
Գյումրիում մեկնարկել է Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 160-րդ թատերաշրջանը: Հարուստ ավանդույթներ ու պատմություն ունեցող թատրոնն այս անգամ ևս հանդիսատեսին ու հյուրերին ներկայացել է ինքնատիպ երաժշտական ներկայացումով, իսկ նախասրահում ցուցադրվել են թատրոնի խաղացանկի ամենանշանակալի ներկայացումների բեմական հագուստներն ու հոբելյանական թատերաշրջանի առիթով հրատարակված լուսանկարների ալբոմը:
1863 թվականի մայիսի 23-ին առաջին անգամ բարձրացավ Ալեքպոլի քաղաքային ակումբի վարագույը և Ալեքսանդր Մելիք – Հայկազյանի ստեղծած թատերախումբը հանդիսատեսին ներկայացրեց իր առաջին բեմադրությունը՝ «Շուշանիկը»: Հենց այսպես սկսվեց Գյումրիի դրամատիկական թատրոնի կենսագրությունը։ Թատրոն, որի հարուստ պատմությունն ու ավանդույթները այսօր հասել են նոր սերնդին: Արհեստավորների քաղաք Ալեքպոլում թատրոն ունենալը ժամանակի հրամայականն է եղել, ասում է Գյումրիի դրամատիկական թատրոնի դերասան Տիգրան Գաբոյանը:
«Ժամանակի մամուլը ֆիքսում է մի փաստ, որը հիմք է հանդիսացել նաև Ռազմիկ Մադոյան թատերագետին գրելու Գյումրու 100 տարվա պատմությունը 1965 թվականին: Եվ որն է այստեղ ուշագրավը, որ ասում է՝ բացվեց քաղաքային ակումբի վարագույրը, ազդարարվեց ներկայացումը և այդ օրը Գյումրիում համաժողովրդական ցնծություն էր: Այսօր կարծես հանգամանքների բերումով նույն այդ ցնծությունով մենք նշում ենք մեր 160 ամյակը, որովհետև սա հենց այնպես թատրոն չէ, սա պահանջն է եղել ժամանակի, որ այս թատրոնը պիտի ծնվի»:
Թատրոնը դարձել է քաղաքի մշակութային կենտրոնը: Մշտապես հենց այստեղ են մեկտեղվել գյումրեցի արվեստագետներն ու ստեղծել բեմարվեստի մնայուն ու հեղինակավոր գործեր: Գյումրեցիները հպարտորեն ժառանգել ու 160 տարի կրում են Հայաստանի ամենահին թատրոնն ունենալու պատիվը՝ թատերաշրջանի բացման արարողության ժամանակ նշում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Գյումրու թատրոնը մեր ամենահին թատրոններից մեկն է, թերևս ավելի հին, քան երևանյան թատրոնները: Եվ այդ պատմությունը կերտել են մարդիկ առաջին հերթին և բազմաթիվ մեծանուն արվեստագետներ, որոնք այս թատրոնի մի շատ կարևոր մասն են: Այդ մարդկանցից մեկի անունը կրում է թատրոնը, բայց այդ մարդիկ շատ են եղել ու ես ուզում եմ, որ մենք այսօր առանձնահատուկ շնորհակալություն և մեր հարգանքի տուրքը մատուցենք այն մարդկանց, որոնց շնորհիվ այսօր թատրոնը կա և զարգանում է»:

Հայ թատրոնի մեծերն են ստեղծագործել, աշխատել ու երբեմն նույնիսկ բնակվել Գյումրիի դրամատիկականում՝ Վարդան Աճեմյան, Խորեն Աբրահամյան, Ալբերտ և Մհեր Մկրտչյաններ, Նիկոլայ Ծատուրան: Սիրված արտիստների խաղը տեսնելու համար հազարավոր գյումրեցիներ էին շտապում թատրոն, իսկ թատրոն գալը գյումրեցու համար բոլոր ժամանակներում էլ մի ուրիշ հպարտություն ու ավանդույթ է եղել։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյան․ «Մեր քաղաքի ամենախիտ մշակութային գույներից մեկը 160 տարեկան է, և ես հուզված եմ նույնքան, որքան հուզված է յուրաքանչյուր թատրոնական, հուզված եմ այնքան, որքան հուզված է յուրաքանչյուր աճեմյանցի, և թերևս խանդավառ եմ այնքան, որքան խանդավառ էին հին Ալեքպոլի կամարապատ փողոցներով դեպի երկրի առաջին թատրոնը շտապող իմ համաքաղաքացիները: Ու տա Աստված, որ սրանից 160 տարի հետո էլ միմյանց նույն խանդավառությամբ ու հուզումով շնորհավորելու առիթն ունենան թատրոնը սիրող ու թատրոնի մարդիկ»:
Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդական հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյան․
«Մեր արվեստագետները 160 տարի խնամել, փայփայել ու էսօր մեզ են հասցրել մեր դրամատիկական թատրոնը, որը լեգիտիմ հնարավորություն է տալիս ու լեգիտիմացնում է մեզ գյումրեցիներիս կոչվելու մշակութային մայրաքաղաք, կոչվելու հայրաքաղաք և ինչու չէ՝ լեգիտիմացնում է մեր մի քիչ գլուխ գովալը»:
Գյումրիի թատրոնի դռները միշտ բաց են եղել հանդիսատեսի առջև։ Աճեմյանցիները բեմ են բարձրացել անգամ 88-ի ավերիչ երկրաշարժից ամիսներ անց և փոշու, փլատակների մեջ կորած քաղաքի բնակիչներին ներկայացել կատակերգությունով: Դա ռիսկային քայլ էր՝ հիշում է այդ տարիներին թատրոնի ղեկավար Հակոբ Ղազանչյանն ու վերհիշում գյումրեցի հանդիսատեսի բուռն ծափահարությունները․
«Էստեղ, երբ որ առաջին ներկայացումը՝ «Սիրո ապարդյուն ճիգերը» երկրաշարժից հետո խաղացինք, ես շատ անհանգիստ էի, որովհետև մտածում էի՝ դեռ տարին չբոլորած, ինչպես կարելի է կոմեդիա խաղալ։ Դուք տեսնեիք՝ ինչպես ընդունեց դահլիճը, դուք չեք պատկերացնում՝ ինչպես ընդունեց դահլիճը: Շքեղ զգեստներ, շքեղ ձևավորում, Ռուբեն Հախվերդյանի հրաշալի երաժշտությունը,Գրիշա Սարգսյանի անկրկնելի ձևավորումը շքեղության մեջ էր։ Այո շարունակեք մնալ հետաքրքիր, ինչպես որ հիմա եք»:
Աճեմյանցիներին այսօր էլ մեծ սպասումով ու կարոտած է ընդունում հանդիսատեսը: Վերջին տարիների ամենավարկանշային ներկայացումները դիտելու են գալիս մայրաքաղաքից ու մարզերից: Ինքնատիպ թատերական ձեռագիր ունեցող թատրոնը մշտապես ներկայանում է ժամանակի շնչով հագեցած բեմադրություններով ու հիացնում հանդիսատեսին: Հոբելյանական թատերաշրջանը աճեմյանցիները երգերով բացեցին՝ մեքսիկականից մինչև հայ ազգային:
Թատերաշրջանի առաջին ներկայացումը հանդիսատեսը չդադարող ծափահարություններով գնահատեց: Առաջիկայում ևս երկու առաջնախաղ է լինելու: Ակտիվ ստեղծագործական կյանքով ապրող թատրոնը նաև հյուրախաղերի կմեկնի ու հայկական թատերական մշակույթը կներկայացնի միջազգային փառատոններում։




