ իրենք մի քայլ առաջ գնան։ Այն ճանապարհը, որ պիտի անցնեին որոշ ժամանակով, քո օգնությամբ իրենք ճանապարհը կանցնեն ավելի կարճ ժամանակում։

Սերոբ Բեջանյանի ընտանիքը

Սերոբ Բեջանյանն իր դիվանագիտական հարուստ փորձով ցանկանում էր կիսվել նաև սեփական զավակների հետ։ Օրերից մի օր Բեջանյանների ընտանիքում մի կարևոր ժողով էր։ Սերոբ Բեջանյանն իր կնոջ հետ, որը նույնպես միջազգային հարաբերությունների մասնագետ է, փորձում էին իրենց զավակներին համոզել շարունակել ընտանեկան ավանդույթն ու ընտրել դիվանագետի մասնագիտությունը։

-Երկուսն էլ արդեն որոշված ասացին՝ կներեք, ծնողներ, ձեզ շատ սիրում ենք, բայց մենք մեր երեխաներին կուզենք ուրիշ մանկություն և ձեր մասնագիտությունը չենք ընտրի։ Բայց կմնանք մեր սիրելի հայրենիքում, կաշխատենք մեր սիրելի հայրենիքում։ Աղջիկս, դրսում ավարտելով, վերադարձավ Հայաստան, տղաս Ամերիկյան համալսարանը ավարտեց, ծրագրավորող է։ Նրանք սիրում են իրենց աշխատանքը, և ես դրանով ուրախ եմ։

Կարդացեք նաև

Back to top button