
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջերում տեսանյութ է տարածել, որում բացատրում է, թե ինչ է խորհրդանշում Հովհաննավանքի այսօրվա պատարագը:
«Պրոբլեմն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը, իր արդեն հայտնի խմբակի հետ, պղծության շղթաների մեջ է կալանել մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Նրանք ամենևին մեր Տեր և Ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ուսմունքը և վարդապետությունը չեն տարածում, այլ տարածում են պղծություն, կոռուպցիա և քրեական ենթամշակույթ: Մեր սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել և այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը»,-ասել է նա:
Հովհաննավանքի կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը հրաժարվել է դուրս գալ Հովհաննավանքից: Տեր Արամը (աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը) հայտարարել էր, որ պատրաստվում է կիրակնօրյա մեծ պատարագի։
Վարչապետն էլ նշել էր, որ պատրաստվում է մասնակցել Հովհաննավանքի կիրակնօրյա պատարագին։
«Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին»,- հայտարարել է Փաշինյանը:
Վաղ առավոտից Հովհաննավանքի տարածքում ոստիկանական ուժեր են հավաքված։
Պատարագը նախատեսված է 10․00-ին։




