Օրերս Երևանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոն թատերական հանդիպումների 7-րդ թողարկումը, որը կենտրոնացած էր ժամանակակից ֆրանկոֆոն թատրոնի նշանավոր հեղինակ, դրամատուրգ Մատեի Վիշնիեկի ստեղծագործությունների վրա։ Վիշնիեկի պիեսները թարգմանվել և բեմադրվել են 40-ից ավելի երկրներում։ Միջոցառմանը մասնակցել է նաև անձամբ հեղինակը։
Ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում դրամատուրգի, թատերական ընթերցումներ, Մատեի Վիշնիեկի պիեսների հայերեն թարգմանությունների ժողովածույի շնորհանդեսը։Նախագծի համահիմնադիր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) Թատրոնի ֆակուլտետի դեկան Լուսինե Աբգարյանը նշում է, որ Վիշնիեկը շատ բազմաձայն հեղինակ է։
«Իր հետ հանդիպումները հենց այդպես էլ խորագրել ենք։ Անդրադառնում ենք նրա պատմական թեմայով վերաիմաստավորումներին, քանի որ նա սիրում է գրել «գրականություն գրականության մասին»։ Նա երկրորդ կյանք է տալիս կամ շարունակում է Չեխովյան պերսոնաժների կյանքը, վերաիմաստավորում է Բեքեթի Գոդոյի կերպարը և այլն»,- ասում է Լուսինե Աբգարյանը։
«Ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ» նախագիծն արդեն յոթ տարի է, ինչ Հայաստան է բերում միջազգային լավագույն դրամատուրգներին՝ հայ հանդիսատեսին ներկայացնելով թատերական մտքի նորագույն և ամենաարժեքավոր նմուշները։ Ծրագրի կարևորագույն առաքելություններից է այդ գործերի թարգմանությունը, հրատարակումը և տարածումը հայ ընթերցողների և թատերասերների շրջանում։




