
Պարտադիր կրթությունը Հայաստանում ապահովված է օրենքով, բայց այսօր էլ կան երեխաներ, որոնք չեն հաճախում դպրոց։ Ի՞նչ են անում նրանք այդ ժամանակ, և ո՞վ է պատասխանատու, երբ երեխայի կրթությունն ընդհատվում է։

«ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում երեխայի կրթությունից դուրս մնալու խնդիրները մասնավորապես վերաբերում են, օրինակ՝ ուսումնական հաստատությունների հասանելիությանը և մատչելիությանը։ Խիստ մտահոգիչ է, որ կան անգամ նոր կառուցվող, վերակառուցվող, հիմնանորոգվող ուսումնական հաստատություններ, որոնք ևս ունեն մատչելիության ապահովման հետ կապված բազմաթիվ խնդիրներ»,- ասում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը։
ՆԳՆ-ի համակարգում գործող ոստիկանությունը (հատկապես՝ համայնքային ոստիկանություն, անչափահասների գործերով բաժին) հայտնաբերում է այն երեխաներին, որոնք դպրոց չեն հաճախում։

«Կրթությունից դուրս մնացած երեխաների խնդրի հետ մենք առնչվում ենք վերջին փուլում, երբ արդեն գործ ենք ունենում անչափահասի կողմից հանցագործություն կամ իրավախախտում կատարելու փաստի հետ։ Խնդիրը վերաբերում է նաև թափառաշրջիկությամբ և մուրացկանությամբ զբաղվող անչափահասներին։ Այստեղ մեծ խնդիր է տեղեկատվության փոխանցումը, որը պետք է կատարվի սահմանված կարգով։ Եվ այս օղակից ՏԻՄ—ը պետք է դուրս չմնա։ Պետք է լինի եռակողմ համագործակցություն՝ դպրոց—ՏԻՄ, հետո նոր ոստիկանություն»,- ասում է ՆԳՆ Համայնքային ոստիկանության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը։
Թեև պետական մակարդակով կան մեխանիզմներ՝ կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու ուղղությամբ, բայց դեռ ապրում ենք ժամանակներում, երբ ծնողը կարող է կամայական երեխային դպրոց չուղարկել։

«Իհարկե, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ կան, որոնք պատասխանատու են պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների համար։ Դրանով զբաղվում են մարզպետարանները և ԿԳՄՍ նախարարությունը։ Բայց, արդեն հաջորդ սեպտեմբերից, մարզպետարանների լիազորություններն էլ են սահմանափակվելու և կրթության կառավարումը, բացի վարչատնտեսական բաղադրիչից, ամբողջությամբ անցնելու է նախարարությանը։ Այստեղ ես վտանգ եմ տեսնում, որ մենք Երևանից չենք կարողանալու այդ 1400 դպրոցներին վերահսկել»,- ասում է ԵՊՀ դասախոս,փիլիսոփա, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։




